Archive for February, 2010

ՏԵՆԴԵՐԸ ՇԱՀԵՑ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ» ՁԱԽՈՂՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ

(Աղբյուրը՝ «Ժամանակ» օրաթերթ

Հեղինակ՝ Քրիստինե Խանումյան)

Անցած տարվա դեկտեմբերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարածեց բաց մրցույթի հայտարարություն` «ԼՂ/Ճ-1/09» ծածկագրով: Մրցույթը Շուշի քաղաքի Արամ Մանուկյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների բարեկարգման աշխատանքների նպատակով էր, եւ անցած շաբաթվա վերջին կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց ԼՂՀ-ում գործող «Քարավան» ընկերությունը: Այս հանգամանքը, թերեւս, այնքան էլ մեծ ուշադրության չարժանանար, եթե չլիներ այն հանգամանքը, թե ինչո՞վ է հայտնի տենդերը շահած այդ ընկերությունը: Իսկ նման հարցադրում անելու համար կան բավականին հիմնավոր պատճառներ, որոնք հասնում են մինչեւ 2002-2003 թվականները, երբ դեռ նոր-նոր էին սկսվել «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարական աշխատանքները: Նշենք, որ այդ հսկայածավալ ծրագիրը, որը տեւել է մի քանի տարի, եւ որը իրականում դեռ մինչեւ հիմա չի էլ ավարտվել, բավականին լուրջ «ատկատների» եւ յուրացումների աղբյուր է եղել: Ողջ հայության գումարներով իրականացված այդ շինարարական աշխատանքներին, ինչպես փոխանցում են ԼՂՀ մեր աղբյուրները, ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի անմիջական վերահսկողությամբ մասնակցելու իրական հնարավորություն են ունեցել միայն ղարաբաղյան երեք ընկերություններ` «Վրեժ», «Ճանշին» եւ «Քարավան» ընկերությունները: Որեւէ այլ կազմակերպություն, Հիմնադրամի կողմից հայտարարված տենդերին մասնակցելու հնարավորություն կամ ավելի ճիշտ` դաբրո ուղղակի չի ունեցել: Իսկ նշված երեք ընկերություններն էլ պատկանում էին Ղարաբաղի իշխանությունների վերնախավի մտերիմներին. «Վրեժը»` ղարաբաղյան օլիգարխ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սամվել Հակոբյանի եղբորը` Կարեն Հակոբյանին, «Քարավանը»` Հակոբ Հակոբյան անունով մի անձնավորության, որը դեռ Սամվել Բաբայանի օրոք եւ վերջինիս շնորհիվ Եղեգնաձորից տեղափոխվելով Ստեփանակերտ հասցրել էր մտերմանալ վերջինիս հետ եւ կարողացել էր այնպես անել, որ Բաբայանի իշխանության տապալումից հետո ոչ միայն կանգուն մնա, այլ նաեւ դառնա ԼՂՀ այն ժամանակվա իշխանությունների վստահելի մարդկանցից մեկը: Ինչ վերաբերում է «Ճանշին»-ին, ապա այն պատկանում է Ռոլես Աղաջանյան անունով անձավորությանը, ով եւս ԼՂՀ ղեկավարության մտերիմներից է: Ահա, այս երեք անձինք հերթով շահել են «Հյուսիս-Հարավի» համար հայտարարված բոլոր մրցույթները, կատարել ասֆալտապատում, որի որակից սկսել էին բողոքել անգամ ԼՂՀ ԱԺ պատգամավորները:

Բանն այն է, որ այս ընկերությունները ոչ միայն նախնական համաձայնության գալով ԼՂՀ ղեկավարների հետ շահում էին բոլոր տենդերը` այդպիսով իրենց համար մշտական պատվերներ ապահովելով, այլ նաեւ կարողանում էին պատվերների համար հատկացված գումարներից «խնայողություններ» անել, եւ այդ ամենն, իհարկե, ի հաշիվ կատարված ասֆալտապատման որակի: Հայտնի է, որ որակով ասֆալտապատում անելու համար կան որոշ չափանիշներ. ավազի ու բիտումի քանակ, բիտումի որակ, խճաքարի որակ եւ այլն: Մասնավորապես` այդ ընկերությունները խնայողություններ անելու համար, այսպես կոչված, «տրամբովկայի» ժամանակ (խոսքը ասֆալտի տակից փռվող քարերի մասին է), հատուկ լվացած խճաքարի փոխարեն, ճանապարհը ծածկում էին սովորական լեռնային խճաքարով: Խնայողություն էր արվում նաեւ բիտումը լցնելու ժամանակ: Արդյունքում` այդ ընկերության սեփականատերերը բավականին մեծ գումարներ էին իրենցով անում, իսկ կատարված ասֆալտն էլ մեկ տարի անց կամ ճաքեր էր տալիս, կամ` նստում էր: Սակայն ամենախայտառակ փաստն այն էր, որ այդ ընկերությունները անգամ իրար էին վերավաճառում տենդերով շահած ճանապարհահատվածների որոշ մասեր: Դա սկսվեց դեռեւս Դաշբուլաղ-Խաչենագետ հատվածի համար հայտարարված մրցույթից, որի հաղթող էր ճանաչվել «Ճանշինը»: Այս ընկերության սեփականատերը շահելով տենդերը` հետո այդ ճանապարհահատվածի որոշ հատվածներ վաճառել էր «Քարավանին» ու «Վրեժին»: Հետագայում այս երկուսն էլ իրենց հերթին սկսեցին վաճառել տենդերով շահած հատվածների որոշ մասեր: Այս վերավաճառքի արդյունքում, ասֆալտապատման որակները էլ ավելի էին ընկնում, ինչը հասավ նրան, որ 2006 թվականին LՂ-ում բողոքի հսկայական ալիք բարձրացավ: Բավական է, թերեւս, հիշեցնել, թե ինչ տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ 2006-ի հունիսի 14-ի նիստում: Այն ժամանակ դեռեւս ԱԺԿ խմբակցության պատգամավոր Գարիկ Գրիգորյանը հայտարարել էր. «Վերջերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դժգոհել է Հիմնադրամի կատարած աշխատանքների որակից: Ասվածի ճշմարտության մեջ համոզվելու համար բավական է միայն տեսնել «Հյուսիս-Հարավ» մայրուղին: Արդյո՞ք այդկերպ մենք չենք վնասում գալիք մարաթոնից հավաքվելիք գումարների ճակատագիրը»: Մարտակերտի շրջանում իրականացված ասֆալտապատումից էր բողոքել «Հայրենիք» խմբակցության անդամ, այն ժամանակ ԱրՊՀ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արթուր Թովմասյանը: Մի շարք պատգամավորներ էլ, նույն նիստում որակումներ անելիս, ավելի կոշտ էին արտահայտվել` մինչեւ այն աստիճան, որ Արցախում Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու մասնավորապես` ասֆալտապատումը համարել էին ձախողված: Եվ ահա, երբ այդ երեք կազմակերպությունների կողմից կատարված ասֆալտի որակի շուրջ բարձրացված հիստերիան այլեւս անհնար դարձավ վերահսկել, 2006-ի մայիսին Հիմնադրամը պաշտոնապես դիմեց ԼՂՀ գլխավոր դատախազություն` հարցը քննելու պահանջով: Հիմնադրամը պրետենզիաներ ներկայացրեց «Ճանշին» ՓԲԸ-ի եւ «Վրեժ» ՍՊԸ-ի դեմ. ըստ ամենայնի, Հիմնադրամի տնօրինության ձեռքը «Քարավանին» չհասավ: Գործը, սակայն, այդպես էլ որեւէ ընթացք չստացավ, եւ որոշ ժամանակ անց ուղղակի կարճվեց: Իսկ «Հյուսիս-Հարավը» պաշտոնապես ավարտված հայտարարելուց հետո փորձ արվեց ամեն ինչ մոռացության մատնել: Դա գուցե կհաջողվեր, եթե Հիմնադրամի կողմից հայտարարված այս տենդերին նորից չմասնակցեր եւ չհաղթեր այդ անորակ աշխատանքների հեղինակ ընկերություններից մեկը: Ընդ որում` սա այն դեպքում, երբ նույն «Քարավան» ընկերությունը առ այսօր ավարտին չի հասցրել «Հյուսիս-Հարավի» հատվածներից մեկը` Խաչեն գյուղի խաչմերուկից մինչեւ Կիչան գյուղ հասնող ճանապարհահատվածը: «Քարավանը» այնտեղ ժամանակին կատարել է հողային աշխատանքներ, սակայն ասֆալտապատումն այդպես էլ չի իրականացվել: Դա այն ժամանակ պատճառաբանվել էր նրանով, թե Հիմնադրամը այդ աշխատանքների համար այլեւս գումար չի տրամադրել:

Leave a comment