Archive for October, 2009

«ԱՐԴԵՆ» ՓՈԽԱՆՑՎԵԼ Է 10 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

(Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ

Հեղինակ՝ Աննա Զախարյան)

 

Սույն թվականի նոյեմբերի 26-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական` 12-րդ հեռուստամարաթոնը։

Իսկ մինչ այդ, արժե ետ նայել ու հիշել Հիմնադրամի անցած տարին, երբ «Հեռուստամարաթոն-2008»-ի ընթացքում հայտարարվել էր այդ տարի կատարված եւ խոստացված նվիրատվությունների մասին, որոնք կազմել էին ավելի քան 35 միլիոն ԱՄՆ դոլար։ Նշվել էր նաեւ, որ այդպիսով կրկնապատկել են նախորդ` 2007 թվականի արդեն իսկ տպավորիչ ցուցանիշը։ ««Հեռուստամարաթոն-2008»-ի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն Հայաստանի ու Արցախի գյուղերում հիմնական ենթակառուցվածքների վերականգնմանը` զգալի փոփոխություն մտցնելով բնակիչների կյանքում»,- հպարտանալով խոստացել էր Հիմնադրամի տնօրինությունը։ Միայն նշված 35 մլն դոլարի գրեթե կեսը` 15 միլիոնի նվիրատվություն, խոստացել էր ռուսաստանաբնակ հայազգի գործարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայր Սամվել Կարապետյանը։ «Ծանր ժամանակներ են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ ամբողջ աշխարհի համար` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Սակայն, չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, աշխարհասփյուռ հայերը ձեռք մեկնեցին Հայաստանի ու Արցախի գյուղերում ապրող մեր հայրենակիցներին»,- ասել էր այն ժամանակ Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար, այժմ արդեն` գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։ Բայց քանի որ այդ «ծանր ժամանակներում» հայտարարված պատկառելի` 35 միլիոն դոլարի մի մասը պարզապես խոստման տեսքով էր, ասել է թե` կարող էր եւ իրականություն չդառնալ, «Հայաստան» համահայկական հիմնադրամից օրերս հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ այդ խոստումներից հետո։ Նախ փորձեցինք տեղեկանալ, թե նշված գումարի ո՛ր մասն էր փաստացի կատարված, եւ որքանը` խոստացված, հետո` թե խոստումների քանի տոկոսն իրագործվեց։ Պարզվեց` 35 միլիոն դոլար գումարից Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է ընդամենը 10 միլիոնը։ Թեեւ հիմնադրամը դա ձեւակերպում է այսպես` շուրջ 10 միլիոն դոլարն արդեն փոխանցվել է։ Այս «արդենն» ընդգծելով` թերեւս նպատակ ունեն տպավորություն ստեղծել, որ դա ներկա պահի դրությամբ խոշոր գումար է, մինչդեռ արդեն մոտենում է հաջորդ հեռուստամարաթոնի օրը։ Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցված կանխիկ նվիրատվությունները, մասնավորապես, հետեւյալն են. «Ղարաբաղ Տելեկոմ»` 150 միլիոն դրամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ` 500 հազար դոլար, Էդուարդո Էռնեկյան խումբ` 250 հազար դոլար, «Վարդանյան ընտանիք» հիմնադրամ` 300 հազար դոլար, Սամվել Ալեքսանյան` 200 հազար դոլար, Վահե Կարապետյան` 365 հազար դոլար, Գագիկ Ադիբեկյան` 100 հազար դոլար, Նորիկ Պետրոսյան` 100 հազար դոլար, Վարուժան Գրիգորյան` 100 հազար դոլար, Արամ Քոչարյան` 100 հազար դոլար, Բարսեղ Բեգլարյան` 100 հազար դոլար, Տիգրան Արզաքանցյան` 100 հազար դոլար։ Անցած տարի նաեւ սկիզբ էր դրվել մի նոր երեւույթի. բարերարները ոչ թե գումար էին փոխանցել, այլ խոստացել էին ինչ-որ ծրագրեր իրագործել։ «Անցած տարի Հիմնադրամին գումարներ խոստացած որոշ բարերարներ ցանկություն հայտնեցին իրենց միջոցներով իրագործել խոստացած ծրագրերը (պատճառներից մեկը սեփական շինարարարական կազմակերպություններ ունենալն էր)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս բարերարները ցանկություն էին հայտնել իրենց գումարները հայտարարել «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում` գործադիր վարչությունը բոլոր այսօրինակ բարերարների հետ կնքել է պայմանագրեր, համաձայն որոնց, կարգավորվում է Հիմնադրամի դերը այդ ծրագրերի իրագործման գործընթացում»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Այսպես, ըստ այդ պատասխանի, Սամվել Կարապետյանի նվիրաբերած 15 մլն դոլարով կառուցվում է Ստեփանակերտի հիվանդանոցը։ «Արդեն կառուցվել է 3 հարկ։ Առ այսօր ծախսվել է մոտ 800 միլիոն դրամ (կամ այսօրվա փոխարժեքով հաշված` շուրջ 2 մլն 800 հազար դոլար – հեղ.)»,- հայտնում են հիմնադրամից։ Հիշեցնենք, սակայն, որ բազմիցս է մամուլում նշվել, որ Կարապետյանն այդ հիվանդանոցը սկսել էր կառուցել դեռեւս հեռուստամարաթոնից առաջ ու նախքան հայաստանյան հայտնի ճաշկերույթը, որը տեղի էր ունեցել 2008-ի նոյեմբերի 1-ին, եւ որի ընթացքում էլ հայտարարվել էր նշված 35 մլն դոլարից 30 մլն-ի նվիրատվությունների մասին։ Հավելենք նաեւ, որ Հիմնադրամի նշած 7 ծրագրերից միայն 2-ն է արդեն իրականություն դարձել. «Հայռուսգազարդ» ընկերության կողմից 1.3 միլիոն դոլարով վերանորոգվել է Գորիս-Ստեփանակերտ գազատարը, իսկ Սերգեյ Համբարձումյանի կողմից 3.4 միլիոն դոլարով 3 ամիս առաջ Հայաստանի կառավարությանն են հանձնվել ճանապարհների արդիականացման նախագծեր, որոնք իրականացվել են Գերմանիայում։ Նշված գումարի մի մասն էլ ուղղվել է Կապանի թիվ 3 դպրոցի ամբողջական վերանորոգմանը։ Ծրագիրը, ըստ Հիմնադրամի, ավարտված է։ Մյուս բոլոր դեպքերում դեռեւս խոսվում է բայի ապառնի ժամանակաձեւով` կառուցվելու է։ Գագիկ Ծառուկյանի կողմից 2 միլիոն դոլար գումարով Ստեփանակերտում կառուցվելու է սպորտային դպրոց։ «Նախագիծը պատրաստ է, ծրագիրը մեկնարկել է»,- ասում են Հիմնադրամից։ Սեյրան Կարապետյանի նվիրած 1 միլիոն դոլարով կառուցվելու է 320 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ ԼՂՀ-ում։ «Իրականացվում են տարածքի նախապատրաստման աշխատանքները»,- շարունակում է ՀՀՀ-ն։ Ֆեդիկ Խաչատուրյանը 1 միլիոն դոլարով ԼՂՀ-ում կառուցելու է ծննդատուն։ «Ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները»,- հայտարարում են «Հայաստան» հիմնադրամից։ Նկատենք, որ եթե խոսքը կանխիկ փոխանցումներին է վերաբերում, դրանք փոքր գումարներ են, իսկ իրականացվող ծրագրերի դեպքում նշվում է միլիոնավոր դոլարների մասին։

Leave a comment