Archive for April, 2005

ՏՐԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

Հեղինակ՝ Կարեն Միքայելյան

(Աղբյուր՝ «Չորրորդ ինքնիշխանություն», No 459 (ինտերնետային No 619)

«Գրիար» կազմակերպությունը պատկանում է Ազգային Անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիշա Հարությունյանին: Վերջին փաստը ճշտվել է պետռեգիստրում: Այդ կազմակերպության գործադիր տնօրենը Գրիշա Հարությունյանի փեսան է` Արթուր Յոլդանյանը: «Գրիար» անվանումը այս երկու անձանց անունների սկզբնատառերն են: Ռուզան Խաչատրյան, 25.03.2005, «ՉԻ», N455

ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. այս անունը առ այսօր շատերին անծանոթ է: Ում էլ ցույց տաս նկարը, չի կարողանա պատասխանել, թե ով է: Սա այն դեպքում, երբ Գրիշա Հարությունյանը Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական կյանքում ամենաառանցքային դերակատարում ունեցող պաշտոնյաներից մեկն է:

Արդեն 11 տարի է, ինչ Գրիշա Հարությունյանը բարձր պաշտոններ է զբաղեցնում ուժային կառույցներում: Եղել է ՊՆ փոխնախարար, ԱԱՆ փոխնախարար: Բնականաբար, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ է, ծագումով` Լեռնային Ղարաբաղից: Բնականաբար, հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնները, Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկն է: Այլ կերպ հնարավոր էլ չէ:

Գրիշա Հարությունյանը ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների շարքում թերեւս Հայաստանի հետ առավել կապված անձնավորություններից մեկն է: Նա ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: Մասնագիտությամբ շինարար է: Հայաստանում խոշոր շինարարական կազմակերպությունների հետ մեծ կապեր ունի, որոնք դեռեւս խորհրդային ժամանակներից են հաստատվել: Այդ տարիներին, երբ սկսել է շինարարական կազմակերպություններում աշխատել, ձեռք է բերել ամենաանորակ մասնագետի համբավ:

Գրիշա Հարությունյանը Հայաստանի պետական մարմիններում սկսել է աշխատել 1990-ական թվականների սկզբներին, երբ նշանակվել է Հատուկ ծրագրերի վարչության ղեկավար: Սակայն շատ կարճ ժամանակ անց Գրիշա Հարությունյանը հեղինակազրկվում է. վարչությունում չարաշահումներ էին հայտնաբերել, որոշ կասկածներ կային, որ դրանց առնչվել է նաեւ Գրիշա Հարությունյանը, որի պատճառով էլ եւ վերջինիս հեռացրին աշխատանքից:

Դրանից հետո նա երկար ժամանակ հորիզոնում չէր երեւում, մինչեւ այն պահը, երբ Սերժ Սարգսյանը 1994թ. նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Նշանակումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Գրիշա Հարությունյանի թեկնածությունը ՊՆ փոխնախարարի պաշտոնում: Եվ այդ նիստի ժամանակ Գրիշա Հարությունյանին հիշեցրին, որ ինքը նախկինում պետական պաշտոն զբաղեցնելիս, իրեն շատ վատ է դրսեւորել: Վերջինս պատասխանեց, որ կձգտի շտկել իր բոլոր թերությունները:

Նշանակվելով ՊՆ փոխնախարար, Գրիշա Հարությունյանը հիմնականում համակարգում էր բանակի տնտեսական հարցերը: Կարճ ժամանակ անց նախարարության հետ աշխատող տնտեսական կազմակերպությունները պատվերներ ստանալու համար ստիպված էին «սերտ» համագործակցել անձամբ նրա հետ: Այլ կերպ հնարավոր չէր պատվերներ ստանալ:

Այդ ժամանակ նոր ձեւավորվող պաշտպանության նախարարությունը երկու խոշոր շինարարություն էր իրականացնում` մեկը ռազմական հոսպիտալի, մյուսը` ռազմական ուսումնարանի կառուցումն էր: Եվ քանի դեռ նախարարը Սերժ Սարգսյանն էր, շինարարության ընթացքը ոչ մի վատ բան չէր կանխատեսում: Բայց ահա 1995թ. ՊՆ նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որը որոշեց հետաքրքրվել այդ շինարարություններով: Երբ նրան ներկայացրին այդ շինարարությունների ֆինանսական հաշվետվությունները, սմետան, վերջինս` ականատեսների վկայությամբ, քիչ է մնացել կաթվածահար լիներ: Այդ կապակցությամբ Վազգեն Սարգսյանը իր մոտ է հրավիրում երեք մարդու` ուսումնարանի տնօրենին, շինարարությունն իրականացրած կազմակերպության ղեկավարին եւ այդ շինարարության համար պատասխանատու ՊՆ փոխնախարարին, որը Գրիշա Հարությունյանն էր: Կարճատեւ պարզաբանումերից հետո Վ. Սարգսյանը աշխատանքից անմիջապես ազատում է ուսումնարանի տնօրենին, բայց զերծ է մնում նրան հարվածելուց կամ հայհոյելուց. տնօրենը տարիքով անձնավորություն էր, գեներալ-մայոր: Փոխարենը շինարարի վրա աթոռ է ջարդում: Իսկ հաջորդ աթոռը, որը Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր ջարդել Գրիշա Հարությունյանի գլխին, այդպես էլ մնում է օդում, որովհետեւ փոխնախարարը փախչում է: Թե ուր պետք է փախչեր, կարծում ենք, բոլորին է հասկանալի. Ազգային Անվտանգության նախարարություն` Սերժ Սարգսյանի մոտ: Եվ հայցում է նրա պաշտպանությունը: Ինքը` Վազգեն Սարգսյանը, համաձայն իր բնավորության, շատ արագ հանդարտվեց, որովհետեւ նրան հերթական անգամ «համոզեցին», որ նրա ունեցած տեղեկությունները ճիշտ չէն, Գրիշան էլ կարգին մարդ է:

