Archive for June, 2007

ԱՌԱԳԱՍՏՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ ԱՆՀՈՂՄՈՒԹՅՈՒՆԻՑ

(Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթ

Հեղինակ՝ Աշոտ Հակոբյան)

 

Խորհրդային տարիներին Հայաստանում առագաստանավային սպորտը դասվում էր առաջատար մարզաձեւերի շարքում: Մեր վարպետները, ինչպես ծանրորդները, ըմբիշները, բռնցքամարտիկները, ԽՍՀՄ առաջնություններում եւ միջազգային մրցումներում մրցանակների հարուստ պաշար էին նվաճում:

Առագաստանավային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հակոբյանը «Առավոտի» հետ հարցազրույցում հիշեց, որ 80-ականների վերջերին «470» դասում Վաչագան Խաչատրյանը եւ Արտակ Սուքիասյանը Խորհրդային Միության երիտասարդական հավաքականի անդամներ էին: Նրանք անգամ 1991 թվականին, մասնակցելով արդեն ԱՊՀ երկրների մեծահասակների սպարտակիադային, գրավել էին 4-րդ տեղեր:

– Հետո ի՞նչ կատարվեց:

– 1992-93 թվականներից մարզաձեւի ֆինանսավորումը դադարեցվեց, ու առագաստանավային սպորտը հայտնվեց խոր ճգնաժամի մեջ: Ներկայումս ո՛չ ջրային մարզձեւերի մարզադպրոցը, ո՛չ մեր ֆեդերացիան մարզաբազա չունեն: Մեր ունեցած նավերն իրենց դարը վաղուց են ապրել: 82 թվականից ի վեր ոչ մի նոր գույք ձեռք չի բերվել: Իսկ մեր մարզաձեւը համակարգիչների նման զարգանում է շատ արագ:

– Որքան տեղյակ ենք, վերջին շրջանում առագաստանավային սպորտն սկսել է «արթնանալ»: Բացվել են ակումբներ, որոնք արդեն նոր նավեր ունեն:

– Այո: Արդեն երեք տարի է, ինչ ստեղծվել եւ գործում է առագաստանավային սպորտի նոր ֆեդերացիան, որի առաջին քայլը եղել է առագաստանավորդներին համախմբելը: Հիմա ֆեդերացիայի հայթայթած սուղ միջոցներով ամեն տարի հանրապետության առաջնություններ են կազմակերպվում՝ եղած հին նավերով: Սեւանում կանոնավոր գործում է ջրային մարզաձեւերի մարզադպրոցը, որի կազմում բազմաթիվ պատանիներ զբաղվում են առագաստանավային սպորտով: Ստեղծվել են ակումբներ: Երեւանում բացվել է առագաստանավորդների միություն, որին՝ հանրապետության նախագահի հովանու ներքո «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներով վինդսերֆինգներ են հատկացվել ու Սեւանա լճի ափին վինդսերֆինգի ակումբ է հիմնադրվում: Այս ամենը, անկասկած, օգնում է մեր մարզաձեւի ընդհանուր զարգացմանը: Բայց դա դեռ քիչ է: Այդպես մարզաձեւը, որպես սպորտ, առաջ չի գնա:

– Ի՞նչ է հարկավոր անել:

– Առաջին հերթին համակարգված կազմակերպչական աշխատանք եւ համապատասխան ֆինանսավորում է անհրաժեշտ: Հիշատակված նոր վինդսերֆինգներն ավելի շատ սիրողական են: Դրանցով մրցումների չես մասնակցի: «470» դասի նավերի մասին արդեն ասացի: Հիմա ֆեդերացիան սկզբի համար որոշակի ծրագրեր ունի: Եթե կարողանանք միջոցներ գտնել՝ Եվրոպայից օգտագործված, բայց ոչ հնացած, նավեր կբերենք: Դա Հայաստանին ձեռնտու է եւ այստեղ մարզաձեւը զարգացնելու ընտիր միջոց կլինի: Անհրաժեշտ է գնել նաեւ նոր, ժամանակակից մրցումային նավեր եւ դրանք պահել եվրոպական որեւէ երկրի մարզաբազայում: Այդպես մեր լավագույն մարզիկները միջազգային մրցումներին, որոնք հիմնականում անցկացվում են Եվրոպայում, նախապատրաստվելու եւ մասնակցելու հնարավորություն կստանան:

– Իսկ նման մակարդակի առագաստանավորդներ ունե՞ք:

– Այո: Որքան կարողանում ենք, մեր մարզիկների համար միջազգային մրցումների մասնակցելու հնարավորություն ենք ստեղծում: Օրինակ, անցած տարի մեր Հայկ Սուքիասյանը աշխարհի առաջնության արդյունքներով այս տարվա հունիսի 28-ին Պորտուգալիայում մեկնարկող համազոր մրցմանը, որտեղ նաեւ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու, մասնակցելու իրավունք նվաճեց: Բայց ֆինանսական եւ տեխնիկական պատճառներով՝ նա մրցավայր չի մեկնի: Ասեմ նաեւ, որ անձնագրերի հետ կապված խնդիրների պատճառով այդ վարկանիշային աշխարհի առաջնությանը չեն մասնակցի նաեւ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սառա Հեբերտը (մեր ֆեդերացիան նրա համար վարկով ժամանակակից վինդսերֆինգ է գնել) եւ մեր մյուս լեգեոներականները: Իսկ նրանց հետ մենք լուրջ հույսեր էինք կապում:

– Հայաստանում առագաստանավային ո՞ր մրցաձեւին զարկ տալն է ավելի նպատակահարմար:

– Որում էլ ֆինանսավորում լինի՝ հաջողություն կունենանք:

Հ. Գ. Որքան «Առավոտը» տեղյակ է, Սեւանա լճի ափին գտնվող առագաստանավային բազայի տարածքը սեփականաշնորհվել է: Ճիշտ է, նավերն առայժմ այնտեղ են, սակայն դա երկար չի տեւի:

Որ Սեւանի գրեթե ամբողջ ափը սեփականաշնորհված է՝ մեզ հետ ունեցած զրույցում փաստեց նաեւ նախկին առագաստանավորդ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը՝ ասելով. «Մենք «Կիլիկիայի» անձնակազմով մոտ երկու-երեք տարի նավարկում էինք: Հիմա, երբ Սեւանում նավատորմի նորոգման ու վերականգնման լուրջ ծրագրեր ունենք, դրա համար տարածք այլեւս չկա: Կարծում եմ՝ ուշացել ենք»: Անդրադառնալով Հայաստանում առագաստանավային սպորտ ունենալու, այն զարգացնելու նպատակահարմարությանը եւ հեռանկարներին՝ նավապետն ասաց. «Առագաստանավային սպորտի համար Սեւանը բնության ստեղծած կատարյալ վայր է: Աշխարհում հազվադեպ են ջրային այնպիսի տարածքները, որտեղ քամու ուղղությունը, ուժգնությունը, եղանակի տատանումներն այդքան հաճախակի փոփոխվեն: Քաղցրահամ ջուրն էլ «ծանր» լինելով, լրացուցիչ դժվարություններ է առաջացնում մարզիկի համար: Այնպես որ, Սեւանում մարզված առագաստանավորդն ամեն տեղ մրցակիցների նկատմամբ առավելություն կունենա»: Եվ որպես դրա ապացույց՝ հիշեց. «Երբ 1994 թվականին Անգլիայում անցկացվեց հաշմանդամ մարզիկների աշխարհի անդրանիկ առաջնությունը, «Փյունիկ» հաշմանդամների միությունում թիմ հավաքագրվեց: Տղաները մարզաձեւին առնչվում էին առաջին անգամ: Սեւանում ընդամենը երկու ամիս մարզվելով, նրանք Լոնդոնում 21 թիմերի մրցապայքարում, որոնց մեծ մասը, կարելի է ասել, «ծովային գայլեր էին», սկսելով 15-րդ տեղից, 10 մրցահերթում տեղափոխվեցին 1-ին տեղ՝ մեկնարկում նավի կես կորպուսով հաղթելով կազմակերպիչներին: Այդ ժամանակվանից մեր թիմը տարիներ շարունակ աշխարհում եղել է լավագույն տասնյակում: Վերջին տարիներին, հիմնականում ֆինանսական պատճառներով, մերոնք այլեւս մրցումների չեն մասնակցում ու շատ հավանական է, որ դիրքերը զիջած լինեն»:

Leave a comment