Բանան արտահանող Հայաստանը

(Աղբյուրը՝ «Հետք»

Հեղինակ՝ Էդիկ Բաղդասարյան)

2006 թ.-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 3002,2 տոննա բանան, 90,7 տ էլ արտահանվել է Վրաստան: 2005-ին այդ կղզիներ է արտահանվել 594 տոննա բանան: Այս տվյալները մեզ տրամադրել է Վիճակագրության պետական խորհուրդը:

Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) նախագահի տեղակալ, գնդապետ Կ. Մաթեւոսյանը մեր հարցմանը պատասխանել է, որ 2005-2006 թթ. Հայաստանից արտահանվել է 866 տոննա բանան: Հարցումների պատասխանները ստացել ենք նույն ժամանակահատվածում:

Իսկ այժմ ավելի մանրամասն ներկայացնենք Վիճակագրության պետական խորհրդի տրամադրած տեղեկությունները 2005, 2006, 2007 թթ. Հայաստան ներկրված եւ Հայաստանից արտահանված բանանի մասին:

2005-ին Հայաստան է ներկրվել 8192,4 տոննա բանան, որից 8128,3-ը` Էկվադորից, իսկ 60,1-ը` Կոստա-Րիկայից:
2005-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 594, 4 տ բանան:

2006-ին Հայաստան ներկրվել է 8614 տ բանան, որից 1509-ը` Կոստա Րիկայից, 7056-ը` Էկվադորից, 0,2-ը` Իրանից, 8-ը` Վիետնամից, 38,2-ը` Գվատեմալայից, 3,2-ը` Թայլանդից:

2006-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 3002,2 տ բանան, 90,7 տոննա էլ` Վրաստան:

2007-ին Հայաստան է ներկրվել 17 197.9 տ բանան (մոտ 2 անգամ ավելի, քան 2006 թ.: Հայաստանից 2007-ին արտահանում չի եղել:

Հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանից բանան արտահանվի Բահամյան կղզիներ եւ Վրաստան: Վրաստանը գուցե մի քիչ խելքին մոտ է, բայց Բահամյան կղզիներ արտահանելը պարզապես անիմաստ է, քանի որ այդ կղզիներում աճում է բանան: Բացատրությունը, բնականաբար, պետք է տան պետական մարմինները, մեր եզրակացությունները շատ ավելի տհաճ են դառնում պաշտոնյաների համար, եթե հիմքում փաստեր են:

Այս ամենը պարզելուց հետո նորից նամակ ենք գրել Մաքսային պետական կոմիտեի նախագահին` խնդրելով մեկնաբանել մեր արձանագրած տարօրինակ փաստերը:

Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ, գնդապետ Ա. Աֆրիկյանը պատասխանել է. «գ տեղեկացնում ենք, որ 2005-2006 թթ. «Քեթրին» ՍՊԸ-ի կողմից Բահամյան կղզիներ են արտահանվել 59,44 կգ բանանի յուղ, որ համապատասխան լրացվել է 775,4 տոննա նախկինում «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված բանանի վերաարտահանման հայտարարագիր: Ըստ մաքսային վիճակագրության մեթոդոլոգիայի` «վերաարտահանում` նախկինում ժամանակավոր ներմուծում վերամշակման համար մաքսային ռեժիմից հետո» մաքսային ռեժիմը համարվում է արտաքին առեւտուր եւ ընդգրկված է ՀՀ-ից արտահանումների մեջ»:

Սովորական քաղաքացիներիս համար, իհարկե, շատ դժվար է հասկանալ, թե ինչ է փորձում բացատրել ՄՊԿ-ի նախագահի տեղակալը` որ Հայաստան բանան է ներկրվում, այնուհետեւ պատրաստվում է բանանի յուղ եւ արտահանվում Բահամյան կղզինե՞ր: Որ Հայաստանը բանանի վերամշակման գործում ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ աշխարհում առաջնային դի՞րք ունի: Մենք, հավանաբար, չենք հասկանում, թե ինչի է ընդունակ հայ գործարարը, տվյալ դեպքում` «Քեթրին» ընկերությունը:

Փորձեցինք պարզել նաեւ, թե Հարկային ծառայությունը ստուգումներ կատարե՞լ է այդ կազմակերպությունում նման փաստերի առկայության պարագայում: Հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության պետ Կ. Մկրտչյանը մեր հարցմանը պատասխանել է, որ 2005-2006 թթ. միայն «Քեթրին» ՍՊԸ-ն է բանան ներկրել. «…Միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ընկերությունում 11.12.2007 թ. ՀՀ ԿԱ ՀՊԾ վերահսկողության վարչության կողմից իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որն ընդգրկել է 01.01.2004-11.12.2007 թթ. ստուգման ժամանակշրջանը: Ստուգմամբ արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորություններ` ԱԱՀ-ի եւ շահութահարկի գծով, 404 508, 4 հազար դրամ ընդհանուր գումարի չափով»:

Տարիներ շարունակ պետական մարմինները ներկայացնում են թվեր, որոնք հավաստի չեն եղել: Երբ լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, տնտեսագետները որեւէ կասկած էին հայտնում այդ թվերի վերաբերյալ, պաշտոնյաներն անմիջապես հակադարձում էին, թե իրենց թվերը ճիշտ են: Բոլորիս էլ հասկանալի է, որ Հայաստանից ոչ Բահամյան կղզիներ, եւ ոչ էլ Վրաստան բանան չի արտահանվել: Այդ փաստաթղթերը կեղծվել են մաքսայինում: Եւ բացառվում է, որ այդ մասին տեղյակ չլինեն Ազգային անվտանգության եւ Հարկային ծառայություններում, դատախազությունում եւ զանազան գերատեսչությունների վերահսկողական ծառայություններում:

Իսկ իրականությունն այլ է, քան մեզ ներկայացվում է` այդ տարիներին Հայաստան ներկրվել է շատ ավելի մեծ քանակությամբ բանան, քան ներկայացնում են Վիճակագրության պետական խորհուրդը եւ Մաքսային պետական կոմիտեն:

Պաշտոնական տվյալներով` 2007-ին Հայաստան է ներկրվել 17 200 տոննա բանան, մոտ երկու անգամ ավելի, քան 2006-ին: Իհարկե, դա չի նշանակում, որ հայերը 2007-ին սկսել են երկու անգամ ավելի բանան ուտել: Պարզապես անցած տարիներին այդ քանակությամբ բանան` մոտ 8 հազար տոննա, ամբողջովին ստվերում էր:

Բանանի կնքահայրը Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանն էր, «Քեթրին» ընկերությունը հենց նրան է պատկանում: Տարիներ շարունակ չհարկված եկամուտները մտնում են նրա գրպանը, խոսքը 1-2 մլն-ի մասին չէ, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների, որոնցով պետք է բարձրացվեին թոշակները, կառուցվեին դպրոցներ, ջրագծերգ
Այդ գումարները Գրիշա Հարությունյանը ներդրել է էլիտար շենքերի կառուցման (նրան է պատկանում «Գրիար» ՓԲԸ-ն) եւ այլ բիզնեսներում: Իսկ թե դրանցից որքա՞նն է ստվերում, հայտնի է միայն պետական մարմիններին եւ Գրիշա Հարությունյանին:

Հ.Գ. Ես այս անգամ ինքս եմ վարչապետի վերահսկողական ծառայությանն առաջարկում կատարել ուսումնասիրություն եւ պետական բյուջե վերադարձնել այդ տասնյակ միլիոնավոր դոլարները:

  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: