Archive for May, 2011

Հանքերը դո՞ւրս են գալիս ստվերից

(Աղբյուրը՝ «Լրագիր»

Հեղինակ՝ Նաիրա Հայրումյան)

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը, խորհրդարանում ներկայացնելով 2010 թ բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, հայտարարել է, որ հաշվետու տարում արդյունաբերական արտադրության ոլորտում գրանցվել է 9.7 տոկոս աճ: Դա հիմնականում ապահովվել է լեռնահանքային արդյունաբերությունում 24.3 տոկոս աճի շնորհիվ:

Պարզվում է, որ 2010 թ. 325 առավել խոշոր ձեռնարկություններն ապահովել են բյուջեի հարկային մուտքերի 50 տոկոսը: Հիմնականում դրանք էներգետիկայի և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում աշխատող ձեռնարկություններն են: Լեռնահանքային արդյունաբերությունը ապահովել է 18 մլրդ դրամ հարկային մուտքեր 2009 թ 0 ցուցանիշի դիմաց:

Լեռնահանքային ասպարեզում իրավիճակը գործնական օրակարգ է մտել այն բանից հետո, երբ միջազգային ֆինանսական կազմակերպություններն ահազանգ են բարձրացրել, որ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերությունը, չնայած ակնհայտ գերշահույթին, կապված մետաղների գների աճի հետ, աշխատում է ստվերում և գրեթե հարկեր չի վճարում: Կառավարությանը խիստ նախազգուշացում են տվել, որ մինչ վարկեր ստանալը իշխանությունները պետք է լուծեն այս հարցը:

Արդյունքում, կառավարության նախաձեռնությամբ ԱԺ մտցվեց ընդերքի վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում զգալիորեն բարձրացվում են հարկային պարտավորությունները: Միևնույն ժամանակ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ եթե լեռնահանքային արդյունաբերությունը Հայաստանում համարվում է եկամտաբեր ոլորտ, ապա դա դեռ չի նշանակում, որ այն պետք է խոշոր հարկերի տակ դնել:

Լեռնահանքային արդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առավել կարևոր ճյուղերից մեկը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանն այդ ոլորտում աշխատող ձեռնարկատերերի հետ հանդիպումից հետո: Նա նշել է, որ ԱԽ նիստում գալիք 3 տարվա համար հարկային և մաքսային բարեփոխումների ծրագիր է մշակվել:

“Պարզեցնելով հարկայի և մաքսային վարչարարությունը, մենք հույս ենք դնում տնտեսվարող սուբյեկտների ընկալման վրա”, ասել է նա, տեղեկացնելով, որ ձեռնարկատերերը, իրենց հերթին, խոստացել են գալիք 3-3.5 տարվա ընթացքում կրկնապատկել արդյունավետության ծավալները:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ համեմատած 2009 թ հետ, 2010 թ ոլորտում շրջանառությունն աճել է 85 մլրդ դրամով: “Իսկ հարկերի առումով այդ ցուցանիշը 7.9 մլրդ դրամից աճել է 16.9 մլրդ դրամի: 2010 թ լեռնահանքային արդյունաբերության տեսակարար կշիռը արդյունաբերության մեջ կազմել է 17.7 տոկոս:

Լեռնահանքային արդյունաբերությունը կարգավորող Հայաստանի օրենսդրությունը խոշոր թերություններ ունի, կարծում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Այս ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտները հումքի արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկ չեն վճարում, ասում է նա և ավելացնում, որ տնտեսվարող սուբյեկտները շահագրգռված չեն նոր ներդրումներ կատարելու մեջ, քանի որ, միևնույն է, գերշահույթներ են ստանում: Ինչպես կարծում է ՀՅԴ խմբակցության ղեկավարը, լեռնահանքային արդյունաբերության ոլորտում խնդիրները կարելի է լուծել միայն ձեռնարկությունների ազգայնացման և դրանց հիմքի վրա խոշոր պետական կորպորացիա ստեղծելու ճանապարհով:

Սակայն, ակնհայտ է, որ ոլորտը ստվերից հանելու համար պետք է դրա գույքագրումն իրականացնել: Հասարակությանը հայտնի չէ, թե ինչպիսին է Հայաստանի ընդերքի պոտենցիալը, ինչպես է օգտագործվում, ում կողմից, ինչպիսի եկամուտներ են ստացվում: Իսկ եթե չգիտես, թե որքան են եկամուտներն ու շահույթները, ապա հարկերը հաշվել ը պարզապես անհնար է: Հարկերի ծավալը կախված կլինի հարկատուի խղճից և իշխանության հետ նրա հարաբերությունից:

