ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԵՆ ՀԻՇԵԼ

(Աղբյուրը՝ «Առավոտ»

Հեղինակ՝ Գագիկ Շամշյան)

 

Ուշացած պայքար «արդարության համար»

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունների փաստի առիթով Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Թալանը կատարվել է ոչ թե նոր, այլ անցած մի քանի տարիների ընթացքում: Գողության փաստի մասին դատախազությանը հաղորդագրություն է տվել Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանը: Կարելի է միայն կռահել, թե ինչու է նա որոշել հանցագործության վերաբերյալ հենց հիմա դիմել դատախազությանը:

«Առավոտի» տեղեկություններով, նշված մաքրման կայանի տարածքը 24 հեկտար է: Մեր այցելության պահին նշված տարածքը ցանկապատված չէր, մուտքը ազատ էր, չկային անգամ հսկիչ անցակետեր: Լոռու մարզի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ գողոնը կազմում է մոտ 247 միլիոն դրամ: Լոռու մարզի դատախազությունը պնդում է, որ նշված տարածքից անհայտ պայմաններում անհայտացել է նաեւ բետոնախառնիչը, սակայն, մեր տեղեկություններով, բետոնախառնիչը ոչ թե անհայտացել կամ գողացվել է, այլ գտնվում է Վանաձորի քաղաքապետի եղբոր՝ Սեյրան Դարբինյանի «Արգիշտի» ՍՊԸ-ում, որտեղ ի պահ է հանձնվել այն, ինչի մասին տեղյակ է եղել նաեւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Վանաձորի քաղաքապետը եւ նույնիսկ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Բանն այն է, որ երբ Վանաձորում կառուցվելիս է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը շահագործման է հանձնվել 2005թ.-ին, հանդիպել են Լոռու մարզպետը, քաղաքապետը եւ կաթողիկոսը: Նրանք քննարկել են բետոնախառնիչի հարցը, որի կարիքն զգացվում էր շինարարության ժամանակ: Մարզպետ Քոչինյանին ավելի վաղ տեղեկացրել էին Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում գտնվող բետոնախառնիչի մասին: Նա այս մասին ասում է կաթողիկոսին, եւ որոշում են բետոնախառնիչը մաքրման կայանից տեղափոխել եւ կատարել շինարարական աշխատանքները: Տեղափոխման գործը հանձնարարվում է քաղաքապետի եղբորը, այսինքն՝ «Արգիշտի» ՍՊԸ-ին: Աշխատանքները կատարելուց հետո «Արգիշտի» ՍՊԸ-ն անբարեխիղճ է գտնվում եւ բետոնախառնիչը չի վերադարձնում իր օրինական վայր՝ կեղտաջրերի մաքրման կայան:

Օրերս մենք այցելեցինք մաքրման կայան եւ ականատեսը եղանք այնտեղից կատարված գողության. կայանից դուրս էին բերվել արմատուրաներ, պանելներ: «Առավոտի» հետ զրույցում վանաձորցիները ասում էին, որ այդտեղից գողությունները հիմնականում կատարել են Վանաձորում ծառայող զինվորները՝ բանակային կորպուսի որոշ ղեկավար անձանց հրահանգով: Վանաձորցիները նաեւ նշում էին ՊՆ բարձրաստիճան սպաներ, գեներալներ Լեւոն Երանոսյանի եւ Արշալույս Փայտյանի անունները՝ նշելով, որ հենց նրանց գիտությամբ է արվել թալանը, նրանք չեն կանխել այն: Ի դեպ, կայանում մեր եղած ժամանակ էլ տարածքում էր պաշտպանության նախարարության՝ «Վիլիս» մակնիշի «ՊՆ 0806 Մ» պետհամարանիշով մի մեքենա՝ զինվորական համազգեստավոր երեք ուղեւորներով:

Երբ հիշյալ տարածքը կառավարության 2005թ. փետրվարի 3-ի թիվ 176-Ա որոշմամբ տրվել էր Վանաձորի քաղաքապետարանին, այստեղի աշխատակիցները ընդունման ժամանակ կայանը հայտնաբերել էին ամբողջովին թալանված: Նույնիսկ լուսանկարել են թալանված կայանը: Օրերս գլխավոր դատախազություն նյութեր են ուղարկվել նաեւ Վանաձորի դատախազությունից, որտեղ տեղի ունեցած թալանի ժամանակ դատախազի տեղակալը Ալբերտ Ղազարյանն էր, որի կնոջ եղբայրը՝ Գագիկ Հովսեփյանը, Վանաձորի քաղաքապետի վերջին ընտրություններում առաջադրվել էր քաղաքապետի թեկնածու եւ ջախջախիչ պարտություն կրել գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանից: Կարճ ասած, այն ժամանակ Ալբերտ Ղազարյանի «թուրը չէր կտրել» պատասխանատվության կանչել թալանի մասնակիցներին: Հիմա նրա թուրը կտրում է՝ նա արդեն Վանաձորի դատախազն է եւ հիշել է, որ երկար տարիներ մաքրման կայանը թալանվել է, ընդ որում՝ նաեւ այն ժամանակ, երբ նա դատախազի տեղակալ էր:

Ինչ վերաբերում է քաղաքապետ Ս. Դարբինյանին եւ ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացրած նրա հաղորդմանը, ապա վանաձորցիների ասելով, նա, ըստ ամենայնի, զգացել է Վանաձորի դատախազության կողմից կախված հնարավոր վտանգը եւ ինքն է նախահարձակ եղել: Քաղաքապետը անցած ուրբաթ եղել է Երեւանում՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրգործի շրջանակներում բացատրություններ տալու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների, նա նաեւ այսօր է հրավիրվել դատախազություն: Վանաձորում կարծիքներ կան, թե հարուցված քրգործը կարող է ավարտվել նրանով, որ «թալանչիներին», իսկ կոնկրետ դեպքում, ըստ Վանաձորի դատախազության՝ քաղաքապետի եղբորը, կստիպեն փոխհատուցել պետությանը պատճառված նյութական վնասն ու վերջ:

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: