Archive for December, 2004

Համահայկական հիմնադրամ, թե՞ մեծահարուստների ակումբ

(Աղբյուրը՝ «Առավոտ»

Հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան)

 

Տարիներ շարունակ այս օրերին միշտ հետեւելով ադրբեջանական մամուլին՝ նկատել եմ, որ ադրբեջանցիների համար մեր հեռուստամարաթոններն ունեն շատ կարեւոր նշանակություն: Սրանով են նրանք գնահատում իրենց հակառակորդի ներուժն ու աշխարհով մեկ սփռված հայության մասին իրենց ունեցած պատկերացումները: Այս իմաստով՝ ներկա իրավիճակում նրանց համար պիտի անսպասելի լիներ հանգանակված մեծ գումարը: Սակայն խնդրին ուզում եմ անդրադառնալ այլ տեսանկյունից, որ առնչվում է հիմնադրամի համահայկական բնույթին: Նույն ադրբեջանցիներն այս երեւույթից ավելի կզգաստանային կամ կզգուշանային, եթե այդ 11 միլիոնը հավաքված լիներ հասարակ ժողովրդի փոքր նվիրատվություններով, ինչպես հավաքվել է Ֆրանսիայի 1 միլիոնը: Արդեն մեկ շաբաթ է անցել, բայց հավաքված գումարի մասին չկա պաշտոնական տեղեկատվություն: Իմ ունեցած տվյալներով, նաեւ «Ազգ» թերթի հրապարակումների համաձայն՝ Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնն այդ տարածքի հայությունից ստացել է առավելագույնը $700 հազար: Այսինքն՝ 11 միլիոնից շուրջ ութ ու քառորդ միլիոնը նվիրաբերել են մեծահարուստները, 1 միլիոն՝ Ֆրանսիան, 1 միլիոն՝ Հայաստանի եւ Ղարաբաղի գործարարները: Բայց այս վերջինն առանձին խոսակցության թեմա է: Ֆրանսիայի ֆոնեթոնը չհաշված, սա համահայկական ակցիա չէր: Ի դեպ, մի առիթով էլի եմ ասել, որ Համահայկական Հիմնադրամի այլընտրանքը կարող է լինել Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական ու տնտեսական զարգացմամբ շահագրգռված մեծահարուստ հայերի ակումբը, սակայն սա չէր ունենա քաղաքական այն էֆեկտը, ինչ կարող է ունենալ ազգային տուրքը, այսինքն՝ յուրաքանչյուր հայի մասնակցությունը կամ այլ կերպ ասած՝ ներկայությունը Ղարաբաղում կամ Հայաստանում: Այդ ակումբի առաջ տարին մեկ կամ երկու տարին մեկ կարող էին ելույթ ունենալ ՀՀ կամ ԼՂՀ նախագահներն ու ասել, թե, ասենք, ունեն 25 մլն դոլարանոց մի ծրագիր, որը պիտի իրականացվի 2-3 տարում՝ այդ գումարը բաժանենք, գրաֆիկ կազմենք, թե ո՛վ, ե՛րբ եւ ինչքա՛ն պիտի հատկացնի, եւ արագ կառուցենք ճանապարհը: Հայաստանի եւ Ղարաբաղի գործարարներին առանձնացրի, քանի որ նրանց ասվում է, թե Սփյուռքը ձեզ է նայում: Մեղմ ասած, սա բարոյական ճնշում է: Անցած տարի, երբ դեռ Հիմնադրամում էի, խոսում էի մի հանրահայտ գործարարի հետ, նա բողոքում էր՝ ճնշում են: Ասացի՝ դուք էլ խիզախություն ունեցեք եւ Սփյուռքին ասեք, թե դուք արտադրական հզորություններ եք ստեղծում, աշխատատեղեր եք ապահովում, հարկեր ու տուրքեր եք մուծում պետությանը: Նա խոսակցության թեման փոխեց, որովհետեւ ասածս չէր համապատասխանում իրականությանը: Հետո Սփյուռքի առատաձեռն կամ համեստ նվիրատուներից քչերն են երթեւեկում նման շքեղ մեքենաներով կամ կառուցում նման դղյակներ: Այս անգամ Վանաձորից մի մանկատուն էլ մասնակցեց իր նվիրատվությամբ: Դա ծիծաղելի է կամ ողբալի: Ամբողջ աշխարհում ամեն մարդ գիտի, որ մանկատներն իրենք են ապրում