«…երբ բարերարը, հիմնադրամը, շահառուն եւ կապալառուն դժգոհ են»

(Աղբյուրը՝ «Հետք»

Հարցազրուցավար՝ Էդիկ Բաղդասարյան

Անգլերեն տարբերակը)

– Հեռուստամարաթոնին մեծ մասամբ լինում են կանխիկ գումար փոխանցելու խոստումներ: Բայց ոչ միշտ է, որ գանձվում է խոստումների 100 տոկոսը, ընդ որում` կատարվող գանձումներն էլ իրականացվում են առաջիկա 11 ամիսների ընթաքում: Մենք այսօր ունենք դեռ չիրականացված խոստումներ` տրված 2007թ. նոյեմբերի 23-ի հեռուստամարաթոնի ժամանակ: Անցյալ 2-3 տարիներին Հայաստանում դոլարն անկում էր ապրում: Տարվա կտրվածքով դա ընդհանուր գումարից մոտ 30 տոկոսի խնդիր էր առաջացնում: Դրա հետ մեկտեղ շինանյութերի գների աճ եղավ: Օրինակ` բիտումի մեկ տոննան 300 դոլար էր, իսկ այսօր այն 500-ից անցնում է: Հասավ մի պահ, երբ խոստումներից ակնկալվող գումարներն ընդհատվեցին, եւ ստացանք այն, ինչ ունենք` Հյուսիս-հարավ մայրուղուց մոտ 30 կմ մնաց անավարտ: Հոգաբարձուների անցյալ տարվա նիստին հայտարարվեց, որ հիմնադրամը սպառել է իր միջոցները, բայց քանի որ Հյուսիս-հարավը ստրատեգիական նշանակություն ունի եւ պետք է ավարտվի, Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ բյուջեից կհատկացնի 2 մլն դոլար, Արցախի կառավարությունը խոստացավ 1 մլն դոլարի ներդրում, որոնց շնորհիվ մայրուղին պետք է ավարտվեր: Անցյալ ամսվա դրությամբ գործընթացն արդեն սկսվել է: Ճանապարհի բաց մնացած հատվածների համար արդեն կնքվել են եռակողմ պայմանագրեր` «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀՀ), Արցախի կառավարություն եւ կապալառու: Առնվազն մեկ հատվածի վրա աշխատանքներն արդեն սկսված են: Հուսով ենք, որ մինչեւ 2008 թ. վերջ Հյուսիս-հարավ մայրուղին կհանձնվի լիարժեք օգտագործման:

– Եթե որոշումը կայացվել է հոգաբարձուների խորհրդի անցյալ տարվա նիստի ժամանակ, ինչու՞ է այս գործընթացը մեկ տարի տեւել:

– Որոհետեւ գումարները հատկացվեցին 2008 թ. բյուջեից: Հետո` ունեցանք նախագահական ընտրություններ, փոխվեց կառավարությունը, եւ այս ամենը ծրագրերի արագացմանը չօգնեց: Հետաքրքիր է, որ խնդիրը հատուկ չէ միայն հիմնադրամին, այսինքն` ցանկացած կազմակերպություն, որն իրականացնում է ծրագրեր ինչ-որ նախատեսված բյուջեով, կանգնած է նույն պրոբլեմի առջեւ: Նույն խնդիրներն ունեն նաեւ «Լինսի» եւ «Հայաստանի սոցիալական ներդրումների» հիմնադրամները: Վերջինս նամակով ինձ տեղեկացնում է, որ իրենք պատրաստվում էին վերանորոգել Գյումրու «Մեղվիկ» կենտրոնի շենքը, պայմանագիրը ստորագրել են 2007-ի նոյեմբերի 21-ին, բայց շինարարն այս տարվա ապրիլի 3-ին, գործը չսկսած, ծրագիրն իրականացնելուց հրաժարվել է` գների սղաճի պատճառով:

– Ծրագրերի ուսումնասիրությունից երեւում է, որ ամեն ինչի պատճառը ծրագրերի բացակայությունն է: Գործը սկսելուց հետո են միջոցներ փնտրում: Ի սկզբանե ինչ-որ մեկը պատասխանատվություն չի՞ ստանձնում ծրագրի համար:

– Ձեր ասածի մեջ իրականություն կա: Բայց արդար լինելու համար պետք է ասեմ, որ սատանան թաքնված է գների այս արտառոց վերիվարումների մեջ: Երկու ամիս առաջ երկաթի մեկ տոննան 300 դոլար էր, իսկ այսօր այն 3 անգամ բարձրացել է: Այսինքն` բարեխղճորեն արված նախագիծը 3 ամիս հետո իբրեւ հուսալի նախագիծ արժեզրկվում է: Ես ունեմ «Հայռուսգազարդ»-ից նախագծային գներ` 2007-ի փետրվարի դրությամբ: Այդ նախագծի հիման վրա ես գումար եմ հավաքել: Բայց այսօր գները 100 տոկոսով թանկացել են, 30 միլիոնանոց ծրագիրն այսօր արդեն արժե 60 մլն: Իրականում ծրագրերի կյանքի տեւողությունը պետք է լինի 6 ամիս: Եթե այդ ընթացքում գումարը չխոստացվեց, չհավաքվեց, հիմնադրամ չհասավ եւ դրամի չվերածվեց, ուրեմն շանսը մեծ է, որ ծրագիրը ֆինանսապես կտապալվի: Լուծումներից մեկն է նաեւ, որ հիմնադրամն ունենա լուրջ պահուստային ֆոնդ, որը կուղղվի գների այս վերիվարումների հետեւանքները վերացնելուն:

– Պատճառը, կարծում ենք, նաեւ այն է, որ որոշումները շատ դանդաղ են կայացվում: Բյուրոկրատական քաշքշուկների պատճառով ամեն ինչ ձգձգվում է: Հակառակ պարագայում, եթե ամեն ինչ արվեր 3 ամսում, թանկացումները ծրագրերի իրականացման վրա էական ազդեցություն չէին ունենա:

– Եթե ամեն ինչ լիներ այդպես օպերատիվ, մենք կլինեինք ոչ թե զարգացող, այլ զարգացած երկիր: Մեր բոլոր մարտահրավերները հենց այսպիսի գործոնների շուրջ են: Եթե հիմնադրամը եզակի օրինակ լիներ, ուրիշ բան: Դա արդեն կարելի էր համարել մեկ անհատի կամ կազմակերպության մեղքը: Բայց երբ այս պրոբլեմը համատարած է, արդեն իրականության թելադրանքն է: Իհարկե, ինչ-որ տեղ ծայրահեղություն է ասածս, բայց կարծես հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ բարերարը, հիմնադրամը, շահառուն եւ կապալառուն դժգոհ են: Ուրախ մարդ չկա, դա ես լավ եմ պատկերացնում: Սակայն չկա գրքում գրված որեւէ բանաձեւ, որը կարելի է կիրառել: Սա, իսկապես, պահանջում է յուրահատուկ լուծումներ` ամեն դեպք իր առանձնահատուկ պայմաններով:

– Չե՞ք կարծում, որ նման իրավիճակն անվստահություն է առաջացնում նվիրատուների մոտ:

– Միանշանակ: Բայց երբ բացատրում ես, երբ քո գլխարկն են դնում իրենց գլխին, եւ դու փորձում ես, ներկայացնելով իրականությունը, լուծումներ կորզել իրենցից, իրենք էլ հայտնվում են նույն վիճակում: Մենք պետք է ինչ-որ տեղ գնահատենք իրականությունը, մեր հնարավորության սահմանները եւ տեղավորվենք դրա մեջ: Ասածս այն չէ, որ մենք չպետք է ձգտենք: Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ` պետք է կատարենք, ձգտենք առավելագույնին: Եվ ասեմ, որ հաճախ դա ստացվում է: Նոր մոտեցումներով, նախահաշվարկներով եւ նախազգուշացումներով հաճախ փրկվում են շատ ծրագրեր, որոնք նույնպես կարող էին հայտնվել դժվար վիճակում:

– Մարտակերտի զարգացման ծրագիրն ի՞նչ վիճակում է:

– Մարտակերտի ջրագիծն ավարտվեց, ջուրը հասավ քաղաք: Սակայն Մարտակերտը ներքին ցանցի խնդիր ունի, որի համար դեռ ծրագիր չկա: Եթե ջուրն առաջ 30 կմ էր հեռու, հիմա հեռու է ընդամենը 30 մ: Մեր ծրագրի մեջ չկար, բայց շատ արագ առաջադրվեց հարցը, եւ մենք քաղաքի համար ջրավազան պատրաստեցինք: Անցյալ ամսվա դրությամբ ջուրը կուտակվում էր այնտեղ: Իհարկե, ջուրը շատ ավելին է, քան կարող է կուտակել ջրավազանը, կամ ձմռանը փակել չի կարելի, որովհետեւ ջուրը կսառչի: Այսօր մարտակերտցին ունի այնքան ջուր, որքան իրեն հարկավոր է: Բայց նա ջուր չունի իր տան ծորակում, ինչը ենթադրում է լրացուցիչ ծրագիր եւ ներդրում:

– Մարաթոնի 2006 թ. ցուցակում կային մի քանի խոշոր նվիրատուներ, ովքեր կոնկրետ խոստումներ էին տվել: Օրինակ` Արա Աբրահամյանը 1 մլն դոլար էր խոստացել Ստեփանակերտում դպրոցի կառուցման համար: Ես որեւէ տեղից պատասխան չեմ ստանում` նա տվե՞լ է այդ գումարը, դպրոցը կառուցվե՞լ է:

– Կարծում եմ` դա մեծ գաղտնիք չէ: Եթե դպրոցը կառուցվել է, շենքը կա, ուրեմն գումարը տվել է, եւ հակառակը:

– Ստեփանակերտում ինչ-որ դպրոցներ են կառուցել, բայց չգիտենք, թե ֆինանսավորողն ով է:

– Ճիշտն ասած` ես էլ չգիտեմ: Ես մի օրինակ բերեմ: Մեր թելեթոնին բարերարներից մեկը (անունը չեմ ուզում հրապարակել) խոստացել էր 500 հազար դոլար: Նա ԱՄՆ-ում բաց բաժնետիրական կազմակերպություն ունի, որի ակցիաների ինքնարժեքը 900 միլիոն դոլարից իջել է 150 միլիոնի: Այսօր նա 4 անգամ աղքատացել է եւ իր խոսք տված 500 հազար դոլարն էլ չի կարողանում տալ: Ես չգիտեմ, թե Արա Աբրահամյանին կամ մյուսին ինչ է պատահել: Բայց իրականություն է, որ մարդն, իսկապես, ամենայն ազնվությամբ հայտարարում է նվիրատվության մասին, սակայն վճարման պահին ֆինանսական գործոններ են ի հայտ գալիս, եւ նա չի կարողանում կատարել իր խոստումը: Այն մարդը, որ 500 դոլար էր խոստացել, այսօր իր ընտանիքը չի կարողանում հացով ապահովել: Նրա բիզնեսն ու տունը բանկը վերցրել է; այդ մարդուն ես չեմ համարում խաբեբա: Իհարկե, կա մարդ, որ հայտարարում են, որպեսզի իր անունը հնչի: Այսօր մեր մեջ հայտնվում են այլազգի մարդիկ, որ նույնիսկ չգիտենք, թե ինչ ազգից են, ազգանունը հայի է, ու չեն վճարում: Կոնկրետ Արա Աբրահամյանի հետ կապված` չգիտեմ: Գումարի ինչ-որ մասը տրվել է, բայց կոնկրետ ինչքա՞նը` չգիտեմ: Որովհետեւ իմ ժամանակաշրջանից առաջ է եղել, ես գիտեմ, որ Ա. Աբրահամյան եւ ուրիշ անուններ մեր ստանալիք գումարների անվանացանկում կան:

– Հիմնադրամի ծրագրերի մեջ ներառված էր նաեւ Ստեփանակերտի թիվ 11 դպրոցը: Դա ի՞նչ վիճակում է:

– Դա դարձյալ սկսվել է իմ ղեկավարման ժամանակաշրջանից առաջ, բայց որովհետեւ հոլովվել է հարցը, ես տիրապետում եմ իրականությանը: Ծրագիրը եղել է 2 մլն դոլար արժողությամբ, հետո վերանայել են այն` մտադրվելով ծախսերը նվազեցնել: Նախագիծը վերամշակվել է, եւ ծրագրի արժեքը գնահատվել է 1 մլն 200 հազար դոլար: Բարերարը հիմնադրամին փոխանցել է 600 հազար դոլար: Դրանով կառուցման աշխատանքները պետք է սկսված լինեին, ինչը չի արվել մի քանի պատճառներով: Դրանցից մեկն այն է, որ նորից ընկել ենք այս անցումային շրջանի մեջ: Նկատի ունեմ հիմնադրամի նախկին տնօրենի հեռանալը եւ իմ նշանակվելը: Ինձնից պահանջվեց 4 ամիս, մինչեւ կարողացա տիրապետել հիմնադրամի իրավիճակին: Ես հայտնվել եմ ինձ համար բավականին դժվար, սակայն, ինչպես հասկանում եմ, ոչ գաղտնի իրավիճակում, որ հիմնադրամն ունի ֆինանսական միջոցների դեֆիցիտ: Ստացվում է այնպես, որ հիմնադրամն ունի պայմանագրային պարտավորություններ, որոնք եթե վերածվեն կատարողականի, համապատասխան կանխիկ գումար չկա: Ինձ թվում էր, թե սա արտառոց վիճակ է, բայց հետո հասկացա, որ մարդիկ ուղղակի խոստացել են որոշակի գումար, տվել են ավելի պակաս, առկա է նաեւ դրամի արժեւորում եւ դոլարի արժեզրկում, գների սղաճ, որոնց պատճառով էլ հայտնվել ենք նման վիճակում: Ինձ համար դա պատճառ էր, որ ես չշտապեմ նոր ծրագրեր սկսել: Մենք նաեւ հանել ենք որոշ խոստացված, հայտարարված ծրագրեր, որպեսզի կարողանանք մեր միջոցները ճիշտ կառավարել: Միայն այն չի, որ եթե ասել ես, ուրեմն պետք է անես: Պետք է նաեւ կարողանաս ընդունել սխալը, ընդունես, որ մի քիչ ավելի ես ոտքդ ձգել, քան իրավունք ունեիր եւ, հետ հավաքելով, կարողանաս ստեղծել պատասխանատու իրավիճակ:

– Թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնել: Ասենք` անցյալ հեռուստամարաթոնին Ազոխ գյուղի մասին ֆիլմ էր ցուցադրվում, որը պատմում էր, թե ինչպես են գյուղացիներն առավոտից երեկո դույլերով ջուր կրում: Մարդիկ, այդ պատկերները տեսնելով, գումար են հատկացնում: Սակայն հետո հայտարարվում է, որ Ազոխի ջրագիծը չի անցկացվելու ինչ-ինչ օբյեկտիվ համարվող պատճառներով: Չե՞ք կարծում, որ նման մոտեցումը սխալ է:

– Վերջին հաշվով` հիմնադրամի կատարած ցանկացած աշխատանքի դատավորները նվիրատուներն են: Իսկապես, եթե ես փոքր-ինչ կասկած ունենայի, որ այստեղ կա չար միտում, անպատասխանատու վերաբերմունք, հանիրավի մոտեցումներ, ձեզ հետ լիարժեք կհամաձայնեի: Բայց այդպես չէ: Բերեմ Մեծ Թաղլարի ջրագծի օրինակը: Կապալառուն եղել է ոչ հուսալի: Մեզ առաջարկվել են գներ, որոնց կապակցությամբ մեր հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, թե դրանք շատ ցածր են, բայց կապալառուն հավաստիացրել է, թե իր ունեցած պահուստային խողովակների հաշվին են ցածր: Ծրագիրը սկսեցինք, սակայն կապալառուն կարողացավ իրականացնել աշխատանքների ընդամենը 2 տոկոսը: Փաստն այն էր, որ մենք ստորագրել էինք արժանապատիվ եւ արդար մոտեցմամբ պայմանագիր, տրամադրել էինք ֆինանսներ, անշուշտ, մեր դեֆիցիտի հաշվին: Ուզում եմ ասել, որ հիմա մեր միջոցների կառավարման, ծրագրերի սեղմացման խնդիր ունենք: Պետք է պարզենք, թե որ ծրագրերն են, որոնք չարժե շարունակել, որ կապալառուն հուսալի չէ: Եթե մենք ունենայինք կանխիկ գումար, անբարեխիղճ կապալառուի հետ պայմանագիրն անմիջապես կխզեինք, նորը կկնքեինք եւ առաջ կգնայինք:

– Խոսենք ձեր բերած` Մեծ Թաղլարի օրինակից: Հայտարարել եք մրցույթ, հեռուստատեսությամբ այդ մասին ասվել է, գյուղացիները գիտեն, որ հիմա իրենց ջրագիծն անցկացվում է: Բայց հանկարծ ջրագիծը չի անցկացվում, եւ մարդկանց նույնիսկ բացատրություն չեք տալիս: Երբ գյուղացիներին հարցնում ես ջրագծի մասին, ասում են` չգիտենք, փողերը կերան: Գնահատականը սա է, եւ նրանց չի կարելի մեղադրել, որովհետեւ որեւէ մեկը չի բացատրել, թե ինչու է այդպես:

– Ճիշտ եք ասում, բացթողումներ կան ամեն օր: Դա անձնակազմի մակարդակի արդյունքն է: Ուզում եմ ասել, որ ունենք մի կազմակերպություն, որը կարիք ունի արդիականացման: Ես 21-րդ դարում իբրեւ գործադիր տնօրեն ամիսը 1800 ստորագրություն եմ տալիս: Հաշվել եմ, որովհետեւ հոգնել եմ ստորագրելուց: Եթե պատճենահանման թուղթ է անհրաժեշտ, պետք է ստորագրեմ: Ես ստեղծագործելու համար ժամանակ չունեմ: Հիմնադրամի կառույցը, որ կերտվել է տարիներ առաջ, ժամանակների հետ չի ապրել: Ես սա բարձրաձայնում եմ ամեն օր, որովհետեւ միտում ունեմ վիճակը փոխելու: Խոսում եմ Հիմնադրամի հոգաբարձուների հետ, առաջարկում եմ ստեղծել մի հանձնաժողով, որը կվերանայի Հիմնադրամի կառուցվածքն ու իրավիճակը եւ կբերի 21-րդ դար: Որպեսզի, երբ պայմանագիր ես խզում, հաջորդ տրամաբանական քայլը շահառուներին տեղեկացնելը լինի: Ոչ թե մինչեւ դրանք անելը 18 կրակ հանգցնելու խնդիր ունենաս եւ շահառուին ընդհանրապես մոռանաս: Դեռ շահառուն ոչինչ, մոռանաս բարերարին: Երբ իսկապես տրամաբանում ես, երեւակայեք` մեծ պրոբլեմներ չկան, կնճիռները վերանում են:

– Այսինքն` Հիմնադրամում աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվու՞մ:

– Աշխատանքի այնպիսի կազմակերպում, որ հնարավոր լինի բացառել Ձեր կողմից մատնանշված պրոբլեմները, համարյա անհնարին է մեզ մոտ` մեր ունեցած ռեսուրսներով, կազմակերպչական կառույցով:

– Անցյալ տարի սկսվեցին գյուղական ծրագրերը: Այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ 50 գյուղի ծրագիր է կազմված, արդեն շատ մարդկանց հետ ձեռք էին բերվել կոնկրետ պայմանավորվածություններ եւ այլն: Կարծես թե, այս ամենը մոռացվում է: Հիմա ծրագիրն ի՞նչ վիճակում է:

– Չէ, չենք մոռացել: Օսկանյանը երբ հայտարարեց, Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ծիրի մեջ էր: Ծրագիրը 2006 թ. սկսվեց, սեպտեմբերին ներկայացվեց Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին, արժանացավ հավանության թե՛ նախագահի, թե՛ կառավարության, թե՛ սփյուռքի կողմից: Քանի որ այդ ժամանակ արտգործնախարարության ծիրի տակ էր այդ ծրագիրը, սկսվեցին քննարկումներ, թե ի՞նչ կառույց է պետք ծրագիրն իրականացնելու համար: Եվ Հիմնադրամը դիտվեց իբրեւ արդեն պատրաստի կառույց, որը կարող էր մարսել այդ ծրագիրը: 2007-ի ապրիլ-մայիսին, քանի որ ես էի նաեւ արտգործնախարարությունում այդ ծրագրով զբաղվում, որոշվեց, որ ես պետք է տեղափոխվեմ «Հայաստան» հիմնադրամ` իբրեւ տեղակալ գյուղական զարգացման ծրագրերի գծով: Բայց հոգաբարձուների խորհրդի նիստից մեկ շաբաթ առաջ խնդիրները փոխվեցին, եւ ես նշանակվեցի ոչ թե տաղակալ, այլ գործադիր տնօրեն: Հիմնադրամի համար դա ընդհանրապես նոր ծրագիր էր, որը դեռ չի մարսվել, բայց ամեն օր մի քիչ ավել է մարսում: Հիմնադրամում այսօր ստեղծվել է նոր բաժին, որը զբաղվում է գյուղական զարգացման ծրագրերով: Օսկանյանի հայտարարած 50 գյուղերում իրականացվելիք ծրագրերն առաջիկա տարիների խնդիրն են: Գյուղերի ընդհանուր թիվը 150 է, որոնք համարվում են սահմանամերձ: Դրանցից Տավուշի շրջանից 5 գյուղ ընտրվեցին իբրեւ փորձնական: Ծրագիրն ուժեղ թափով, մեր առավելագույն հնարավորություններով առաջ է գնում, ամեն օր ազդում ենք սահմանամերձ գյուղում ապրող մարդու կյանքի հոգեբանության վրա:

– Ինչպե՞ս եք ազդում:

– Մոտեցումը հետեւյալն է. գյուղացին, եթե վճարունակ չէ իր ենթակառուցվածքները պահելու, պահպանելու եւ վայելելու, կառուցված դպրոցը, ճանապարհը, գազաֆիկացումը կամ ջուրը շատ բան չի տալու նրան: Գյուղացին, եթե իր տունը վաճառում է 1000 դոլարով, որովհետեւ Մոսկվայի տոմսի արժեքն այդքան է, նրան ջուրը չէ, որ պահելու է գյուղում: Այդ գյուղացին պետք է զգա տնտեսական շարժը: Մեր ամբողջ մոտեցումը սեւեռված է` ի հայտ բերելու տվյալ գյուղի տնտեսական ներուժը, որպեսզի գյուղացին կարողանա մեկ քայլ ավելի առաջ լինի, մեկ հարթություն ավելի բարձրացնի իր կենսամակարդակը: Կենսամակարդակը բարձրանում է կուշտ փորով, բայց եւ կողքից անհրաժեշտ է հոգեբանություն: Երբ դու ամեն շաբաթ գյուղ ես մտնում, այդ մարդուն հույս ես տալիս, որի հետ միասին բերում ես առնվազն փոքր-փոքր արդյունքներ, մինչեւ գան մեծ ալիքները: Զգում ես, որ գյուղը շարժվում է: Այսօրվա դրությամբ 7-8 գյուղի հետ օպերատիվ շարժվում ենք Տավուշում եւ Լոռիում, հիմա սկսել ենք նաեւ Մեղրիում: Տնտեսական շարժը պետք է ստեղծել տեղի իրականությունից ելնելով: Պետք է նայել, թե մեր գյուղերի պայմաններում հատկապես ի՞նչն է լավ աշխատում: Մենք հայտնաբերել ենք թե՛ Լոռիում, թե՛ Տավուշում կաթնարտադրությունը իբրեւ հեռանկար ունեցող տնտեսական ոլորտ, որով հետաքրքրված է նաեւ մասնավոր հատվածը` հանձինս «Աշտարակ կաթ»-ի, որը պատրաստ է անսահմանափակ կաթ մթերել այս համայնքներից: Խնդիրն այն է, որ «Աշտարակ կաթ»-ը Տավուշ չի գնա, եթե այնտեղ չկան բավականաչափ կովեր եւ ընդունման կետ, որն օրական կմթերի 10-20 տ կաթ: Գյուղացին էլ չի կարող 20 տ կաթ պատրաստել այն հույսով, թե մի օր «Աշտարակ կաթ»-ը կգա: Բա որ չեկա՞վ: Ճիշտ այստեղ է մեր հիմնադրամի առաքելությունն արդարացվում: Պետք է կարողանանք կապող օղակ լինել: Գյուղացու անասունի գլխաքանակը քիչ է, որովհետեւ նա գումար չունի: Այդտեղ հիմա կա միկրովարկավորման հնարավորություն: Մենք ունենք բարերար, որը պատրաստ է իր գումարը հատկացնել ինչ-որ ֆինանսական ինստիտուտի` բանկի, որը գյուղացուն կվարկավորի արտոնյալ տոկոսներով: Հետո` Տավուշի մարզում մեր ունեցած կովերը տարեկան տալիս են 1500 լիտր կաթ: Նույն կովը գոմի հարդարանքը փոխելու եւ արհեստական սերմնավորման հնարավորության դեպքում կարող է տարեկան տալ 3500 լ կաթ: Արհեստական սերմնավորումն ընդամենն արժե 2500 դրամ, բայց տվյալ մասնագետը պետք է ունենա բազա, որպեսզի նրան ձեռնտու լինի գյուղում ապրել: Այդ բազան այսօր չկա, բայց վաղը լինելու է: Հիմա եթե հիմնադրամը կարողանա երկու տարի տվյալ մասնագետի ներկայությունն ապահովել գյուղում, այդ ընթացքում ոչ միայն առաջին, այլեւ այնքան բազա կստեղծվի գյուղում, որ կարիք կլինի նաեւ երկրորդ մասնագետի: Սա է մեր մոտեցումը: Մենք ամեն Աստծո օր սրանով ենք զբաղվում:

– Իսկ այդ ծրագրի իրագործման համար հատկացումներ արվե՞լ են:

– Այո: Օրինակ` Իտալիայի կառավարությունը տրամադրել է 500 հազար եվրո` Տավուշի մեկ գյուղի համար: Գումարը ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի միջոցով է ծախսվում: Կան անհատական դոնորներ: Բարերարներից մեկը խոստացել է 500 հազար դոլար մարզի մեկ այլ գյուղի համար եւ այլն:
Այսօր մեր գյուղերի զարգացման հիմնական պրոբլեմը շուկաների հասանելիությունն է: Եթե շուկաները հասանելի չեն, բարեկարգ գյուղ չի լինելու: Եթե այս հարցը չլուծենք, գյուղացին համայնքից հեռանալու է:
Երբեմն հարցնում են, թե արհեստական սերմնավորման հարցը կամ կով, կարտոֆիլ, սխտոր գնելը հիմնադրամի՞ գործն է, դրա՞ համար է այն ստեղծվել: Իմ պատասխանը մեկն է` հիմնադրամը կոչված է անելու անկարելին: Պետք է անել այն, ինչ ոչ ոք չի կարող անել: Այն օրը, երբ մեկը կանի հիմնադրամի գործը, ուրեմն հիմնադրամը սպառել է իր առաքելությունը: Այսօր դպրոց կառուցողները շատ են: Հիմա Ստեփանակերտի դպրոցը վերակառուցվելու համար հիմնադրամին չպետք է սպասի: Բարերարը կարող է պատվիրել ցանկացած հավաստի կապալառուի, եւ վերջ: Բայց այսօր ոչ ոք պատրաստ չէ հասնել Նռնաձոր եւ գյուղացիներին խմելու ջրով ապահովել: Եթե կա ծրագիր, որը ոչ մի հասարակական կազմակերպություն պատրաստ չէ իրագործել, կառավարությունը, Հայաստանի ժողովուրդը կամ սփյուռքն ինքնուրույն հնարավորություն չունեն այն կատարել, ուրեմն դա հիմնադրամի մարտահրավերն է:

  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: