Archive for November, 2010

$20.8 Million Pledged in Armenia Fund Telethon

(Source՝ Asbarez)

HOLLYWOOD– Armenia Fund concluded its 13th International Telethon on Thursday by raising $20.8 million in pledges. The live 12 hour show aired from KCET Hollywood Studios and reached millions of households globally.

The live program featured a rich presentation of Armenian music and entertainment, as well as celebrities, political and community leaders, and long time Armenia Fund supporters and donors.

The Telethon culminated Armenia Fund’s global fundraising campaigns that included Phone-a-thons, gala dinners, and benefit concerts, as well as the annual benefit gala held in Moscow and the 11th Pan-European Phone-a-thon held in Paris.

Much of the money raised this year came as pledges during live the  telethon, while $8 million was donated by Russian-Armenian businessmen at a fundraising gala in Moscow attended by President Serzh Sarkisian last week. According to Armenia Fund, another $1.8 million was contributed by thousands of Armenians in Europe who took part in a “phoneaton” held this month. The Yerevan-based fund, which has offices in major Armenian communities abroad, will continue accepting contributions from residents of Armenia until the end of this year.

The majority of donations from this year’s telethon will finance the building or refurbishing of drinking water and irrigation networks in villages across Karabakh. The rest of the money is to be spent on other infrastructure projects in the Nagorno-Karabakh Republic and border villages in Armenia proper.

Karabakh has been the main beneficiary of such assistance ever since the fund’s establishment in 1992. Some $15 million raised by it last year was mostly channeled into the reconstruction of the war-ravaged town of Shushi.

To date, Armenia Fund has implemented some 700 large and small infrastructure projects worth a total of more than $200 million. That includes the construction of hundreds of kilometers of roads, water pipes and gas transmission lines, as well as over 400 apartment buildings and houses. The fund has also built or repaired 218 schools and 34 healthcare facilities in Armenia and Karabakh.

Asbarez will provide extended coverage of the telethon and provide more information as it becomes available.

Advertisements

Leave a comment

Ծաղկաձորը` Ծախսաձոր

(Աղբյուր՝ «Հրապարակ»

Հեղինակ՝ Համբարձում Համբարձումյան)

Տարվա այս ժամանակահատվածում, երբ ամռան շոգ օրերը ետեւում են մնացել, իսկ ձյունառատ օրերը դեռ առջեւում են,  կարող ես մեկ-երկու ժամ պտտվել Ծաղկաձոր քաղաքով եւ մարդ չտեսնել: Լավագույն դեպքում մի քանի հովեկներ, կանգառում Հրազդան-Ծաղկաձոր երթուղայինին սպասող մի քանի ուղեւորներ, հրապարակի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանական մեքենան եւ արագությամբ անցնող թանկարժեք մեքենաներ՝ մուգ ապակիներով: Հիմա Ծաղկաձորը կարող է գրավել  մաքուր օդով, անաղմուկ հանգստությամբ եւ անտառով, որի մի մասը բաժան-բաժան է  արված, պարսպապատված, եւ ծառերի սաղարթների միջից դուրս են ցցվում շքեղ դղյակների աշտարակները:

Ծաղկաձորում «Ծախսաձոր» անունով սպորտային հագուստի խանութ կա, որ հաջող հումորի եւ բարձրորակ գովազդի շնորհիվ առեւտուր անելու ցանկություն չունեցող անցորդին առատաձեռն հաճախորդ է դարձնում: Խանութի պատերից ու առաստաղից տասնյակ ցուցանակներ են կախված, որոնց վրա գրված է. «Շատ մի մտածի, կվերջանա», «Ո՞վ ա ասում, թե թանկ ա», «Ժլատություն մի արա՝ ծախսի»…  Այդ խանութի անունը ինչ-որ իմաստով բնորոշում է նաեւ քաղաքը, բայց եթե խանութում գներն իսկապես մատչելի են, նույնը չենք կարող ասել հյուրանոցային համալիրների եւ հանգստյան տների մատուցած ծառայությունների հաշվով:

Առաջին հայացքից, երբ տեսնում ես Ծաղկաձորի կենտրոնական բարեկարգ փողոցները, կառուցված եւ կառուցվող հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք կոնկրետ աշխատատեղեր են  ապահովում, թվում է, թե ծաղկաձորցիները պետք է որ գոհ լինեն իրենց կյանքից, բայց գնա ու տես, որ այդպես չէ: Ըստ ծաղկաձորցիների՝ կառուցված հյուրանոցներում եւ հանգստյան տներում մեծամասամբ ծաղկաձորցիներ չեն աշխատում, իսկ եղած աշխատանքն էլ սեզոնային է, աշխատավարձերը՝ ցածր: «Որ էս շքեղ շենքերը տեսնում եք, մտածում եք ծաղկաձորցին աշխատանք ունի, բայց գնացեք տեսեք՝ ծաղկաձորցիները տանը անգործ նստած են»,-ասում է տեղացի տղամարդը, երբ նրան ասում եմ, թե ծաղկաձորցիները պետք է որ աշխատատեղերով ապահովված լինեն:

Բարձրահասակ, կարիքի ծանրության տակ ծռված մեջքով այդ տղամարդը հանգստյան տներից մեկում է աշխատում` ամսական 30  հազար դրամ աշխատավարձով: «Ասում են ճգնաժամ ա, բայց որ դրանց հագած-կապածին, կերած-խմածին, դրանց քշած մեքենաներին եմ նայում… Ես չեմ հասկանում, դու կարա՞ս ինձ բացատրես` ինչ բան ա էդ ճգնաժամը: Ինձ որ հարցնեք` ոչ մի ճգնաժամ էլ չկա, ճգնաժամը դրանց հոգու մեջ ա»,- ասում է 30 հազարով երեք երեխա պահող հայրը:

Մոտ 1500 բնակչությամբ Ծաղկաձորը  քաղաքի կարգավիճակ ունի եւ որովհետեւ քաղաքին հարիր չէ, որ հարթ ասֆալտի վրա անասուն ման գա, արտասահմանցիներին խրտնեցնի եւ Ծաղկաձորում իրենց հանգիստն անցկացնող մեր մեծ ու փոքր պաշտոնյաների, մանր ու միջին օլիգարխների հոտոտելիքն էլ թարմ թրքահոտով խուտուտ տա, քաղաքապետը մոտ տասը տարի առաջ արգելել է Ծաղկաձորում անասնապահությամբ զբաղվել: «Որ չարգելեր էլ,-ասում է հետս զրուցող տղամարդը,-մեկ ա, համարյա անասուն պահող չկար, որովհետեւ հանդերը բաժան-բաժան են արել ու արոտավայր չէր մնացել: Բայց մենք անասունից լրիվ զուրկ չենք: Ինչ հաստավիզ տավարի ցավ ասես՝ տեսնում ենք մեր քաղաքում, ու քաղաքն էլ նրանցն ա, մերը չի»:

Ծաղկաձորցու կարծիքը կարելի էր եւ սուբյեկտիվ համարել, բայց պարզվում է՝ Ծաղկաձորը հնուց ի վեր արտոնյալ դասին է  պատկանել, եւ այսօր այդ ավանդույթը միայն շարունակվում է: Դրա մասին նույնիսկ գրված է Ծաղկաձոր քաղաքի կայքում, «Պատմական ակնարկ» խորագրի տակ. «Ծաղկունյաց լեռների հարավ-արեւելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները եւ նախարարները (իշխանները): Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր մեղմ, առողջարար կլիմայով: Դարեդար Ծաղկաձորը մնացել է իշխանների տիրապետության տակ»: Երբ քաղաքապետի մասին էի հարցնում, ծաղկաձորցիների կարծիքները կիսվեցին:

Մի քանիսն ասացին. «Լավ տղա ա, քաղաքը մաքուր ա պահում»: Ոտքի վրա զրույցի բռնված ծերերի փոխարեն նրանց կողքի երիտասարդն ասաց. «Ինչ ասեմ, տեսնում ես, էլի, հանգստյան գոտի ա, բայց մեր մեծերը մի տեղ չունեն, որ հանգիստ նստեն զրուցեն»: Մի քանի օրվա ծանոթ մի ծաղկաձորցու հարցրեցի՝ ի՞նչ կարծիքի է քաղաքապետի մասին, ասում են՝ լավ մարդ ա: Ասաց. «Շատ լավն ա: Իր համար, էդ պուզատիների համար ընտիր տղա ա: Սարերը ծախեց՝ դրեց ջեբը, դրա լավը ո՞րն ա: Բայց ես քեզ ասեմ, էսօր ինձ էլ մի քիչ վլաստ ու փող տան, ես էլ եմ նույնը անելու, որովհետեւ էդ հոգեբանությունը արդեն սաղիս մեջ մտել ա»: Երկար ու տաքացած խոսեց ծանոթս, մեր իշխանություններին սրտի ուզածի չափ քննադատեց, հայհոյեց եւ վերջում կեսկատակ ավելացրեց. «Դուք՝ ժուռնալիստներդ, վտանգավոր մարդիկ եք: Մենակ թե բռնել չտաս ինձ՝ էրեխեքի տեր եմ»:

Սուտ կլինի, եթե ասենք, թե ծաղկաձորցիները սոցիալական խիստ ծանր վիճակում են: Հայաստանում հարյուրավոր գյուղեր ու տասնյակ քաղաքներ կան, որտեղ այդ սեզոնային գործն էլ չկա ու ընդհանրապես ոչինչ չկա: Բայց մեզ հանդիպած ծաղկաձորցիներն ավելի դժգոհ էին իրենց կյանքից, քան սահմանամերձ գյուղերի ունեզուրկ շատ բնակիչներ: Պատճառն այն չէ՞ արդյոք, որ նրանք երեւի ամենաշատն են տեսնում քյարթու կապիտալիզմի մրցապայքարում «հաղթած» մեր պաշտոնյաների եւ օլիգարխների զեխությունը, էլիտար «կայֆեր-կայծերը» եւ ավելի խորն են ապրում իրենց պարտությունը, ավելի ցավագին են տանում իրենց ստորացված վիճակը:

Leave a comment

Վարչապետի դասը ուսանողներին չհետաքրքրեց

(Հեղինակը՝ Գայանե Սարիբեկյան

Աղբյուրը՝ «Հրապարակ»)

Երեկ Ուսանողների միջազգային օրն էր: Որոշ պաշտոնյաներ կատարյալ տոն դարձրին օրը՝ անձամբ բուհ այցելելով: Արմեն Աշոտյանն ու Տիգրան Սարգսյանը  առավոտ գիշերով ժամանել էին Երեւանի ճարտարապետության եւ շինարարության, ինչպես նաեւ ճարտարագիտական համալսարաններ: Կարմիր ժապավեններ կտրեցին, վերանորոգված լսարաններում պտտվեցին, վերջում հավաքվեցին Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում, ու սկսվեց տոնական ցերեկույթը: Դահլիճը շողշողում էր ՀՀԿ-ականների կրծքին փակցրած «զնակների» փայլից:

Տպավորություն էր, որ ոչ թե ուսանողական հավաքույթ է, այլ կուսակցական ժողով: Սկզբում թվում էր, թե ընձեռված հնարավորությունն օգտագործելով՝ հարցախեղդ կանեն գործադիրին, սակայն շատերը նույնիսկ Տիգրան Սարգսյանի դասախոսությունն արհամարհեցին, ու կեսից գրանցվեց ձանձրույթի հետեւանքով ծագած միգրացիա, ինչին, վստահ ենք՝ վարչապետն ըմբռնումով կմոտենա, ինչպես աշխատանքային ու կրթական միգրացիային: Ուշագրավն այն է, որ նրա խոսք ու զրույցին ունկնդրելու եկած ուսանողությունը թեկուզ ցուցադրական հարգանք չտածեց երկրի վարչապետի հանդեպ, երիտասարդ ինտելիգենցիան լքեց դահլիճը՝ թքած ունենալով թեկուզ քաղաքավարության տարրական կանոնի վրա:

Թերեւս ոչ մի թույլ դասախոսի դասին այդպիսի աշխուժություն չէր նկատվել, որքան բարձրաստիճանների դասին, այն դեպքում, երբ դուռը մի խումբ թիկնապահներով հսկվում էր ներսից ու դրսից: Ակտիվ տեղաշարժին դեմքի ջղաձիգ շարժումներով արձագանքեցին դասախոսներն ու ռեկտորը, Աշոտյանի դեմքի արտահայտությունը վկայում էր, որ ինքն էլ է զարմացած ու հիասթափված ուսանողության վերաբերմունքից:

ՄԻԳՐԱՑԻԱՆ ՆՈՐՄԱԼ Է, ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը, որպես կրթության ոլորտի գլխավոր պատասխանատու, պարզապես ուղեկցում էր Սարգսյանին եւ ոչ մի բառով հանդես չեկավ: Տիգրան Սարգսյանի՝ գիտելիքների կարեւորությանը նվիրված լեկցիային հաջորդեց հարցուպատասխանը: Ուսանողներից մեկը հետաքրքրվեց օտարալեզու դպրոցների հիմնադրման հետ կապված քննադատությունների վերաբերյալ վարչապետի կարծիքով: «Արդյո՞ք այնպիսի ռիսկ կա հանրապետությունում, որ մենք կդառնանք մի ազգ, որը հայերեն գրել-կարդալ չգիտի:

Ես կարծում եմ, որ մեր քննադատները գերագնահատում են այդ ռիսկը եւ թերագնահատում այն ռիսկը, որ մենք այսօր աշխարհից  կարող ենք մեկուսանալ՝ օտար լեզուներ չիմանալով»,-վերլուծեց Տիգրան Սարգսյանը՝ հանգելով այն եզրակացության, որ ազգադավ ծրագրի դեմ ընդվզողներն  ագրեսիվ կամպանիա են սկսել: «Նրանք գիտակցո՞ւմ են, որ մենք ունենք այլ մարտահրավեր, այլ լրջագույն խնդիր, էլ չեմ ասում Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի մասին, որ մեզ պետք  են մասնագետներ, որոնք փայլուն տիրապետում են օտար լեզվի:

Ես ընդամենը ուզում եմ, որ մենք մեր քննադատության մեջ լինենք հավասարակշռված»,-անսպասելի բորբոքվեց վարչապետն ու  հորդորեց կառավարության կայքում ծանոթանալ  այդ փաստաթղթի քվեարկության արդյունքին, ըստ որի՝ քաղաքացիների 75 տոկոսը քվեարկել է դրական, 25 տոկոսը պարզապես համաձայն չէ, իսկ 25-ի 6 տոկոսն էլ ագրեսիվ անհամաձայնություն է հայտնել: «Բայց ագրեսիվ անհամաձայնությունը շատ ավելի լսելի է, քան 75 տոկոս համաձայնությունը»,-ասաց նա: Սակայն ելույթի ուշագրավ հատվածն այն էր, որ արդարացրեց աշխատանքային արտագաղթը:

Երբ հարց հնչեց, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռք առնում կրթված երիտասարդության աշխատանքային արտագաղթը կանխելու ուղղությամբ, Տիգրան Սարգսյանն ըստ էության ասաց, որ իրենք միգրացիան խրախուսում են. «Ժամանակակից կրթված մարդը, որ գիտի մի քանի լեզուներ, ինքն ավելի մոբիլ է, եւ այդ մարդու զարգացման ինքնաիրացման համար անհրաժեշտ պայման է միգրացիոն ակտիվությունը: Նա պետք է հնարավորություն ունենա սովորել ու աշխատել տարբեր երկրներում, փորձարկել իր կարողությունները:

Այդ տեսակետից դա համաշխարհային բնական միտում է՝ միգրացիայի ավելի բարձր մակարդակ, եւ մենք այդ առումով պետք է ստեղծենք  բարենպաստ պայմաններ, որ մեր քաղաքացիները նույնպես միգրացիոն մոբիլությունից օգտվեն ինքնաիրացման իրենց կարողությունները դրսեւորելու համար»: Իսկ միգրացիան կնվազի, եթե «մոտակա 10 տարում բարեփոխումները հաջող ընթացք ունենան»: Վերջում վարչապետն ուսանողներին հրավիրել է կառավարության Ընդունելությունների տուն՝ մասնակցելու օրվա առթիվ կազմակերպված երեկույթին: Կարճ ասած՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ մի լավ տժժաց Տիգրան Սարգսյանը:

ԲԱ ԲԱՆԱԿԻ PR ԱԿՑԻԱՆ…

Վերջերս ակտիվորեն գովազդում են բանակի եւ Սեյրան Օհանյանի թեման: Բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքին ու կարծիքին որպես հակակշիռ՝ համալսարանական ակտիվը երեկ «Գնում ենք բանակ» կարգախոսով ակցիա էր անում՝ երթով շարժվելով Եռաբլուր: Իհարկե, կարգախոսը լավ են մտածել, բայց որպեսզի նպատակին ծառայեր, թերեւս ճիշտ կանեին, որ երթով ու հերթով բանակ զորակոչվեին, թե չէ Եռաբլուր բոլորն էլ կարող են խանդավառված գնալ ու հետ գալ, անկախ բանակի մասին պատկերացումներից: Այս մանկապատանեկան միջոցառումն ավարտվել է Սեյրան Օհանյանի հետ հանդիպումով: Պաշտպանության նախարարը առիթն օգտագործելով՝ դարձյալ կրկնել է բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքի ու ընդհանրապես առկա արատավոր երեւույթների առաջացման սկզբնապատճառներն ու կանխարգելելու ուղղությամբ իրենց ջանքերը:

Leave a comment

Զեկույց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության հարկային խուսափումների մասին

(Աղբյուրը՝ Սլաք.am)

Leave a comment

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» խուսափումը հարկերից

(Աղբյուրը՝ А1+)

Leave a comment

Վերահսկիչ պալատն առաջարկում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ին զրկել լիցենզիայից

(Աղբյուր՝ «Հետք»

Հեղինակ՝ Էդիկ Բաղդասարյան)

Վերահսկիչ պալատը (ՎՊ), ուսումնասիրելով «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործման օրինականությունը, Կառավարությանն առաջարկում է քննարկել ընկերության հանքային իրավունքների դադարեցման հարցը:

Հայկական ոսկու ամենամեծ հանքավայրը`  Սոթքը, համարվում է Հայաստանի հանքարդյունաբերության զարդը: Սակայն այդ «զարդի» բախտը, կարծես թե, չի բերում: Միշտ հայտնվում է անբարեխիղճ սեփականատերերի ձեռքում եւ թալանվում: Իշխանություններն էլ մինչեւ հասկանում են, որ Հայաստանի ընդերքը թալանվում է, սեփականատերը փոխվում է` կանադացիներ, հնդիկներ, վրացի/ռուսներ:

Եթե ՎՊ-ն նման առաջարկով հանդես է եկել, նշանակում է` խոշոր չարաշահումներ է հայտնաբերել: Եւ հաշվի առնելով, որ ՎՊ-ն հրապարակել է այդ արդյունքները, կարելի է ենթադրել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն իսկապես լիցենզիայից զրկվելու ճանապարհին է: ՎՊ-ն պարզել է նաեւ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը 2004 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2008 թ. փետրվարի 29-ը Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերն ապօրինաբար է շահագործել` առանց ուժի մեջ մտած լիցենզիաների:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դեռեւս չի արձագանքել այս բացահայտումներին: Մեր հարցմանն ի պատասխան` գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտնել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերում հայտնաբերված օրինախախտումների վերաբերյալ Վերահսկիչ պալատից դատախազությունը նյութեր չի ստացել:

Պետական եկամուտների կոմիտե ներկայացրած հաշվետվությունների համաձայն` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի վնասը 2007 թ. կազմել է 16,034,189.0 հազար դրամ, 2008-ին` 17,270,237.0 հազ. դրամ, 2009-ին` 11,605,621.0 հազ. դրամ:  2008 թ. հուլիսի 22-ին «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն վերանվանվեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն գրանցված է Կայմանյան կղզիներում, սեփականատերը «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն է: Իսկ թե ովքեր են այդ ընկերության բաժնետերերը, անհայտ է: Մեր վրացի գործընկերներից մեկը պնդում է, որ այնտեղ մասնաբաժին ունի նաեւ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին` իր քեռու անունով:

Սա չի բացառվում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Վրաստանի նախագահը մի քանի անգամ եղել է Կայմանյան կղզիներում: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը մեկ տարի առաջ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ցանկանում էր Սեւանա լճի մերձակայքում լճի համար աղետալի մի ծրագիր իրականացնել:

Բարեբախտաբար, ընկերությանը չհաջողվեց իրագործել այդ ծրագիրը:
Եւ այսպես, ներկայացնենք մի քանի թվեր` պատկերացում կազմելու, թե ինչպես է այս ընկերությունը թալանում Հայաստանի ընդերքը:

«Ընկերությունը, 01.01.2008 – 01.04.2010 թթ. ժամանակահատվածում Սոթքի հանքից Արարատի կորզման ֆաբրիկա է առաքել 648.0 հազ. տոննա ապրանքային հանքաքար, որտեղ ոսկու քանակը կազմել է 2031 կգ: Ֆաբրիկայում վերամշակվել է 656.0 հազ. տոննա հանքաքար, որի մեջ ոսկու քանակը կազմել է 2026 կգ, կորզվել է 1214 կգ ոսկի, կորզումը կազմել է 59.89%, որը շուրջ 22.6% ցածր է նախագծով նախատեսված` 82.5% ցուցանիշից (պետք է կորզվեր` 1672 կգ), այսինքն` շուրջ 458 կգ-ով պակաս է կորզվել»,- գրված է ՎՊ-ի ընթացիկ հաշվետվության մեջ:

Սա նշանակում է, որ 458 կգ-ով պակաս ոսկի է կորզվել: Դժվար գտնվի մեկը, որ հավատա ընկերության ներկայացրած թվերին: Միանշանակ է, որ ընկերությունը թաքցրել է ոսկին, քանի որ չի կարողանում ապացուցել, որ հանքանյութում քիչ ոսկի է եղել, կամ էլ` չեն կարողացել կորզել:

Նրանց ներկայացրած վիճակագրության ոչ հավաստիության վերաբերյալ մի համոզիչ փաստարկ կա` ընկերությունում չեն պահպանվել հանքաքարի վերամշակման գործընթացում կատարված նմուշարկման արդյունքում ստացված նմուշների կրկնօրինակները:

Դա նախատեսված է օրենքով, այդ նմուշների բացակայությունը թույլ չի տալիս կրկնակի անալիզ կատարել: Թե ինչու ընկերությունը չի պահպանել կրկնօրինակները, պետք է պարզեն իրավապահ մարմինները:

ՎՊ-ն պարզել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը Սոթքի հանքավայրը երկար ժամանակ անօրինականորեն է շահագործել: Բնապահպանության նախարարությունը «չի նկատել» դա: Սոթքի հանքավայրի շահագործման համար լեռնահատկացումը կատարվել է 2009 թ. օգոստոսի 25-ին, թիվ 279 լեռնահատկացման ակտով: Դա նշանակում է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը 2007 թ. հունվարի 1-ից մինչեւ 2009 թ. օգոստոսի 25-ը Սոթքի հանքավայրը շահագործել է ապօրինաբար:

Ընկերությունը պետական բյուջե չի վճարել 24 մլն դրամ կոնցեսիոն վճար: Չի վճարել նաեւ 2009 թ. ոսկու մարված պաշարի համար լրացուցիչ բնօգտագործման մոտ 113 մլն դրամ գումարը: 2010 թ. առաջին եռամսյակի համար չվճարված լրացուցիչ բնօգտագործման գումարը կազմել է մոտ 50 մլն դրամ:

Ընկերության 100% բաժնեմասը գրավադրված է, իսկ որտե՞ղ է 250 մլն դոլարը: ՎՊ-ի ուսումնասիրության մեջ ամենաուշագրավը հաշվետվության վերջին մասն է:

Պարզվում է` 2010 թ. հուլիսի 22-ին, համաձայն բաժնեմասի գրավի պայմանագրի, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության միակ մասնակից, 100% բաժնեմասի սեփականատեր «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» լիմիթեդ ընկերությունը «ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի» բանկում (ռուսաստանյան ՎՏԲ բանկի անգլիական մասնաճյուղ) գրավադրել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը` ի շահ «Կառլոու ԲիՎի» ընկերության:

Այս ընկերությանը «ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի» բանկը 2010 թ. հունիսի 22-ին տրամադրել է 250 մլն դոլար վարկ: Բաժնեմասի գրավի պայմանագրի 9-րդ կետի դրույթներով նախատեսված են մի շարք հանգամանքներ, որոնց ի հայտ գալուն պես վարկառուի պարտավորությունները համարվում են չկատարված, եւ այդ դեպքում «ՎՏԲ Կապիտալ» բանկը ձեռք է բերում բացարձակ իրավունք` գրավի տակ գտնվող ակտիվները փոխանցելու երրորդ անձանց, առանց գրավատուի համաձայնությունը ստանալու:

«Կառլոու ԲիՎի» ընկերության ստացած 250 մլն դոլար վարկի գումարներից «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հաշվին միջոցներ չեն փոխանցվել:

Իսկ  ընկերությունը, համաձայն, 2008 թ. փետրվարի 29-ին կնքված Սոթքի, ինչպես նաեւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերից «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման» համապատասխան թիվ 368 եւ 369 լիցենզային պայմանագրերի, ստանձնել է մի շարք ներդրումային պարտավորություններ, որոնք մինչ օրս չեն կատարվել:

Ի՞նչ է եղել 250 մլն դոլարը. այս հարցի պատասխանը պետք է ստանան Հայաստանի իշխանությունները, եւ ինչքան շուտ, այնքան լավ: Հնարավոր է պարզվի, որ այս փողով ինչ-որ կեղտոտ գործարքներ են կատարվում աշխարհի այլ երկրներում:

Առյաժմ նաեւ հայտնի չէ` ՎՊ-ն կստուգի՞ մնացած հանքավայրերը շահագործող ընկերությունների գուծունեությունը: Հայկական ընդերքը շահագործող բոլոր կազմակերպություններն էլ իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ չարաշահումներ են թույլ տալիս: Մամուլում պարբերաբար կարելի է նման փաստեր պարունակող հրապարակումների հանդիպել:

Ժամանակն է նաեւ ստուգել Քաջարանի, Կապանի, Ախթալայի հանքավայրերը շահագործողներին: ՎՊ-ին խորհուրդ ենք տալիս նաեւ ուշադրություն դարձնել այս ընկերությունների կողմից շրջակա միջավայրի աղտոտմանը, նրանց բնապահպանական պարտավորություններին: Պետք է հատկապես ուշադրություն դարձնել այդ ընկերությունների` գործուղումների համար կատարված եւ ներկայացուցչական ծախսերին, ինչպես նաեւ` արտահանվող հանքանյութի բաղադրությանը:

Հայկական ոսկի. պատմական ակնարկ

Ըստ խորհրդային գիտնականների` Հայաստանում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով:

Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է պատկանում: 1976 թ.-ից գործող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան կառուցվել է ոչ միայն Կովկասի, այլեւ Միջին Ասիայի բոլոր հանրապետությունների պաշարների հաշվառմամբ:

Հայաստան հանքանյութ էր բերվում նաեւ այդ հանրապետություններից: Առհասարակ, Հայաստանում արդյունահանման ծախսերը միջինից բավական ցածր են եւ գրավում են ներդրողներին: Աշխարհում կան վայրեր, որտեղ ոսկին մակերես է դուրս գալիս բնածին զտված քարերի տեսքով:

Հայկական ոսկին դժվար կորզվող է: Սոթքի 1 տոննա հանքաքարը պարունակում է 5-7 գրամ ոսկի: Հայաստանը Խորհրդային Միության գանձարան էր փոխանցում տարեկան երեք տոննա ոսկի: Արարատի ոսկու կորզման  ֆաբրիկան, կառուցված լինելով հիմնական հանքավայրից` Սոթքից 260 կմ հեռավորության վրա,  խլում է ինքնարժեքի 20 տոկոսը` ճանապարհային ծախսերի ձեւով: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը անուշադրության մատնվեց:

Տեխնոլոգիական գործընթացներն արդեն անարդյունավետ էին, եւ ձեռնարկությունը բարոյապես մաշվել էր: Տարեցտարի սկսեցին կրճատվել ոսկու արդյունահանման ծավալները: 1996-ին արտադրվեց ընդամենը 172 կգ ոսկի եւ, ի վերջո, ձեռնարկությունը դադարեց գործել: Ֆաբրիկան հսկայական պարտքեր ուներ պետությանը: Հարցականի տակ էր ընդհանրապես ոսկու արդյունահանման նպատակահարմարությունը:

1996-ին «Հայոսկի» պետական ձեռնարկության եւ ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերության նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ ձեռնարկություն, որը պետք է մշակեր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի 12 մլն տոննա թափոնները եւ ձեռնամուխ լիներ Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի զարգացմանը:

1996 թ. հունվարին կնքված պայմանագրի արդյունքում «Գլոբալ Գոլդը» 12 մլն դոլար է ներդրել, որով Արարատում կառուցվել է ոսկու մշակման գործարանը: 1997-ին կանադական «First Dynasty Mines» ընկերությունը գնեց «Գլոբալ Գոլդ»-ի բաժնեմասը:

1998-ին Հայաստանի կառավարության եւ «First Dynasty Mines»-ի միջեւ ստորագրվեց նոր պայմանագիր. ստեղծվեց «Ararat Gold Recovery Company» ( AGRC, թարգմանաբար` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն») համատեղ ձեռնարկությունը: Ձեռնարկությանը հանձնվեցին նաեւ Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերը:

Համատեղ ձեռնարկության ստեղծման հիմնադիր փաթեթը բաղկացած էր 2 պայմանագրից` համատեղ ձեռնարկության հիմնադրման պայմանագիր, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության եւ ներդրողի միջեւ ծրագրի իրականացման պայմանագիր, ինչպես նաեւ կանադական ընկերության պարտավորագիր: Նախատեսվում էր կատարել 50 մլն դոլարի ներդրում: Որոշվեց Մեղրաձորի եւ Սոթքի ոսկու պաշարների մշակումը կատարել Արարատի գործարանում:

Համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմում էր մոտ 40 մլն դոլար, որի մի կեսը պատկանում է հայկական կողմին, մյուս կեսը` կանադականին: Առաջին երեք տարիներին շահույթը պետք է բաշխվեր անհավասար` 70 տոկոսը կանադական կողմին, 30-ը` հայկականին:

Միայն կանադական կողմի ներդրած գումարի վերականգնումից հետո շահույթի բաշխումը պետք է հավասարեցվեր: Ձեռնարկության արտադրողականությունը տարեկան կազմում էր 160 հազար ունցիա ոսկի:

AGRC ձեռնարկությունը սկսել է գործել 1999 թ. հունիսից: Աշխատողների 95 տոկոսը հայեր են: Արարատում 1 ունցիա (31,1 գ) ոսկի ստանալու համար ծախսվում էր 222 դոլար:

Վերջնական արտադրանքը արծաթագույն ձուլակտորներն են: Այս ձուլակտորների մեջ ոսկու պարունակությունը 30-35 տոկոս է, արծաթինը` 63 տոկոս, մնացածը այլ մետաղներ են: Այդ մետաղների վերջնական անջատումը կատարվում է Մեծ Բրիտանիայում:

1997-98 թթ. կանադա-ամերիկյան «First Dynasty Mines» ընկերությունը, որին պատկանում էր AGRC համատեղ ձեռնարկության օտարերկրյա բաժնեմասը, Արարատում ոսկու կորզման գործարանը կառուցելուց հետո զբաղված էր Սոթքի եւ Մեղրաձորի զարգացման ծրագրի ֆինանսավորման համար միջոցների հայթայթմամբ:

AGRC-ի ուղղակի վարկավորումը միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից դժվարանում էր այն պատճառով, որ ընկերության 50%-ը պատկանում էր պետությանը: Անձամբ ճանաչելով «First Dynasty Mines»-ի բաժնետերերից մեկին` հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալն իրեն պատկանող «Twinstar Holdings» ընկերության միջոցով ձեռք է բերում «First Dynasty Mines» ընկերության մի փոքր բաժնեմաս:

Միաժամանակ «First Dynasty Mines»-ին տրամադրում է «փոխարկելի» վարկ` պայմանով, որ վարկի դիմաց Ագարվալի ընկերությանը տրամադրվի «First Dynasty Mines» ընկերության որոշակի հավելյալ բաժնեմաս: Հետո Ագարվալը ստիպում է «First Dynasty Mines» ընկերության նախագահ Մարկուս Ռանդոլֆին հեռանալ ընկերությունից:

Ագարվալը հայկական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բողոքում է, թե իբր Ռանդոլֆն իր ընկերությունից ստացված միջոցները չի ներդնում Հայաստանի ծրագրերում, հաշվի չի առնում հայկական բաժնեմասը ներկայացնողների կարծիքը ձեռնարկությունը կառավարելու հարցում:

Այս ամենին զուգահեռ, Ագարվալն ուշացնում է վարկի գումարների վճարումը «First Dynasty Mines» ընկերությանը, ինչը հանգեցնում է հայկական կողմի դժգոհությանը կանադա-ամերիկյան ղեկավարության նկատմամբ:

Արդյունքում հեռանում է «First Dynasty Mines» ընկերության նախագահ Մարկուս Ռանդոլֆը: Ընկերության խորհրդից հեռանում են նաեւ այն անդամները, ովքեր, հավանաբար, չէին ցանկանում վնասել իրենց հեղինակությանը Ագարվալի հետ աշխատելով:

Ա. Ագարվալը վատ համբավ ուներ, իր երկրում նրա անունը կապվում էր կոռուպցիոն սկանդալների եւ բնապահպանական աղետների հետ: Արդյունքում Ագարվալը «First Dynasty Mines» ընկերության խորհրդում ձեռք է բերում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթ:

Իրավիճակից օգտվելով` Ագարվալը պարզապես իջեցնում է իրեն պատկանող «Twinstar»ի կողմից «First Dynasty Mines» ընկերությանը տրամադրված փոխարկելի վարկի դիմաց տրամադրվող «First Dynasty Mines»-ի բաժնեմասի գինը, նույն գումարի դիմաց ձեռք է բերում «First Dynasty Mines» ընկերության անհամեմատ ավելի մեծ բաժնեմաս եւ, փաստորեն, տիրանում AGRC ընկերության 50% օտարերկրյա բաժնեմասին:

Արդյունքում Հայաստան է ուղարկվում AGRC համատեղ ձեռնարկության ազգությամբ հնդիկ նոր ղեկավարություն, որը մեկ առ մեկ, սակայն հետեւողականորեն ձերբազատվում է ձեռնարկության կանադացի, ամերիկացի եւ ավստրալացի գրեթե բոլոր մասնագետներից:

Ձեռնարկության պետական մասնաբաժինը 2002 թ. ամբողջությամբ վաճառվեց Անիլ Ագարվալի ընկերությանը` «Ստերլիտ գոլդ»-ին («Sterlite Gold»): Անիլ Ագարվալը դարձավ «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության միակ սեփականատերը:

2007-ի օգոստոսին Հայաստանի կառավարությունը ՀՀ գլխավոր դատախազությանը կարգադրել է արգելք դնել Լոնդոնի «Vedanta» ընկերության` Սոթքի ոսկու հանքի նկատմամբ ունեցած իրավունքների օտարման փորձի վրա:

Վեցամսյա նախաքննությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը բնապահպանության նախարարության անունից մտել էր դատարան` 1998-ից «Vedanta»-ի կանադական գրանցմամբ «Sterlite Gold» դուստր ձեռնարկությանը տրված Սոթքի հանքավայրի շահագործման արտոնագիրն անվավեր ճանաչելու հայցով: 2007 թ. ընկերությունը հնդիկ սեփականատերերից գնեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը:

Գործարքը կատարվել է վրացական «Մադնեուլի» ԲԸ-ի միջոցով: «Մադնեուլի» ԲԸ-ն ռուսական «Պրոմինվեստ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Հիմնական սեփականատերերն են Սերգեյ Գեներալովը եւ Սիման Պովերենկինը:

Գեներալովը Ռուսաստանի էներգետիկայի նախկին նախարարն է եւ Դումայի նախկին պատգամավոր: Սակայն այս բաժնետերերը հետագայում դուրս են մնացել: Եւ այսօր էլ հայտնի չէ, թե ովքեր են ընկերության իրական բաժնետերերը:

Leave a comment