Advertisements

Leave a comment

Մահվան լուրն ո՞վ պիտ տանի

(Աղբյուր՝ «Լրագիր»)

Հրապարակ օրաթերթը հետաքրքիր տեղեկություն է հրապարակել այն մասին, թե ինչպես է “բռնվել” սոցապ ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը ծառայությունում ստուգումներ է անցկացրել, եւ բացահայտվել են խոշորածավալ յուրացումներ: Խոսվում է այն մասին, որ թոշակները շարունակում էին դուրս գրվել վաղուց մահացած մոտ 60 հազար մարդկանց անունով:

Ըստ Հրապարակ թերթի, Վազգեն Խաչիկյանը Թբիլիսիում հաճախ էր քեֆեր անում, եւ ահա մի քեֆի ժամանակ, գինովցած վիճակում, նա պարծենում է, թե ինչ մեխանիզմներ է ներդրել սոցապ ծառայությունում: Այս ամենը տեսաձայնագրվում է եւ հայտնվում համապատասխան մարմիններում:

Թերթը չի մանրամասնում` արդյոք Վրաստանի հատուկ ծառայություններն են դա արել, թե տեսաձայնագրել են քեֆի այլ մասնակիցները: Իսկ սա բավական էական հանգամանք է:

Եթե Վրաստանի հատուկ ծառայություններն են դա տեսաձայնագրել, նշանակում է միջազգային սկանդալ կլիներ Խաչիկյանին չպատժելը: Կարելի է ենթադրել, որ վրացիներն այդ տեսաձայնագրությունը տրամադրել են միջազգային կառույցներին, եւ Խաչիկյանին չպատժելը կդառնար ապացույց այն բանի, որ վերջինս “կիսվում է” բարձրագույն իշխանության հետ` թե փողով, թե փաստացի 60 հազար “պատրաստի ընտրողներով”: Նշենք, որ 60 հազարը քվեարկությանը սովորաբար մասնակցողների մոտ 5 տոկոսն է: Այսինքն, այդ ձայները կարելի է ինչպես յուրացնել, այնպես էլ ասենք “քաղաքական լավություն” անել որեւէ կուսակցության:

Իսկ եթե այդ տեսաձայնագրությունը կապ չունի հատուկ ծառայությունների հետ, նշանակում է, որ ինչ որ մեկը “վատություն է արել” Խաչիկյանին: Այսինքն, Հայաստանում տարիներ շարունակ ոչ ոք գլխի չէր ընկել այդ մասին, եւ միայն Խաչիկյանի հարբած “ինքնախոստովանությունից” հետո են հասկացել: Սակայն սա անհավատալի է. հիշեցնենք, որ խոսքը մոտ 60 հազար մահացած մարդկանց վրա դուրս գրված հսկայական գումարների մասին է: Եւ ոչ թե, ասենք, 100, կամ նույնիսկ 1000, որոնց հարազատների հետ կարելի էր համաձայնության գալ եւ “կիսվել”: Թեեւ, այս դեպքում էլ խնդիրներ կառաջանային այսպես կոչված “մահվան թղթերի հետ”:

Այսինքն, դժվար թե Խաչիկյանը տարիներ շարունակ “չկիսվեր” փողով ու “ընտրողներով”: Կամ գուցե դադարե՞լ էր արդեն “կիսվել”:
Միով բանիվ, Հրապարակը գրում է, որ տեղեկություններ ունի, որ Վազգեն Խաչիկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, հոգեկան առողջության մասին է խոսքը: Հայտնի է, որ “գժի թուղթ” ունեցողներին չեն դատում:

Leave a comment

Վտանգավոր հայտարարություններ է արել

(Աղբյուր՝ Հրապարակ)

Երեկ կրկին Ազգային ժողովում խոսք է գնացել Սոցիալական ապահովության պետական ծառայության եւ դրա նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մասին: Վերահսկիչ պալատի նախագահն իր հաշվետվության մեջ անդրադարձել է հիմնադրամում հայտնաբերված խախտումներին եւ դրանց արդյունքում դատախազություն ուղարկված նյութերին: Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս գործի բացահայտման նախապատմության մասին:

Մեր աղբյուրը պատմում է, որ իր պաշտոնավարած շրջանում Խաչիկյանը հաճախ էր մեկնում Վրաստան՝ հանգստանալու եւ զվարճանալու: Կերուխումերից մեկի ժամանակ նա գինովցած վիճակում մի շարք՝ իր համար վտանգավոր հայտարարություններ է արել, որի ժամանակ պատմել է, թե ինչ «ավանդույթներ» են մշակվել իր ղեկավարած հիմնարկում:

Նաեւ այլ պաշտոնատար անձանց անուններ է տվել, ովքեր մասնակից են ու կողմ են այդ «ավանդույթների» պահպանմանը: Ասում են՝ այդ հարբած խոստովանությունները տեսագրվել ու ձայնագրվել են, ապա դրվել համապատասխան անձանց սեղաններին, ինչը եւ ճակատագրական է դարձել Խաչիկյանի համար: Մեր տեղեկություններով, վերջին օրերին Խաչիկյանի առողջական վիճակը կրկին վատացել է, սակայն ասում են՝ այս անգամ հոգեկան առողջության մասին է խոսքը: Նրա հետ կապվել չի հաջողվում անգամ ընկերներին:

Leave a comment

Մահացած կենսաթոշակառուների տարեկան բյուջեն

(Աղբյուր՝ 1in.am)

2010 թ.-ին կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացի օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից 14 տարածքային բաժիններում ընտրանքային ստուգմամբ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ ներկայացրած հաշվետվության ժամանակ մասնավորեցրեց հետևյալները`

1. Մահացած կենսաթոշակառուներին վճարված գումարներ.

2008, 2009 թթ. և 2010 թ. ութ ամիսների կտրվածքով մահացած կենսաթոշակառուների թիվը եղել է 58,921:
Ընտրանքային կարգով ստուգվել է 843 գործ: Հայտնաբերվել է տարբեր բնույթի 581 խախտում:

Մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար: 2005 թ. օգոստոսին մահացած կենսաթոշակառուն 2009 թ. հուլիսին «դիմել և ստացել է» 1,024,404 դրամի չափով դեպոնենտային գումար:

Մահվանից հետո կենսաթոշակառուի անվամբ պարբերաբար վճարվել է ամենամսյա թոշակ:
Կենսաթոշակառուն մահացել է 02.09.2005 թ., սակայն մինչև ստուգման պահը «վճարվում էր կենսաթոշակ»: Մահվանից հետո «վճարված» գումարը կազմում է 1.1 մլն դրամ:

2. Դեպոնենտի ձևով կատարվող վճարումների մասով.
2008, 2009 թթ. և 2010 թ. ութ ամիսների կտրվածքով դեպոնենտ ստացող կենսաթոշակառուների թիվը կազմում է 14.287 հոգի:

Ընտրանքային կարգով ստուգվել է 1,656 գործ:
Հայտնաբերվել է տարբեր բնույթի 1,157 խախտում:

Դեպոնենտը վճարվել է արդեն վճարված ժամանակաշրջանի համար (կատարվել է կրկնակի վճարում):

Կենսաթոշակառուին 2008 թ. հոկտեմբերին միանվագ վճարվել է 6 ամսվա կենսաթոշակ: Վճարումը կատարելուց 3 ամիս հետո արդեն վճարված ժամանակաշրջանի համար կրկին կատարվել է վճարում:

Դեպոնենտի վճարում կատարելուց հետո այն տեղեկատվական բազաներում ներկայացվել է որպես «չվճարված 2009 թ. օգոստոսին կենսաթոշակառուին վճարված 1 մլն 85 հազ. դրամի չափով դեպոնենտի գումարը տարածքային տեղեկատվական բազայում ներկայացվել է որպես «չվճարված»:

Դեպոնենտի վճարումից հետո տվյալ գործը կրկին մնում է ցուցակում և ներկայացվում է որպես դեպոնենտ:
Համաձայն գործող կարգի` դեպոնենտի վճարումից հետո կենսաթոշակառուի գործը պետք է տեղափոխվի կենսաթոշակի ընթացիկ վճարման ռեժիմ:

Այսպես օրինակ` կենսաթոշակառուին 2009 թ. դեկտեմբերին վճարվել է 978,000 դրամ դեպոնենտ գումար, որից հետո գործը կրկին մնացել է դեպոնենտի ցուցակում: Վերահսկիչ պալատի աշխատակցի տնային ստուգայցով պարզվել է, որ կենսաթոշակառուն 15 տարի առաջ մեկնել է ԱՄՆ` մշտական բնակության:

Առանձին դեպքերում տարածքային բաժիններից բացակայում են կենսաթոշակառուների գործերը:
Քանաքեռ-Զեյթուն տարածքում չի հայտնաբերվել 19 թոշակառուի գործ: Կենսաթոշակառուին 2008թ. ապրիլին վճարվել է 807,000 դրամ դեպոնենտային գումար, սակայն պարզվել է, որ կենսաթոշակառուն մահացել է 1990 թ. սկզբին: Կենսաթոշակառուի անձնական գործերը չկան:

Աշխատանքային ստաժի հաշվարկման վերաբերյալ.