Ապշեցուցիչ է, բայց նույնիսկ այսքանից հետո Գրիշա Հարությունյանը նշանակվում է Ազգային Անվտանգության փոխնախարար: Եվ նորից նա Սերժ Սարգսյանի տեղակալն էր` տնտեսական գծով: Այս նոր պաշտոնում բացվում է Գրիշա Հարությունյանի «երկրորդ շնչառությունը»: Հենց նրա նպատակաուղղված գործունեության արդյունքում Հայաստանի տնտեսության ամենաշահութաբեր ոլորտները սկսում են մոնոպոլիզացվել: Օրինակ` բենզինի շուկան: Ի դեպ, բենզին ներկրող ամենախոշոր ընկերություններից մեկին` «Ֆլեշին», հայկական շուկա է մտցրել հենց Գրիշա Հարությունյանը: Մեր տեղեկություններով, վերջինս իր մոտ է հրավիրում բենզինի ներկրմամբ զբաղվող գործարարներին, նրանց ներկայացնում Բարսեղ Բեգլարյանին եւ տեղեկացնում, որ այսուհետ բենզինի շուկայի որոշակի տոկոսը այլեւս «Ֆլեշին» է պատկանում:

Այսպես, աստիճանաբար Գրիշա Հարությունյանը դառնում է Հայաստանում շուկաների վերաբաշխման հիմնական անձը: Ոչ միայն շուկաների, այլ նաեւ դրանց ստվերային եկամուտների վերաբաշխողը: Դա առավել ցայտուն է դառնում 1998թ. հեղաշրջումից հետո, երբ 1998թ. արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ Գրիշա Հարությունյանը նշանակվում է Քոչարյանի քարոզարշավի ֆինանսական պատասխանատու: Նույն պարտականությունները նա կատարում է նաեւ 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա բնական էր, քանզի Գրիշա Հարությունյանը այդ ժամանակ Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդն էր:

Նրան է վստահվում նաեւ Հայաստանում ամբողջ սեւ եւ գունավոր մետաղների արտահանման իրավունքը: Միայն նա իրավունք ունի որոշել, թե ով կարող է զբաղվել մետաղների արտահանմամբ, ով` ոչ: Եվ պատահական չէ, որ մետաղների արտահանմամբ զբաղվող ամենախոշոր եւ, կարելի է ասել, միակ կազմակերպությունը պատկանում է Գրիշա Հարությունյանի եղբորը:

Առաջին անգամ մեծ հաշվով Գրիշա Հարությունյանի անունը մամուլում հայտնվեց 2000թ.: Այդ ժամանակ «Առավոտ» օրաթերթը բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների հրապարակման շարք սկսեց, եւ այդ շարքում առաջիններից մեկը տպագրվեց հենց նրա դղյակի լուսանկարը: Իսկ դա իսկապես հսկայական չափեր ունեցող դղյակ էր, որը գտնվում էր Բջնիում, ուներ պահակակետ, գետի վրայով հատուկ կառուցված կամուրջ: Այսինքն, դա մի անանցանելի ամրոց էր: Որոշ ժամանակ անց, երբ Ռ. Քոչարյանին հարցրեցին, թե ինչպես են մեր պաշտոնյաները իրենց համեստ աշխատավարձերով նման դղյակներ կառուցում, վերջինս պատասխանեց, թե` բա ինչ եք ուզում, սովետի ժամանակվա տրեստի կառավարիչներ են եղել: Ակնհայտ էր, որ տրեստի կառավարիչ ասելով, Քոչարյանը նկատի ուներ Գրիշա Հարությունյանին:

Բավական սկանդալային պատմություն եղավ Թումանյան փողոցում գտնվող «1000+1» խանութի հետ կապված, որտեղ շրջանառվում էր նաեւ Գրիշա Հարությունյանի անունը: «1000+1»-ը Երեւանի ամենահայտնի եւ ամենամեծ ապրանքաշրջանառություն ունեցող խանութներից մեկն էր, որտեղ ամեն ինչ վաճառվում էր: Բայց հետո այնտեղ պրոբլեմներ ծագեցին: Խանութի տերերը սկսել են շանտաժի ենթարկվել, որոշ աղբյուրների համաձայն, նույնիսկ կալանավորվել են:

Մեր տեղեկություններով պարզվեց, որ Գրիշա Հարությունյանը այդ խանութի վրա աչք է ունեցել: Երեւի շինարարի անցյալի պատճառով է նա հետաքրքրվել այդ խանութով: Միգուցե դա էլ նրա մանկության երազանքն է եղել: Մեր ժողովուրդը ընդհանրապես կրակն է ընկել շատերի մանկության երազանքի ձեռքը: Մեկը էշից հետո «Ջիպ» է ուզում քշել, մյուսը գյուղի «կլուբումը» սեկա գցելուց հետո երազում է Մոնտե-Կառլոյի կազինոյում պոկեր խաղալ, իսկ մեր Գրիշա Հարությունյանն էլ երազել է շինանյութերի խանութ ունենալ: Ի վերջո, տարբեր լծակներ օգտագործելով «1000+1» խանութի տերերի ձեռքից այն վերցրեցին: Թե ինչով ավարտվեց այդ պատմությունը, դժվար է ասել, չնայած խանութը կորցնելուց հետո տերերը դեռ երկար ժամանակ շարունակում էին բողոքել:

Բայց հայտնի է, որ այդ խանութի տեղը նախ կազինո բացվեց, հետո փակվեց: Եվ առ այսօր փակ է: Եթե ուշադրություն դարձնեք, ներսը դատարկ է: Սա շատ զարմանալի է, որ Երեւանի հենց կենտրոնում նման մեծ տարածք լինի ու չգործի:

Չնայած այս ամենին, Գրիշա Հարությունյանը ձգտում էր հեռու մնալ հասարակության աչքից, չգրավեր մամուլի ուշադրությունը: Դա նրան հաջողվում էր, մինչեւ որ սկսվեց Գլխավոր պողոտայի շինարարությունը: Շինարարությանը զուգընթաց Գրիշա Հարությունյանի անունը ավելի հաճախ է հայտնվում մամուլի էջերում: Ինչպես գիտեք, այդ պողոտայի շինարարության համար այդտեղ բնակվող քաղաքացիներին անխտիր վտարում են: Իրենց սեփական տներից: Գալիս են, մի երկու կոպեկ են գնահատում նրանց տունը եւ հրամայում այդ կոպեկների դիմաց ազատել տները: Հարյուրավոր քաղաքացիներ այսօր զրկվել են իրենց տներից, ընկել դատական քաշքշուկների մեջ: Բյուզանդի փողոցում տեղի ունեցած ջարդերն էլ ապացուցեցին, որ շատ «թափով» մարդիկ են ներգրավված այս ամենում: Դրանցից մեկն էլ հենց Գրիշա Հարությունյանն է: Պարզվեց, որ այդ պողոտայի շինարարությունն իրականացնող կազմակերպություններից մեկը` «Գրիարը» պատկանում է հենց ԱԱԾ պաշտոնյային: Այդ կազմակերպության տնօրենն էլ Գրիշա Հարությունյանի փեսան է` Արթուր Յոլդանյանը: Եվ «Գրիարը», դատելով բողոքող բնակիչներից, նմանատիպ կազմակերպություններից ամենալկտին է: Ամենացածրը հենց նրանք են գնահատում մարդկանց տների գները: Նույնիսկ Միշա Բաղդասարովը տարածքը ազատելու համար բնակիչներին վճարում է 650 դոլար` 1քմ-ի դիմաց: Ինչը քիչ թե շատ տանելի գին է: Իսկ «Գրիարը» չնչին կոպեկներ է գնահատում: Այսինքն, գնահատողը ինչ-որ կազմակերպություն է: Մնացած բոլոր կազմակերպություններին հրահանգել են հեռու մնալ: Բացի այդ, նաեւ օգտագործում է ուժային կառույցներին` բնակիչներին վտարելու համար:

Անշուշտ, «Գրիարն» էլ, հաշվի առնելով նրա տերերի հսկայական կարողությունները, կարող էր 650 դոլար գնահատել քմ-ն: Բայց քանի որ Գրիշա Հարությունյանի հոգում դեռ խորհրդային ժամանակներից խորն է նստած ամեն ինչից փայ փախցնողի հոգեբանությունը, նույնիսկ այստեղ է առավելագույն շահի հետեւից ընկած:

Իսկ մեզ մնում է հոդվածն ավարտել ղարաբաղյան կլանի գործունեության վերաբերյալ Վանո Սիրադեղյանի խոսքերով, որ նա ասել է դեռեւս 1999թ. հունվարին. «Այսպես չի վարվում նույնիսկ թշնամին, այսպես վարվում է միայն երկրով անցնող ասպատակը»:

Advertisements

Leave a comment