Archive for October, 2006

Ախ իմ Հայաստանի ջուրը

 

(Աղբյուրը՝ 168 ժամ

Հեղինակ՝ Արմինե Ավետյան)

 

 

 

«Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարումը 2005 թվականից 4 տարով ստանձնել է ֆրանսիական «Սաուր» ընկերությունը:

ՀԲ այդ 4 տարվա կառավարման համար ՀՀ կառավարությանը հատկացրել էր մոտ 16 մլն դոլարի վարկ: «Սաուր» ընկերությունն այս գումարով պետք է իրականացներ 18 ծրագիր: Ընկերության ֆրանսիացի տնօրեն Պատրիկ Լորենի ասելով՝ այս ծրագրերից երկուսն ընթացքի մեջ են, 5-ի նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 10-ի նախագծային աշխատանքներն էլ կսկսվեն մեկ ամսից: ՀԲ-ի գումարներով ամենածախսատարը Դիլիջան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիրն է, որն արժի 560 մլն դրամ` մոտ 1,5 մլն դոլար: «Ամենաէժանը» Ծաղկաձորի ծրագիրն էր՝ 115 մլն դրամ արժողությամբ: Բացի այդ, ընկերությունը նախատեսել է որոշ ծրագրեր իրականացնել իր հաշվին: Արդեն 150 մլն դրամ (395 հազար դոլար) ընդհանուր արժողության մոտ 100 փոքր ծրագրեր է իրականացվել: Համակարգում որոշ ծրագրեր ունի նաեւ USAID գրասենյակը: Եթե ֆրանսիացի կառավարիչն այս 4 տարիների ծրագիրը բարեհաջող ավարտի, ապա ՀԲ-ն նրան իրավունք կտա առանց մրցույթի համակարգը կառավարել եւս 2 տարի:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հայաստանի մարզերի ջրամատակարարումը եւ ջրահեռացումն իրականացնող ամենամեծ ընկերությունն է, որի ծառայության ոլորտն ընդգրկում է 37 քաղաքներ եւ 277 գյուղեր: Ընկերության համակարգման ոլորտից դուրս են հանրապետության խոշոր քաղաքներ Երեւանը, Գյումրին, Վանաձորը, համապատասխանաբար Շիրակի եւ Լոռու մարզերը, նաեւ Արմավիրը: Ընկերության համակարգում կա մոտ 4000 կմ մայր ջրատար, մոտ 4500կմ ներհամայնքային խողովակաշար եւ 2500 կմ կոյուղագծեր, որոնք ունեն 40-50 տարվա վաղեմություն եւ չեն վերանորոգվել 1980-ական թթ. կեսերից: 16 մլն դոլարն այս համակարգին ՀԲ-ի հատկացրած առաջին վարկն էր: Մինչ այդ ընկերությունը գոյատեւել է կիսատ-պռատ հավաքագրած վարձավճարներով եւ կառավարության հատկացրած սուբսիդիաներով: Հիմա էլ վարձավճարների հավաքագրումը ցածր մակարդակի վրա է, եւ բաժանորդների պարտքն ընկերությանը կազմում է 9 մլրդ դրամ կամ 23,6 մլն դոլար: Պ.Լորենի ասելով` այս մեկուկես տարվա ընթացքում կատարած աշխատանքները բարձրացրել են իրենց ծառայությունների որակը: Սակայն այստեղ էլ կորուստները կազմում են մոտ 80 տոկոս: Ֆրանսիացի կառավարիչը չկարողացավ ասել, թե իրենց աշխատանքների արդյունքում որքա՞ն են կրճատվել այդ կորուստները, եթե, իհարկե, կրճատվել են: Այս ընկերությունն էլ «Երեւանի ջրմուղ-կոյուղին» (ԵՋԿ) վարձակալած իտալական «Էյ Յութիլիթիի» նման աշխատանքների մեջ նախապատվությունը տվել է ջրաչափերի տեղադրմանը: Եվ հենց դրա պատճառով էլ այս տարի իրենց ծրագիրը ետ է ընկել: Նախատեսել էին մինչեւ տարվա վերջ տեղադրել 54.000 ջրաչափ, բայց հասցրել են տեղադրել 26.000-ը: Սպասվող ջրաչափերի խմբաքանակը մի քանի ամիս ուշ է տեղ հասել: Շուկայում ազատ վաճառքի ջրաչափեր կան: Բայց Պ.Լորենը նախապատվությունը տալիս է իրենց բերածին, որովհետեւ «դրանք ավելի որակով են»: Ջրաչափ այսօր կարելի է գնել 4000 դրամով, իսկ ընկերությունն առաջարկում է 6000 դրամով: Սա նորից շատ նման է Երեւանի «ջրաչափիֆիկացման» ծրագրին, երբ սկզբնական շրջանում ԵՋԿ-ից սարքը բաժանորդներին տրամադրում էին 8000 դրամով: Այն ժամանակ կարծիք եղավ, որ ընկերությունը կամ ջրային տնտեսության կառավարիչները ձեռի հետ ջրաչափի բիզնես են անում: Չի բացառվում, որ նույնը կրկնվում է նաեւ այստեղ: Ի դեպ Պ.Լորենն առաջարկեց ըմբռնումով մոտենալ իրենց դժվարություններին եւ շատ չքննադատել: Մանավանդ, որ այդ համակարգը շատ խարխլված վիճակում է եւ քննադատելու համար՝ խոցելի:

Տարիներ առաջ, երբ Երեւանի ջրամատակարարման համակարգը հանձնվեց մասնավոր վարձակալման, ՀՀ կառավարությունը ՀԲ-ից 30 մլն դոլար վարկ վերցրեց եւ 5,5 մլն էլ ինքը հատկացրեց: Այն ժամանակ Ջրպետկոմի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանը հայտարարեց, թե այդ գումարը շատ քիչ է, եւ համակարգն ամբողջությամբ վերականգնելու համար մոտ կես մլրդ դոլար է անհրաժեշտ: Պ.Լորենի ասելով` այդքան գումարը Երեւանի ջրամատակարարման համակարգի վերականգնման համար միգուցե բավարար է, բայց իրենց ենթակա համայնքների ջրային համակարգի համար անհրաժեշտ է դրա կրկնակին, եռակին: Որովհետեւ գյուղական 10 տնտեսության ջրամատակարարման համար ծախսվում է այնքան գումար, որքան՝ քաղաքային 100 տնտեսության համար: Պարզ է, որ գյուղերում բնակչությունն այնքան խիտ չի բնակվում, որքան քաղաքներում: Հայաստանում գյուղեր կան, որտեղ ապրում են քաղաքի 1 բարձրահարկ շենքի բնակիչների թվին հավասար բնակիչներ: Պարզ է, որ այդ փոքր գյուղի ջրամատակարարման համար 3-4, նույնիսկ 5-6 անգամ ավելի շատ գումար կծախսվի, քան 1 շենքի համար: Այս առումով մարզերի ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրն ավելի վատ վիճակում է եւ ավելի երկար ժամանակ ու շատ գումար կպահանջի: Եվ ընդամենը 16-17 մլն դոլարի աշխատանքները նույնիսկ համակարգի 5 տոկոսի խնդիրները չեն լուծի: Մանավանդ, որ 16 մլն դոլար վարկի 5,7 մլն եվրոն կամ մոտ 7 մլն դոլարը ֆրանսիացի կառավարչի 4 տարվա աշխատանքի վարձն է: Տակը մնում է 9 մլն դոլարից էլ քիչ գումար: Իսկ մեր պետական այրերի հոգատար վերաբերմունքը համակարգի նկատմամբ այնքան էլ չի զգացվում: Մենք բազմիցս ենք անդրադարձել, որ ազերի գործարար Փարվիզ Նոսրաթին «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը պարտք է մոտ 139 մլն դրամ: Նա մի քանի տարի առաջ խողովակներ է գնել եւ գումարի մի մասը չի վճարել: Պ.Լորենը մեզ տեղեկացրեց, որ մինչեւ հիմա փորձել են բանակցությունների միջոցով ետ ստանալ գումարը, սակայն չի ստացվել: Հիմա նրանք դիմել են ՀՀ Գլխավոր դատախազության օգնությանը: Կօգնի՞ արդյոք դատախազությունն ընկերությանը ետ վերադարձնել այդ գումարները: Պ.Լորենի ասելով՝ իրենք այս տարի գրեթե այդքան գումարի գործ են արել: Նա ժամանակին մեր հարցումներին պատասխանել էր, թե դիմել են նաեւ Ջրպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ Տարածքային կառավարման նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնությանը: Բայց, ինչպես երեւում է, այս պաշտոնյաները չեն կարողացել կամ չեն ցանկացել օգնել: Հակառակ դեպքում դժվար թե հնարավոր չլիներ հարցը լուծել: Պատկերացնո՞ւմ եք, Իրանից եկած մի գործարար «քցում» է Հայաստանի պետական ընկերությանը, եւ մեր պետական այրերը ոչինչ չեն կարող անել: Իսկ մոտ մեկ ամիս առաջ գիշերը գողացան Դիլիջանի նոր կառուցվող կոյուղագծի մոտ 220 մետր հատվածը: Մամուլում հրապարակում եղավ, որ գողերի ետեւում կանգնած է գեներալ Լեւոն Երանոսյանը: «Հայջրմուղկոյուղու» հյուսիս-արեւելյան մասնաճյուղի տնօրեն Ռուդիկ Ավետիսյանի ասելով` գողացված խողովակների մոտ 106 մետրը ետ է վերադարձվել:

«Երեկ ես խոսել եմ այդ տղաներից մեկի հետ, ինձ ասեցին, թե մոտ օրերս մյուս մասն էլ կվերադարձնեն,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասեց պարոն Ավետիսյանը, բայց չասաց, թե ում հետ է զրուցել: -Հեռախոսով եմ զրուցել, չգիտեմ, թե ով է եղել: Ինձ համար կարեւոր է, որ խողովակները վերադարձնեն: Մնացածն իրավապահ մարմինների գործն է»,- խուսափողական պատասխանեց նա:

Այ, այսպիսի ուշադրության պայմաններում է գոյաեւում շատ խարխլված ու շատ խոցելի համակարգը, որի՝ խորհրդային տարիներից մնացած հսկայական խողովակաշարերը վաճառվում են ու քոռուփուչ արվում, որի առողջացմանը հատկացված վարկերի 1/3-ը հասնում է օտարերկրյա կառավարչին, իսկ պարտքերի մարումը մնում է մեր պետության ուսերին, եւ այսպես շարունակ: Իսկ ֆրանսիացի Պատրիկ Լորենը չի պատկերացնում, թե նման տեմպերով ու միջոցներով Հայաստանի մարզերի ջրամատակարարումը ե՞րբ կհասնի իր երկրի որեւէ համայնքի ջրամատակարարման մակարդակին:

Advertisements

Leave a comment