բարեգործության շնորհիվ: Մեզ մոտ մանկատունը դառնում է նվիրատու: Անկեղծ ասած՝ ե՛ւ անցած տարի, ե՛ւ դրանից առաջ ես եղել եմ նախաձեռնողն ու ջատագովը աշակերտների եւ ուսանողների մասնակցության: Ես էլ դպրոցական երեխաներ ունեմ, ում համար դպրոցում ամբողջ տարին բազմաթիվ անհեթեթ ծախսեր եմ անում: Եվ գտնում եմ, որ այդ անիմաստ ծախսերի շարքում մարդիկ չպետք է զլանան 50 կամ 100-200 դրամ տրամադրել Հայրենիքի զարգացման ծրագրերին: Բայց դա, որքան էլ իմ կարծիքով օգտակար է հենց աշակերտների կամ ուսանողների համար, պետք է լինի կամավոր եւ միմիայն նրանց նվիրատվություններով: Մանկատան երեխեքը, գիտեք, փող չունեն, որտեղի՞ց ունենան, ուրեմն ադմինիստրացիան ինչ-որ ծախսերից կրճատելով է տալիս, եւ հենց այդ պատճառով էլ անհեթեթ է: Ես չեմ ափսոսում նաեւ ՀՀ եւ ԼՂՀ գործարարների հարցում իմ ակտիվության համար: Երբ խնդիր կա դրված, պետք է փնտրել եւ գտնել ուղիներ: Ես չէի կարող հայ գործարարների փոխարեն խիզախ լինել կամ առհասարակ մտածել նրանց փոխարեն: Ես մտածում էի, որ խաղատներում կամ զվարճանքի վայրերում ծախսվելիք գումարը կարող է ուղղվել ավելի կարեւոր գործի: Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ եք, ուրեմն, մեղադրում ներկաներին: Ոչ ոքի չեմ մեղադրում, մտահոգվում եմ, որովհետեւ երեկ չէ առաջին օրը 500 հազարանոց ավտո առած գործարարի 15 հազար նվիրատվությունը, բացի 100 մետր ճանապարհ դառնալուց, ուրիշ ոչ մի էֆեկտ չունի: Դա բարոյապես չի պարտավորեցնում սփյուռքահային: Հիմա անդրադառնանք հեռուստամարաթոնին՝ ստեղծագործական տեսակետից: Նոյեմբերի 25-ին ինձ դրել էի բանից անտեղյակ մարդու տեղ եւ որոշել էի այդպես նայել այն միջոցառումը, որի նախաձեռնողներից մեկն ու հեղինակն եմ եղել 6 տարի: Թող ներեն ինձ «Շարմի» իմ գործընկերները, բայց անկեղծ ասած՝ անորակ էր: Բանից անտեղյակ մարդու հայացքով նայելիս՝ ես փորձում էի հասկանալ, թե ինչի՞ մասին է այս միջոցառումը, ո՞վ է այս նվիրատվությունների հասցեատերը: Մարդու կերպար չկար, մարդկային պատմություն չտեսա: Փոխարենը՝ տեսա «Հայլուրի» թողարկումներ. հպարտությամբ պատմում էին դոլարի կուրսի անկման, Հասարակածային Գվինեայում դատվող հայ օդաչուների, ռազմական ուսումնարանում ժիմ անող տղայի ու նման տարբեր բաների մասին: Մասնագիտական մի քանի դիտողություն կարող եմ անել: Մարաթոնի կազմակերպիչներին պետք է հայտնի լիներ, որ «Հայլուրն» օվկիանոսից այն կողմ առանձնապես մեծ վարկանիշ չունի, եւ նրա հայտնվելն այդ տոնական միջոցառման մեջ կարող էր չառաջացնել դրական հույզեր: Նույն հույզերը հեռուստադիտողը հայտնի պատճառով չէր կարող ունենալ նաեւ դրամի կուրսի անկման մասին լսելիս: Իսկ Հասարակածային Գվինեայի դատավարությունը կարող էր տեղ գտնել միայն այն դեպքում, եթե մեր դիվանագիտությունը հասած լիներ օդաչուների ազատմանը: Այ, սա կլիներ ազարտ առաջացնող ուրախ լուր: Եվ այսուհանդերձ՝ կարծում էի, թե մեզ, այսինքն՝ մեր թիմին մերժելով, Հիմնադրամի ղեկավարները պիտի ձգտեին ամեն ինչ ավելի լավ անել, հատկապես, որ իմ ունեցած տեղեկություններով՝ մարաթոնի պատրաստման համար ծախսվել է մեծ գումար:

Leave a comment