Archive for May, 2006

Կառավարության շռայլ նիստ

(Աղբյուր՝ «168 ժամ»

Հեղինակ՝ Բաբկեն Թունյան)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է Դուշանբեից վերադարձած վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հիշեցնենք, որ վերջինս այնտեղ մասնակցում էր ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին։ Երեկվա նիստն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ։ Մենք կփորձենք «ծաղկաքաղ» անել եւ ձեզ ներկայացնել առավել հետաքրքիր որոշումները։ Սկսենք նրանից, որ կառավարությունը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ապահովել նախարարության ենթակայության «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի օգուտների հաշվին 2006թ. ընթացքում 950 մլն դրամ գումարի չափով ֆինանսական օգնության տրամադրումը «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ վերջինիս կողմից Ծաղկաձորի ճոպանուղու 4-րդ հերթի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու համար: Որքան գիտենք՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցները գոյանում են նվիրատվությունների հաշվին, ոչ թե պետության միջոցների։ Սակայն ավելի հետաքրքիր է այն, որ այդքան գովերգվող ավանդների վերադարձման համար նախատեսվել էր գրեթե նույնքան գումար՝ 1մլրդ դրամ։ Ընդ որում, արդեն պարզ է, որ այն չի բավարարելու, եւ հիմիկվանից հասկացնում են, որ մարդկանց մի մասը գումարները ստանալու է հաջորդ տարի։ Ստացվում է՝ ճոպանուղու 4-րդ հերթն ավելի կարեւոր է, քան իրենց ավանդների վերադարձին սպասող՝ հիմնականում տարեց եւ անապահով վիճակում գտնվող մարդկանց խնդիրները։ Այն դեպքում, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարիներ շարունակ տելետոնի շնորհիվ գումարներ է հավաքում Ղարաբաղում ճանապարհաշինության եւ վերականգնողական այլ աշխատանքների համար, հայրենի կառավարությունը 960մլն դրամ է տրամադրում ճոպանուղու 4-րդ հերթի կառուցմանը:

ՀՀ կառավարության երեկվա նիստից ուշադրություն գրավեց նաեւ այն որոշումը, որ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 105 մլն դրամ է հատկացրել ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը (ԱՏԶՆ)՝ «VEYA investment Limited» ընկերությանն ունեցած պարտքը մարելու համար։ Ռուսական այս ընկերությունը Հայաստանի փոխարեն վճարել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին 2002-2003թթ. անդամավճարի գծով կուտակած 250 հազար ԱՄՆ դոլարը։ ԱՏԶՆ Գիտության եւ տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Խանդանյանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստանն իր ունեցած պարտքերի պատճառով կարող էր զրկվել ձայնի իրավունքից։ Իսկ այդ ինստիտուտի դերը, պրն Խանդանյանի խոսքերով, շատ մեծ է. Հայաստանը հանդիսանում է դրա հիմնադիր անդամներից մեկը, եւ մեր երկրից այդտեղ աշխատում է 20-ից ավելի մարդ։ «Նախկինում կուտակված պարտքերը զրոյացվել են, վերջին տարիներին պարտաճանաչ կերպով վճարել ենք։ Մնացել էր «VEYA investment Limited»-ին ունեցած պարտքը, որը որոշեցինք փակել»,- ասաց պրն Խանդանյանը։ Իսկ հանուն ինչի՞ է այդ ընկերությունը որոշել մեզ լավություն անել՝ ըստ էության, պարտք տալ, այն էլ՝ առանց տոկոսի։ Ա. Խանդանյանը կոնկրետ պատճառ դժվարացավ նշել՝ համարելով ավելի շուտ որպես բարի կամքի դրսեւորում։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ միգուցե ընկերության նման որոշման վրա ազդել է այն հանգամանքը, որ այնտեղ աշխատում են մեծ թվով հայեր։ Որոշումների թիվը շատ է եւ դրանց մեջ կան ոչ պակաս հետաքրքիրները։ Սակայն, չգիտես ինչու, կառավարությունն ամենահրատապը համարել էր բնապահպանությունը։ Նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսը նվիրված էր «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հողերի ռեկուլտիվացիայի (վերականգնման) խնդիրներին։ Թեեւ հենց բանախոսի՝ բնապահպանության փոխնախարարի խոսքերով, «գրվում են օրենքների սիրուն-սիրուն դրույթներ», բայց վերահսկելու մեխանիզմներ չկան։ Օրինակ, Սեւանա լճից թույլատրվում է որսալ «կարաս», սակայն ցանցում կարող է լինել նաեւ «սիգ», եթե այն չի գերազանցում ձկների ընդհանուր քանակի 10%-ը։ Հիմա ո՞վ եւ ո՞նց պետք է հաշվի՝ «սիգերը» 10% ե՞ն, թե՞ 11։ Փոխնախարարի կարծիքով, իրենց ուժերը բավարար չեն, եւ ակնկալում են իրավապահների օգնությունը։ Մնում է` վերջիններս համաձայնեն, իրենց բանուգործը թողնեն ու ձուկ հաշվեն։

Advertisements

Leave a comment

ԼՂՀ նախագահը դժգոհ է

(Աղբյուրը՝ «Առավոտ» օրաթերթ)

Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը: Ըստ Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի Հիմնադրամի գործադիր վարչությունը ներկայացրեց 2005 թվականի իր գործունեության հաշվետվությունը, որն ընդունվեց հոգաբարձուների խորհրդի կողմից: Այնուհետեւ, օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի շրջանակներում, հոգաբարձուների խորհուրդն ընդունեց որոշումներ: Ի թիվս այլ հարցերի՝ նիստում անդրադարձ եղավ նաեւ «Արցախի վերածնունդ» ծրագրին, որը հաստատվել էր հոգաբարձուների խորհրդի անցյալ տարվա նիստում: «Արցախի վերածնունդը» կշարունակվի նաեւ այս տարի, եւ «Հեռուստամարաթոն-2006»-ը կուղղվի այդ նպատակին: Հոգաբարձուները որոշում ընդունեցին այս տարվա մարաթոնն անցկացնել նոյեմբերի 30-ին եւ հավաքված միջոցները տրամադրել ԼՂՀ Հադրութի եւ Մարտակերտի շրջանների վերականգնմանն ու զարգացմանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը դժգոհ է Ղարաբաղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարարական աշխատանքների որակից: Ըստ «Արմինֆո»-ի, այդ մասին ԼՂՀ նախագահը Երեւանում երեկ հաղորդել է լրագրողներին: Նրա խոսքերով, ԼՂՀ-ում բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքում աշխատանքների որակի հետ կապված առաջանում են խնդիրներ: Այդ առնչությամբ անհրաժեշտ է, որպեսզի հիմնադրամն առավել կոշտ վերահսկողություն իրականացնի իր աշխատանքների նկատմամբ, գտնում է նախագահը: Նա հույս է հայտնել, որ տարեցտարի աշխատանքների որակը կբարելավվի: Ա. Ղուկասյանն ավելացրել է, որ հիմնադրամի ծրագրերից ակնկալիքները մեծ էին: Հզոր հայկական սփյուռքը կարող էր Լեռնային Ղարաբաղին ավելի մեծ օգնություն ցուցաբերել, նշել է ԼՂՀ նախագահը:

Leave a comment