Համաձայն «Լիանա» ՍՊԸ-ի տեղեկանքի` քաղաքացին ընկերությունում աշխատել է 1973-2008 թթ., սակայն պարզվել է, որ «Լիանա» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 1995 թ.-ին (22 տարվա կեղծ աշխատանքային ստաժ):

3. «Վետերանների պատվովճարներ» ծրագրի վերաբերյալ.

Պատվովճար նշանակվում է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Լենինգրադի բլոկադայի մասնակիցներին և համակենտրոնացման ճամբարների անչափահաս գերիներին: Ամսական գումարի չափը` 20.000 դրամ: 2008, 2009 թթ. և 2010 թ. ութ ամիսների կտրվածքով պատվովճար ստացող վետերանների թիվը եղել է 12,100 մարդ:

Ընտրանքային կարգով ստուգվել է 85 գործ:
Հայտնաբերվել է տարբեր բնույթի 11 խախտում:

Պատվովճար նշանակվել է պատերազմի վետերան չհանդիսացող անձանց: 1959 թ. ծնված անձը համարվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից և 2007 թ. նոյեմբերից մինչև ստուգման պահը ստացել է պատվովճար:

Պատվովճար վճարվել է մահացած վետերաններին: Վետերանը մահացել է 2007 թ. փետրվարին, սակայն պատվովճարի վճարումը շարունակվել է մինչև 2010 թ. հունիս ամիսը: Պետական բյուջեից ավելի է վճարվել 800,000 դրամ:

Այլ երկրների քաղաքացիություն ստանալուց հետո պատվովճարի վճարումը շարունակվել է:
Վետերանը 2008 թ. մարտից դարձել է ՌԴ քաղաքացի, սակայն ստուգման պահին ստանում էր պատվովճար: Պետական բյուջեից ավելի է վճարվել 600,000 դրամ:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը համապատասխան պետական մարմիններում առկա տեղեկության հիման վրա կենսաթոշակառուների վերաբերյալ իրական տվյալները չի ճշտել, չի համադրել և սխալները չի ուղղել. արդյունքում նախադրյալներ են ստեղծվել կատարելու նշված խախտումները:

2011 թ. հունվարից թոշակների վճարումները ՀՀ կառավարության որոշմամբ իրականացնում է «Հայփոստ» ընկերությունը:

Վերահսկիչ պալատի և «Հայփոստի» միջև աշխատանքային համագործակցության արդյունքում, արդեն 2011 թ. հունվար ամսին չի վճարվել 20,650 թոշակառու, որը հնարավորություն է տվել պետական բյուջեից տնտեսել 1 մլրդ 365 մլն դրամ (հիմք` «Հայփոստի» Վերահսկիչ պալատ ուղարկած պաշտոնական տեղեկանքը):

Փետրվար ամսին չի վճարվել 19,816 թոշակառու, որը հնարավորություն է տվել պետական բյուջեից տնտեսել 1 մլրդ 601 մլն դրամ:

Բացի այդ, վերահսկողությամբ արձանագրվել է նաև մարզպետարաններում և համայնքներում կեղծ փաստաթղթերի հիման վրա նպաստներ ստացած նպաստառու չհամարվող ընտանիքներ, որոնք հիմնականում թաքցրել կամ կեղծել են հաշվառման համար հետևյալ կարևոր հանգամանքները`
կենդանիների և հողերի իրական թվաքանակն ու ծավալը, եկամուտներ ունենալու փաստը, ընտանիքի կազմի վերաբերյալ տվյալները, ծածկագրերի ոչ ճիշտ կիրառումը և այլն:

Նշված խախտումները հիմնականում համայնքների ղեկավարների կողմից տրված սխալ տեղեկանքների, նպաստառուների ներկայացրած սխալ տեղեկատվության, ինչպես նաև ՍԾՏԳ-ների աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանք են:

Leave a comment