Archive for November, 2006

Եթե հարկը մեծ է, մի մուծեք

(Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»

Հեղինակ՝ Քրիստինե Խանումյան)

 

ԼՂՀ ԱԺ նոյեմբերի 15-ի հերթական նիստում տեղի են ունեցել մի քանի հետաքրքիր կամ ավելի ճիշտ` անհեթեթ դեպքեր, որոնց մասին հաղորդում է Karabakhopen.com լրագիրը:

Այսպես, ԼՂՀ տարածքային կառավարման նախարար Արմո Ծատրյանը խորհրդարանականներին առաջարկել է փոփոխություններ կատարել «Ընդերքն ուսումնասիրության եւ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ԼՂՀ օրենքում: Թվում է` ի՞նչ արտասովոր բան կա: Իսկ արտասովորն այստեղ այն է, որ ըստ այդ օրենքի` հանքարդյունաբերող ձեռնարկությունները, հատկապես նրանք, որոնք մետաղ են արդյունահանում, որպես հարկ պետք է բավականին խոշոր գումարներ մուծեն պետբյուջե: Իսկ Ղարաբաղում նման միակ ձեռնարկությունը` «Բեյզ Մեթլսը», 2003 թվականից մինչեւ օրս բավարարվել է միայն բնօգտագործման հարկ մուծելով: Եւ կարո՞ղ եք պատկերացնել, թե ո՞վ է հանդես եկել այդ ընկերության պաշտպանի դերում. ոչ ավել, ոչ պակաս, հենց ինքը` նախարար Ծատրյանը, ով պարզաբանել է, թե հարկը չմուծելու պատճառն այն է, որ «արդյունահանման հարկը բավականին խոշոր գումար է կազմում»: Եւ ահա, դրանից ելնելով` ԼՂՀ կառավարությունը խորհրդարանականներին առաջարկել է փոփոխություն մտցնել օրենքում եւ արդյունաբերության հարկերի մուծումներն իրականացնել 2006 թվականի հունվար ամսից: Սա կատարյալ անհեթեթություն է, եւ ոչ մի նորմալ երկրում հնարավոր չէ նման բան պատկերացնել: Բայց սա դեռ բոլորը չէ. համաձայն կառավարության առաջարկի, գալիք տարվանից այդ հարկը կմուծեն միայն նրանք, ում եկամտաբերությունը 25%-ից ավելի է: Մի խոսքով, հիմա ամեն ինչ կախված է «Բեյզ Մեթլսի» խղճից. հարկերից ազատվելու համար նրան բավական է նշել 24.9% եկամտաբերություն: Երկրորդ հետաքրքրական դեպքը կապված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: Այսպես, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նիստի ընթացքում ներկա պատգամավորներին եւ կառավարության անդամներին կոչ է արել մասնակցել «Հեռուստամարաթոն 2006»-ին եւ հայտնել է, թե խորհրդարանի մշտական աշխատողները հիմնադրամին կնվիրաբերեն 350 հազար դրամ: Բայց այս չափազանց մարդասիրական մթնոլորտը խախտել է Մարտակերտի շրջանից պատգամավոր Սերգեյ Օհանյանը եւ մտահոգություն հայտնել այն կապակցությամբ, որ դեռ Մարտակերտում «Հեռուստամարաթոն 2005»-ով ֆինանսավորվելիք ծրագրերը չավարտած` հիմնադրամն անցնում է Հադրութին: Օհանյանը տեղեկացրել է, որ Մարտակերտի նախնական ծրագրում ընդգրկված է եղել նաեւ շրջանի Հարությունագոմեր գյուղի փլվող դպրոցի վերականգնումը: «Սակայն հիմա ասում են, որ այդ դպրոցը չի վերականգնվելու»,- ասել է պատգամավորը: Նրա մտահոգությանը պատասխանել է վարչապետ Անուշավան Դանիելյանը եւ նշել, թե նման հարցերը հիմնադրամն է որոշում: «Մենք էլ ենք հարցրել, բայց ասել են, որ խոստացած գումարները չեն հավաքել, դրա համար ստիպված են կրճատել ծրագրերը»,- ասել է վարչապետը: Հիշեցնենք, որ իրենք` մարտակերտցիները, ի սկզբանե ներկայացրել էին 17 մլն դոլարի ծրագիր, հետո այն ստիպված են եղել հասցնել 7.7-ի, քանի որ մարաթոնից հետո հայտարարվել էր, թե հենց այդքան գումար է հավաքվել: Բայց, ինչպես գիտենք, գրեթե կես տարվա լռությունից հետո հիմնադրամը խոստովանել է, որ հավաքված գումարը չի անցնում 5 մլն դոլարից:

Leave a comment

Հիմնադրամ-ԼՂՀ. հակասությունները խորանում են

(Աղբյուրը՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթ

Հեղինակ՝ Քրիստինե Խանումյան)

Օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարածել էր մամլո հաղորդագրություն, որտեղ գեղեցիկ կերպով նկարագրել էր Մարտակերտում վերջապես սկսված ծրագրերը, ինչպես նաեւ պարզաբանումներ, հերքումներ եւ բացատրություններ էր արել իրենց աշխատանքի որակի հետ կապված բողոքների առնչությամբ:

Իսկ Արցախից եկող բողոքները, ինչպես գիտենք, վերջերս անպակաս են: Այսպես, օրերս ԼՂՀ ԱԺ նիստերից մեկի ժամանակ հերթական անգամ բարձրացվել էր հիմնադրամի կողմից իրականացվող ասֆալտապատման որակի հարցը: Այն, ինչպես գիտենք, մեկ անգամ չի բարձրացվել, բայց ամեն անգամ երկու համահավասար պատասխանատու կողմերը (ՀՀՀ-ն ու ԼՂՀ իշխանությունները) մատնացույց են անում իրար` երկուստեք հայտարարելով` «ես մեղավոր չեմ»: Ասել է թե` ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը փաստորեն փորձ են անում ջրից չոր դուրս գալ` արցախցիներին դեմ առ դեմ թողնելով դաժան իրականության, այն է` անորակ աշխատանքների հետ: Ամենայն հավանականությամբ «Մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա» արտահայտությամբ առաջնորդվելով` Հիմնադրամն այս պահին կարծես փորձում է «յան տալ»` ամեն ինչի համար պատասխանատու թողնելով ԼՂՀ իշխանություններին: Այսպես, ՀՀՀ գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը վերջին ասուլիսի ժամանակ կրկին շեշտել է, թե իրենք պատասխանատու չեն այն ճանապարհների համար, որոնց երաշխիքային ժամկետներն ավարտված են: Տիկին Մելքումյանը, սակայն, այդ օրը մեկ այլ ավելի հետաքրքիր հայտարարություն էլ է արել. նա ասել է, թե զարմացած է, որ մինչեւ 2005 թվականը Հյուսիս-Հարավի անորակության մասին որեւէ բան չէր խոսվում (թեեւ այդ ճանապարհահատվածներն ավելի վաղ են հանձնվել շահագործման), իսկ ահա, դրանից հետո սկսեցին խոսել, թե 2004 թվականից ի վեր ճանապարհն սկսել է փլուզվել: Այս հանգամանքը հաշվի առնելով` ըստ նրա, հարցը դրվեց Հոգաբարձուների խորհրդի նիստում, որից հետո` ՀՀ եւ ՀՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ, անորակ աշխատած կազմակերպությունների գործերն ուղարկեցին ԼՂՀ դատախազություն: Կարճ ասած,  Քոչարյանը «դաբրո տվեց», որպեսզի Ղուկասյանի եւ նրա մերձավորների հովանու ներքո գործունեություն ծավալող մի քանի անձանց գործերն ուղարկվեն դատախազություն:  Բայց դեռեւս մայիսին ԼՂՀ դատախազություն ուղարկված գործերի առնչությամբ (մասնավորապես, «Վրեժ» ՓԲԸ-ի եւ «Ճանշին» ՍՊԸ-ի վերաբերյալ), ինչպես եւ կարելի էր կանխատեսել` ոչ մի գործ մինչեւ հիմա չի հարուցվել. միայն մի քանի օր առաջ այնտեղից դիմել են հիմնադրամին եւ պարզաբանող փաստաթղթեր խնդրել: Այժմ անդրադառնանք ԼՂՀ ԱԺ նիստում հերթական անգամ հնչած բողոքներին: Հիշեցնենք, որ այս անգամ որակումներ անելիս Արցախում ավելի կոշտ եղան` մինչեւ այն աստիճան, որ Արցախում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու, մասնավորապես` ասֆալատապատումը համարեցին ձախողված: Եւ երբ նշված ասուլիսի ժամանակ այս կապակցությամբ Նաիրա Մելքումյանից մեկնաբանություն խնդրեցինք, վերջինս նշեց, թե նախ, համաձայն չէ նման որակումների հետ, եւ հետո, այդ ի՞նչ մասնագիտություն ունի այն մարդը, որը նման դատողություններ է արել. բանն այն է, որ, ըստ Մելքումյանի, ամեն մարդ չէ, որ կարող է դատողություններ անել նման բարձր գաղափարների մասին, ինչպիսին, ասենք, ասֆալտի որակն է: Ուստի` հատուկ ՀՀՀ տնօրինության համար, պարզաբանենք, որ «ծրագրերը ձախողված են» հայտարարության հեղինակը ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի դեկան եւ «Հայրենիք» խմբակցության անդամ Արթուր Թովմասյանն է: Երեւի, ինչքան էլ չլինի, նա կարող է նման դատողություններ անել, որովհետեւ ժամանակին իր ֆակուլտետը «բաց էր թողնում» նաեւ ճանապարհաշինարարների:

Leave a comment