Archive for August, 2007

Վանաձորում համարյա արտակարգ դրություն

(Աղբյուրը՝ «168 ժամ»

Հեղինակ՝ Արմինե Ավետյան)


Վանաձորում Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության թեմայով շրջանառվող վարկածներն առաջնահերթության տեսակետից իրենց տեղերը զիջել են միմյանց:

Եթե մինչեւ հուղարկավորության օրը վանաձորցիները դատախազի սպանությունը կապում էին Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, ապա հիմա դա պակաս հավանական են համարում: Հիշեցնենք, որ Լոռու մարզի դատախազությունում է գտնվում Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունների փաստի առիթով հարուցված քրեական գործը: Դատախազությունը ստուգումների արդյունքում պարզել էր, որ գողությունը կատարվել է Հենրիկ Քոչինյանի թույլտվությամբ, եւ գողացված թանկարժեք սարքավորումներն ու խողովակաշարը գտնվում են Սամվել Դարբինյանի եղբայր Սեյրան Դարբինյանին պատկանող «Արգիշտի» ՍՊԸ-ում: Սպանությունից անմիջապես հետո շրջանառության մեջ դրվեց այն տեսակետը, թե սպանության հավանական պատվիրատուները Հ. Քոչինյանը եւ Ս. Դարբինյանն են: Այսինքն՝ Ա. Ղազարյանը ցանկացել է բացահայտել նրանց կատարած հանցագործությունը եւ վերջիններիս պատասխանատվության ենթարկել: Սակայն հիմա այս վարկածը պակաս հավանական է թվում՝ Վանաձորում լավ հայտնի էր, որ Ղազարյանի, Քոչինյանի ու Դարբինյանի հարաբերությունները լարված էին: Այս պայմաններում պարզ էր, որ սպանություն կազմակերպելու համար առաջին հերթին կասկածի տակ էին ընկնելու այս երկուսը: Այս վարկածը պարզունակ է համարվում, որովհետեւ Քոչինյանը եւ Դարբինյանը կգիտակցեին, որ նման դաժան քայլի դիմելու դեպքում առաջին հերթին հենց իրենք կասկածի տակ կընկնեին: Մյուս կողմից, Դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ անցած տարիների ընթացքում ՀՀ Գլխավոր դատախազությունը Քոչինյանի եւ Դարբինյանի դեմ հարյուրավոր բողոքներ է ստացել շարքային քաղաքացիներից եւ պաշտոնյաներից: Գլխավոր դատախազությունն այդ բողոքներից ազատվելու համար դրանք ուղարկել է Լոռու մարզի դատախազություն: Ա. Ղազարյանն էլ որոշել է այդ գործերին ընթացք տալ, բայց իշխանության վերին օղակներից հանձնարարել են դադարեցնել գործընթացը: Մեր տեղեկություններով՝ դատախազը հրաժարվել է՝ ասելով, թե հնարավոր չէ այդ ամենը պարտակել: Ասում են, իրավապահ մարմինները հարցաքննել են Ղազարյանի հետ կապ ունեցած բոլոր պաշտոնյաներին: Հ. Քոչինյանը, սակայն, ասաց, որ իրեն հարցաքննության չեն հրավիրել: Վանաձորցիներին այս հանգամանքը զարմանալի է թվում, հատկապես, երբ քաղաքապետ Սամվել Դարբինյանին հարցաքննել են: Մեր աղբյուրներն ասում են, թե Քոչինյանը հիմա թեպետ պաշտոն չունի, սակայն դեռ համարվում է «իշխանությունների մարդը»: Նա խոստացել է նախագահական ընտրությունների ժամանակ գյուղապետերի շրջանում օգտագործել իր նախկին լծակները եւ աշխատել իշխանությունների վերարտադրման օգտին:

Սակայն Քոչինյանի եւ Դարբինյանի հետ կապված առաջին կասկածները կարծես թե հանդարտվում են, եւ հիմա Վանաձորում Ղազարյանի սպանությունն ավելի շուտ հակված են կապել «փայտի գործի» հետ: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե մի քանի գեներալներ տարիներ շարունակ ակտիվորեն զբաղված են փայտի բիզնեսով: Իսկ Ղազարյանը որոշել է ընթացք տալ նաեւ Լոռու մարզի ապօրինի ծառահատումների մասով խոշոր ու «արտոնյալ» գործերին: Ըստ մեր աղբյուրների` այդ առումով հիմա շրջանառվում են գեներալներ Լեւոն Երանոսյանի, Մանվել Գրիգորյանի եւ Արշալույս Փայտյանի անունները: Մենք փորձեցինք «Հայանտառ» ընկերությունից ճշտել, թե վերջին տարիներին եւ հատկապես Ա .Ղազարյանի պաշտոնավարման ժամանակ ապօրինի ծառահատումների ի՞նչ դեպքեր են հայտնաբերվել եւ ի՞նչ գործեր կան հարուցված, եւ արդյոք ընկերությունն ակտիվ համագործակցե՞լ է Լոռու մարզի դատախազության հետ:

«Այո, համագործակցել ենք եւ լավ արդյունք ունենք»,- պատասխանեց «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:

Հետո պարոն Մաթեւոսյանը թվարկեց, թե ինչ դեպքեր կան՝ Օձունի անտառների հրդեհը, Ջիլզայի, Դսեղի, Այրումի գործերը, որոնք շատ խոշոր չափեր չունեն: Այս նույն անունները տվեց նաեւ Ոստիկանության Լոռու մարզի Քննչական վարչության պետ Գագիկ Իսրայելյանը՝ հերքելով, թե ապօրինի խոշոր ծառահատումների հետ կապված քրեական գործեր եղել են: Իսկ պարոն Մաթեւոսյանն ընդհանրապես անհեթեթություն համարեց, թե հայ գեներալները փայտի գործ են անում: «Մենք պարզապես մեր աշխատանքի ընթացքում մարզի իրավապահ կառույցների հետ միասին կարողացել ենք փակել փայտամշակման արտադրամասեր, սղոցարաններ, որոնք օգտագործում էին ապօրինի հատված ծառեր,- ասաց պարոն Մաթեւոսյանը: -Սակայն ապօրինի խոշոր ծառահատումներ չեն եղել»:

ՀՀ Գլխավոր դատախազությունն էլ Լոռու մարզում գտնվող քրեական գործերից տեղեկատվություն ընդհանրապես չի տալիս՝ պատճառաբանելով, թե այս ընթացքում դրանք կարող են խոչընդոտել Ղազարյանի սպանության գործի նախաքննությանը:

Իսկ Վանաձորում հիմա ինչ-որ իմաստով արտակարգ իրավիճակ է: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իրավապահ մարմինները բռնում են բոլոր այն տղամարդկանց, ովքեր շիկահեր են եւ ունեն սլավոնական արտաքին: Ալբերտ Ղազարյանը հասցրել է ասել, որ իր վրա կրակողը եղել է շիկահեր: Ասում են, թե ոստիկանները շրջում են փողոցներով, մտնում հասարակական բոլոր տիպի օբյեկտներ՝ ռեստորաններ, սաունաներ, խանութներ, եւ շիկահեր տղամարդ տեսնելիս՝ բռնում են:

Իհարկե, սրանք դեռեւս միայն վարկածներ են: Եվ վարկածներից մեկն էլ այն է, որ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանն իր մասնագիտական գործունեության մեջ առանձնապես աչքի չի ընկել իր օբյեկտիվությամբ, եւ շատ հնարավոր է` պատճառը վրեժխնդրությունը լինի:

Leave a comment