Archive for May, 2004

ՏՐՈՀՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ

(Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»

Հեղինակ՝ Աննա Վ. Հակոբյան)

 

Հայաստանը՝ կասկածելի լեգիտիմություն արտահանող Լոս Անջելեսի «Նոր կյանք» շաբաթաթերթում մարտի 18-ին մի հոդված է տպագրվել՝ «ՀՀ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրե՞ն, թե՞ տրովադայի ձիու գործելակերպ» վերնագրով: Հոդվածը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի մասին, է որը փետրվարի 20-ին, ինչպես նշված է հոդվածում, հատուկ եւ ծածուկ ծրագրով մեկնել է Լոս Անջելես: «Եթե որեւէ պաշտոնատար՝ եկեղեցական, թե աշխարհական, իր պաշտոնի բարձրության համաձայն չի գործում, ապա մենք պարտավոր չենք նրան իր պաշտոնի բարձրությանը համապատասխան հարգել»,-այս տողերով սկսվող հոդվածում Նաիրա Մելքումյանը մեղադրվում է փետրվարի 25-ին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական կառույցում համաատենապետների ընտրության ժամանակ իր թեկնածուներին պարտադրելու մեջ: Հիմնադրամի կանոնադրությունը նախագահին նման լիազորություններ չի տալիս, եւ 42-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Տեղական մարմինը ստեղծվում է առաջադրման եւ ներկայացուցչական սկզբունքով՝ տեղի բոլոր հայկական կազմակերպությունների եւ եկեղեցիների, նաեւ անհատների մասնակցությամբ, հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի կամ նրա կողմից լիազորված անձի ներկայությամբ:

«Գործադիր տնօրենը բացարձակապես իրավունք չուներ իր թեկնածուն պարտադրելու, ըստ հիմնադրամի կանոնադրության՝ միայն կարող էր ներկա լինել, բայց ոչ՝ ղեկը ձեռքը վերցնել»,-գրում է «Նոր կյանքը» եւ ավելացնում. «Հավաստի տեղեկությունների համաձայն՝ չընտրված նախագահ Քոչարյանի համհարզ կամ մանկլավիկ Վարդան Օսկանյանը եւ վերջինիս համհարզ Սալբի Ղազարյանն են պատրաստել այս ծրագիրը եւ Նաիրա Մելքումյանին ուղարկել են, որպեսզի նա, զանազան սադրանքներ գործադրելով, ճարպկորեն իրականացնի այն»: Ըստ թերթի՝ Նաիրա Մելքումյանը տեղի բոլոր եկեղեցական, բարեգործական կազմակերպությունների եւ կուսակցությունների երկուական ներկայացուցիչների հետ խոհանոցային խոսակցություններ է ունեցել, որոնց արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսի կառույցի ատենապետ է ընտրվել Մարիա Մեհրանյանը, իսկ նրա օգնական՝ Արա Ագիչյանը: Իսկ ահա Նաիրա Մելքումյանը, չթաքցնելով, որ Մարիա Մեհրանյանը եղել է իր նախընտրած թեկնածուն, եւ ինքը միջամտել է ընտրության գործընթացին՝ այդպիսով գերազանցելով կանոնադրությամբ իրեն տրված լիազորությունները, այնուամենայնիվ, համարում է, որ այս հոդվածում գնահատականները չափազանցված են: Նախ՝ ինքը բոլորովին էլ գաղտնի կամ ծածուկ ծրագրով չի գնացել ԱՄՆ, այլ դեռ աշնանը տեղի ունեցած տելեթոնի ժամանակ է ասել, որ փետրվարին պետք է այցելի իրենց կառույցներ: Ինչ վերաբերում է Մարիա Մեհրանյանի ընտրությանը, ապա, ըստ տիկին Մելքումյանի, ինքը ոչ թե պարտադրել կամ ճնշում է գործադրել, այլ ընդամենը առաջարկություն է արել, ինչն ընդունվել է, թերեւս, իր հեղինակության շնորհիվ: Նաիրա Մելքումյանը իրեն մի քիչ նաեւ վիրավորված է զգում, որ փորձում են այդ ամենի մեջ այլ անուններ ներգրավել, եւ կրկին պարզաբանում է, որ ինքը որեւէ մեկի հանձնարարությունը չի կատարել, այլ անձամբ է հանգել այն որոշման, որ Լոս Անջելեսի կառույցի ատենապետի համար Մարիա Մեհրանյանը շատ լավ թեկնածու է:

«Վերջին տարիներին այն պոտենցիալը, որ ունի Լոս Անջելեսի հայ համայնքը, այնքան էլ բավարար չի օգտագործվում. ես վստահ եմ, որ կա անհատի, աշխատաոճի փոփոխման անհրաժեշտություն: Ես նոր մարդու կարիք ունեմ, որը նոր հայացքով է նայում հանգամանքներին»,- մեզ հետ զրույցում ասում էր Նաիրա Մելքումյանը: Լոս Անջելեսի պոտենցիալի անբավարար օգտագործման ապացույցը, ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի, այն է, որ 2003 թվականին այնտեղից հիմնադրամին փոխանցվել է ընդամենը 910 հազար դոլար, թեեւ մեկ միլիոն երեք հարյուր հազարի խոստում է եղել, ինչը նույնպես չի համապատասխանում այն պոտենցիալին, որ ունի Լոս Անջելեսի հայ համայնքը: Սակայն ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ այդ խոստումը չի կատարվել: «Այս խնդիրը կա. խոստումը տրվում է, հետո՝ չի կատարվում, մենք պետք է պահանջատեր վերաբերվենք մեր խոստումներին եւ հնարավորություններին»,- ասում է Նաիրա Մելքումյանը: Վերջինս նաեւ կարծում է, որ տեղական կառույցում տեղի ունեցած ընտրությանն իր միջամտությունը լիովին արդարացված է, քանի որ Հայաստանում է գտնվում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնական կազմը, եւ այն, թե ինչպես են աշխատում այս կամ այն համայնքների կառույցները՝ իրենց համար էական նշանակություն ունի: Իր միջամտությամբ Նաիրա Մելքումյանը փաստորեն ցույց է տվել, որ Հայաստանը համայն հայության կենտրոնն է, ինչը սփյուռքը շատ է ուզում զգալ:

Տիկին Մելքումյանը մեր զրույցում նշում էր, որ սփյուռքը շատ է ուզում, որ Հայաստանը ավելի ակտիվ լինի թե՛ ներդրումների, թե՛ աշխատանքների առումով: «Պատահական չէ, որ սփյուռքում շատ լավ է ընդունվել այն, որ այս տարի Հայաստանը բավական մեծ ներդրում ունեցավ հիմնադրամին. նրանք ուզում են որ Հայաստանը լինի համայն հայության կենտրոնը, եւ այդ առումով որեւէ հոգեբանական պարտադրանքի մասին խոսք լինել չի կարող»,-համոզված է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ «Ազգային շահերն ավելի բարձր են քան Սահմանադրությունը» ոճի գործելակերպը արդեն սպառել է իրեն, եւ «հանուն ազգի» ոչ կանոնադրական գործողությունները ամենեւին էլ չեն կարող բարեբեր արդյունքներ ունենալ, եւ լոսանջելեսյան մամուլում տեղ գտած բացասական գնահատականները արդեն իսկ նախանշում են այդ ամենը: Այսուհանդերձ, Նաիրա Մելքումյանի լոսանջելեսյան ձեռնարկումների արդյունավետության մասին կարելի կլինի թվերով խոսել այս տարեվերջին:

Leave a comment