Archive for September, 2009

Անիմաստ ծախսեր

(Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացահայտել է, որ այս տարվա մարաթոնի միայն հիմնը պատվիրելու վրա արդեն ծախսվել է 20-22 հազար դոլար։

Իսկ հիմնադրամի Կալիֆոռնիայի կառավարող մարմնի անդամ Համբիկ Սարաֆյանը երեկ լրագրողներին դժգոհել է, որ հիմնադրամի ղեկավարությունը անիմաստ հսկայական գումարներ է ծախսում մարաթոնի կազմակերպման համար` «փոխանակ այդ գումարները ռեալ նպատակներով օգտագործվեն»։ Սարաֆյանը ասել է նաեւ, որ հանգանակության արդյունքների մասին հիմնադրամի հրապարակած թվերը երբեմն իրական չեն։ «Անցած տարի Սփյուռքի փոխանցումներին միացրեցին ՀՀ-ից եւ ՌԴ-ից փոխանցածները եւ ներկայացրեցին այն իբր ֆանտաստիկ թիվ` 230 մլն։ Իրականությունն այն է, որ Սփյուռքը շատ քիչ փող էր տվել»,- ասել է Սարաֆյանը։

Leave a comment

Դատախազի սպանության քրգործը կասեցված է

(Աղբյուրը՝ «Հայկական Ժամանակ»

Հեղինակ՝ Աննա Զախարյան)

 

 

