Archive for November, 2008

Ինչու են լռում գեներալները

(Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»

Հեղինակ՝ Լուսինե Բարսեղյան)

Չնայած ամբողջ աշխարհը քննարկում է ԼՂ հարակից տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը, իսկ ԼՂ կարգավիճակը մեծ հարցականի տակ է, այս ողջ ընթացքում հայրենի գեներալիտետը բառ անգամ չարտասանեց։

Իհարկե, դեռ անցյալ շաբաթ Ղարաբաղից լուրեր ստացվեցին այն մասին, որ տեղի գեներալիտետը խիստ դժգոհ է Սերժ Սարգսյանի ստորագրած Մայնդորֆյան հռչակագրից։ Ավելին, ըստ հավաստի տեղեկությունների, գեներալները բավական կոշտ խոսակցություն էին ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչից անմիջապես հետո Ղարաբաղ շտապեց Սերժ Սարգսյանը։ Ըստ իրազեկ աղբյուրների, սակայն, Սերժ Սարգսյանը դժգոհ գեներալներին ուղիղ ասել է, որ եթե նրանք ուզում են պահպանել իրենց ունեցած-չունեցածը, ապա թող հանգիստ նստեն տեղները եւ լռեն։ Ու քանի որ գեներալները բավական բան ունեն կորցնելու, «սսկվել», նստել են։ Սույն գեներալները, որ երբեք առիթը բաց չեն թողել` «ոչ մի թիզ հող թշնամուն» ասելու, փաստորեն, իրենց «մարշրուտնու» գծերը, փայտի բիզնեսն ու մնացած բիզնեսները «գերակա շահ» համարեցին Ղարաբաղի նկատմամբ։ Բնականաբար, Սերժ Սարգսյանի համար առանձնակի դժվարություն չի կարող լինել շատ արագ կազմակերպել այս գեներալներից ցանկացածի սնանկացումը։ Օրինակ, Արշալույս Փայտյանը շատ արագ կարող է զրկվել պլաստմասե խողովակներ արտադրող իր «Արշանդ» գործարանից, «Մեծ անիվ» ընկերության իր փայաբաժնից։ Այս գեներալը լուրջ բիզնես ունի Լոռու մարզում։ Նրա անվան հետ է կապված մարզի անտառների ծառահատումը։ Փայտյանը լրջորեն ներգրավված է փայտի բիզնեսի մեջ։ Նա նաեւ Վանաձոր-Երեւան երթուղային գիծ ունի։ Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը, որն արդեն քանի տարի է, փորձում է իր տեղը գտնել Հայաստանի քաղաքական դաշտում, եւս ներգրավված է փայտի բիզնեսի մեջ։ Նա հասցրել է Մոնումենտում իրար կողքի մի քանի «էլիտար» շենք կառուցել։ Այս գեներալը լուրջ մասնակցություն է ունենում զանազան տենդերների գործում եւ, ընդհանրապես, գործունեության շատ ավելի լայն դաշտ ունի բիզնես շրջանակներում։ Գեներալ Գագիկ Մելքոնյանը մի քանի բենզալցակայանների, «մարշրուտնու» գծերի եւ այլնի տեր է։ Այս գեներալը նաեւ բանակին համազգեստ մատակարարողներից մեկն է։ Մեկ այլ գեներալ` Լյովա Երանոսյանը, ունի գազալցակայաններ, խանութներ, էլեկտրոնիկայի խանութ Երեւանում, ձկնաբուծարան` Տավուշի մարզում եւ այլն։ Ադմիրալ Սամոն, նույն ինքը`գեներալ Սամվել Հովսեփյանը, որ վերջին շրջանում ակտիվորեն մտել է երկրապահական շրջանակներում կազմակերպված ինտրիգների մեջ, եւս լուրջ բիզնեսմեն է. կահույքի գործարան, խանութներ, այդ թվում` ոսկեղենի եւ այլն։ Իհարկե, նրա բիզնեսները հիմնականում Մոսկվայում են, բայց դա, թերեւս, կապ չունի։ Էլ չենք խոսում այն մասին, որ մեր փառապանծ գենելարիտետի գերակշիռ մասը հեկտարներով հողատարածքներ ունի Ղարաբաղի հարակից տարածքներում։ Այստեղ կառուցվող իրենց տներում նրանք հիմնականում օգտագործում են զինվորական ներուժը։ Հայրենի գեներալիտետի հիմնական զբաղմունքը, սակայն, տղաներին բանակից ազատելը, տեղափոխությունները, քաղմասներից մարդ հանելը, գողական հարցեր լուծելն է։ Զինվորական այս խավը եւս այնքան է սերտաճած կրիմինալի հետ, որ, օրինակ, մոտ 2 շաբաթ առաջ ղարաբաղցի մոսկվաբնակ հեղինակություններից մեկի թաղմանը, ըստ ղարաբաղյան մեր աղբյուրների, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ գեներալ Օգանովսկին, նույն ինքը` Սամվել Կարապետյանը, իր հաշվին ասֆալտապատել է մահացած հեղինակության տան ողջ բակը, որպեսզի Մոսկվայից նրա հուղարկավորությանը եկած քրեական հեղինակությունները «թարմ» ասֆալտի վրա կանգնեն։ Ընդ որում, Օգանովսկին ասֆալտապատման գործընթացը կազմակերպել է հորդ անձրեւի տակ։ Բնականաբար, մեր փառապանծ գեներալիտետի բիզնեսները կարելի է շատ երկար թվել, սկսած կազինոների սիրահար Խաչատուրովից, վերջացրած ղարաբաղցի Հյուսնունցի Ստեփանակերտի «Լոտոս» հյուրանոցով ու սննդի խանութների ցանցով, Բաղմանյան Հայկազի փայտի, «մարշրուտնու գծերով», գազալցակայաններով ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` Երեւանի կենտրոնում գտնվող «Պիրամիդա» գիշերային ակումբով։ Ամբողջ այս ընթացքում Սերժ Սարգսյանը եւ գործող ռեժիմը նպատակաուղղված այնպիսի քաղաքականություն է վարել բանակում, որ հասցրել է վերջնականապես բարոյազրկել բարձրագույն սպայակույտին, որոնց վրա, բնականաբար, «դաստաներով» կոմպրոմատ ունի։ Այս բոլոր գեներալները ցանկացած պահի կարող են հրապարակայնորեն մեղադրվել իրենց գործած հանցագործությունների մեջ եւ դատվել։ Այնպես որ, բոլորովին պատահական չէ, որ Սամվել Բաբայանը եւ մյուսները հրաժարվում են խոսել Ղարաբաղի հիմնախնդրի մասին այն պահին, երբ հանգուցալուծումն այդքան մոտ է եւ ամենեւին էլ ոչ մեր օգտին։ Համենայնդեպս, նրանցից այս հարցով մեկնաբանություն, գնահատական ստանալու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան։

Leave a comment