Archive for May, 2009

Ինչ են թաքցնում հիմնադրամի ետեւում

(Աղբյուրը՝ «Հրապարակ»

Հեղինակը՝ Սյուզան Սիմոնյան)

 

 

Երեկ “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 18-րդ նիստն է անցկացրել: Ամենամյա մայիսյան նիստերին այս կառույցը սովորաբար հաստատում է իր մեկ տարվա անելիքները. ուսումնասիրում է արդեն կազմված ծրագրերը եւ նախահաշվարկները, գնահատում է դրանց հրատապության աստիճանը, հավանություն է տալիս կամ ոչ. մի խոսքով, որոշում է, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվելու, եւ որքան միջոցներ են պահանջվելու դրա համար: Ըստ այդմ որոշվում են հեռուստամարաթոնի թեման եւ արդեն հունիսի սկզբին հաստատված ծրագրի շուրջ տեսահոլովակների եւ ֆիլմերի նկարահանումները: Ճիշտ է, նիստին նաեւ կադրային հարցեր են որոշվում, սակայն դա՝ սկզբում եւ կարճ: Ընթերցելով երեկ ստացած մամուլի հաղորդագրությունը՝ փորձում էինք հասկանալ, թե ինչով է այնուամենայնիվ զբաղվելու աշխարհասփյուռ հայության միջոցները հայրենիքի հրատապ խնդիրներին ծառայեցնող այս կարեւորագույն կառույցը: Սակայն այդ մասին ոչ մի տող չգտանք: Փոխարենը՝ թվարկված էին աջակցություն ցուցաբերած եւ մեկ միլիոն ու ավելի ԱՄՆ դոլար նվիրաբերած գործարարները՝ Սամվել Կարապետյան, Սերգեյ Համբարձումյան, Գագիկ Ծառուկյան, Սեյրան Կարապետյան, Գենադի Ստեփանյան, Էդիկ Խաչատրյան, թե նրանցից ով ինչ վկայագիր եւ ինչ պաշտոն ստացավ: Կադրային հարցերից թերեւս ամենաուշագրավը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՌԴ ներկայացուցչի՝ հայտնի ձեռնարկատեր, “Տաշիրի” սեփականատեր Սամվել Կարապետյանի ընդգրկումն է եւ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմից դուրս գալը: Պաշտոնական պատճառը բազմազբաղությունն է, սակայն կարծիքներ կան, որ վերջին տարիներին հայտնի բարերարը դժկամությամբ էր փող տալիս հիմնադրամին՝ ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով: Մեզ հասած լուրերով՝ վերջին շրջանում իրականացված ծրագրերի մի մասը ձախողվել է, իսկ մարաթոնի ժամանակ հայտարարված գումարի մեծ մասը չի մուտքագրվել հիմնադրամի հաշվեհամարին:

Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնում հաստատվել է Արա Վարդանյանը: Ասում են, թե նա նշանակվել է բացառապես իր ճարպկության շնորհիվ: Նրա պաշտոնական առաջխաղացումը սկսվեց նախկին գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի օրոք, երբ Վարդանյանը ստացավ հիմնադրամի փոխնախագահի պաշտոնը: Ոչ առանց հիմնադրամում աշխատող իր ազդեցիկ ընկերների աջակցության: Նրա ընկերների թվում էին Արմեն Դարբինյանի կինը՝ Արմինա Դարբինյանը, որը Նաիրա Մելքումյանի խորհրդականն էր, եւ Ալիկ Հարությունյանի եղբայրը: Չհաջողված տնօրեն Վահե Աղաբեկյանցի հեռացումից հետո Արա Վարդանյանն արդեն մեկ տարի է, ինչ հիմնադրամի դե ֆակտո ղեկավարն էր: Այդ ընթացքում որեւէ ռազմավարական ծրագիր, ինչպես, օրինակ, “Հյուսիս-հարավ մայրուղին” էր կամ “Արցախի վերածնունդը”, այս ընթացքում չի իրագործվել: Վերադառնանք, սակայն, մամուլի հաղորդագրությանը: Ասվում է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: “Հայաստան” համահայկական հիմնադրամի նիստերում քաղաքական հարցերի քննարկումը եւս մի նորամուծություն է: Այս դեպքում՝ օգտակար, քանի որ ոչ ասելիք կա, ոչ անելիք:

Leave a comment