2007 թվականի օգոստոսի վերջին Վանաձորում աղմկոտ սպանություն էր տեղի ունեցել։

Կեսգիշերն անց, իր տնից ընդամենը 50 մետր հեռավորության վրա կրակել էին Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի ուղղությամբ։ Անհայտ անձը, որն ի դեպ, եղել է առանց դիմակի, 4 կրակոց էր արձակել` դեպքի վայրում թողնելով «Մակարով» տեսակի ատրճանակի նույնքան պարկուճ։ Մարդասպանը Ալբերտ Ղազարյանին, ով սովորաբար ոտքով է գնացել աշխատավայր ու վերադարձել այնտեղից, թույլ չէր տվել մոտենալ բնակարանին, քանի որ վերջինիս մուտքի մոտ տեսախցիկներ էին տեղադրված։ Դեպքի օրը դատախազի հետ է եղել կիսահեղինակություն համարվող վանաձորցի Գառնիկ Ղաբուզյանը` Գոջո մականունով, ով առաջին կրակոցից հետո փախուստի է դիմել։ Ըստ այն ժամանակ հրապարակված տեղեկատվության, «Հայռուսգազարդի» այս աշխատակիցը, որ կասկածվել է առանձնապես խոշոր չափերի հասնող գողություն կատարելու մեջ, փորձել է դատախազի միջամտությամբ փակել տալ հարուցված քրեական գործը։ Մի քանի անգամ նա ապարդյուն փորձել է Ալբերտ Ղազարյանի մոտ ընդունելության գնալ, ինչից հետո դատախազին «բռնացրել է» փողոցում ու նրա սպանության ակամա վկան դարձել։ Լոռու մարզի դատախազի սպանության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Դիտավորյալ սպանություն, որը կապված է անձի` պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ»)։ Դեպքից անմիջապես հետո, տեղի ունեցած սպանության հետ սկսեցին կապվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի անունները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալբերտ Ղազարյանի սպանությունից շուրջ մեկ ամիս առաջ դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, որին առնչվում էին նաեւ նշված` ներկա ու նախկին պաշտոնյաները։ Այն ժամանակ հրապարակված տեղեկությունների համաձայն, քաղաքապետի ու նրա եղբոր բնակարանները դատախազի սպանությունից հետո նույնիսկ երկու անգամ խուզարկվել են։ Եւ ահա, դեպքից երկու տարի անց երեկ մենք փորձեցինք պարզել, թե արդյո՞ք հանցագործը բացահայտվել է։ Հատուկ քննչական ծառայությունից, սակայն, որի վարույթում է գտնվում սույն քրեական գործը, հայտնեցին, որ այն կասեցվել է։ Այլ մանրամասներ մենք ստանալ չկարողացանք, քանի որ գործը քննող Գորիկ Հովակիմյանի քաղաքային հեռախոսահամարով ամբողջ օրը ոչ ոք չէր արձագանքում։ Մեզ հաջողվեց կապվել սպանված դատախազի աներորդու հետ, ով, ի դեպ, սպանությունից առաջ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում Սամվել Դարբինյանի մրցակիցն էր։ Նրանից էլ փորձեցինք ճշտել, թե քրեական գործի քննությունից ինչ գիտեն, եւ ինչ առաջընթաց կա հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։ Իրենց ընտանիքում կատարված ողբերգության թեմայով Ալբերտ Ղազարյանի հարազատները չցանկացան խոսել։ «Նրա կինը երկու տարի անց էլ դեռ տնից դուրս չի գալիս»,- փոխանցեց Ղազարյանի այրիի եղբայրը` Գագիկ Հովսեփյանը։ «Առաջընթացի չափերի մասին ես բան չգիտեմ, բայց գիտեմ, որ գործը քննողները Ալբերտի համակուրսեցիները եւ երկար տարիների ընկերներն են։ Ինձ թվում է, որ եթե տարբերակ լինի բացահայտելու, պիտի որ խնդիր չլինի»,- հույս հայտնեց Գագիկ Հովսեփյանը։ Իսկ այն խնդրին, որ ամբողջ երկու տարվա ընթացքում, փաստորեն, քրգործն ընդամենը կասեցվել է, մեր զրուցակիցն ու նաեւ սպանված դատախազի հարազատներն ըմբռնումով են մոտենում։ «Դե հիմա, որ ճիշտն ասենք, պատվիրված սպանությունները, որպես կանոն, այդքան հեշտ էլ չէ բացահայտել։ Ես, որպես մի քիչ գրագետ մարդ, հասկանում եմ դա, որպեսզի, ասենք, ինչ-որ մեկից նեղանամ, կամ` իր ընտանիքը։ Իրենք էլ, ամեն դեպքում, դատախազի ընտանիք են, իրենք էլ գիտեն, որ քննությունը այդպես հեշտ չէ»,- հայտարարեց Գագիկ Հովսեփյանը։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե գործի քննության առումով գոնե որոշակի առաջընթաց կա՞, որից կարելի լինի ենթադրել, որ իրավապահներն աշխատում են հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, նա պատասխանեց, որ երբ ինքը հանդիպում է դրանով զբաղվող մարդկանց հետ, իրեն վստահեցնում են, թե գործի քննությունն ընթացքի մեջ է, զբաղվում են անընդհատ ու անընդմեջ։ Քաղաքապետի նախկին թեկնածուն նաեւ նկատեց, որ քրգործը կասեցնել` չի նշանակում կարճել։ Այդուհանդերձ, սակայն, հետախուզվողներ, այս քրգործի շրջանակներում, չկան։ Համենայնդեպս, Գագիկ Հովսեփյանին այդ մասին ոչինչ հայտնի է։ Չնայած այն բանին, որ, ինչպես փոխանցեց նա, չդիմակավորված հանցագործին տեսել ու նկարագրել է սպանության վկա դարձած Գառնիկ Ղաբուզյանը։ Իր վրա կրակահերթ արձակած մարդասպանի արտաքին տվյալների մասին ճիշտ նույն տեղեկություններն է հաղորդել նաեւ միայն կես ժամ անց մահացած դատախազը։ Դա, սակայն, իրավապահներին, պարզվում է, ոչնչով չի օգնել։ Նշենք նաեւ, որ սպանված Ալբերտ Ղազարյանի հարազատները սպանությանն առնչվող որեւէ վարկած ու որեւէ մեկի մասնակցությունը չեն բացառում։ Իսկ բացահայտման հարցում շարունակում են հուսալ, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա։

Leave a comment