Archive for July, 2002

Սփյուռքահայերն էլ «քցել» գիտեն

(Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»

Հեղինակ՝ Լուսինե Բարսեղյան)

 

Անհրաժեշտ է հավաքել եվս 13 միլիոն դոլար

Սփյուռքահայերից հավաքած 5 միլիոն դոլարը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հաջողվեց ստանալ Լոս-Անջելեսում կազմակերպած հեռուստամարաթոնի օրը, գնալով աճում է: Երեկվա տվյալներով, հիմնադրամի հավաքած գումարը կազմում էր 5 միլիոն 126 հազար 783 դոլար:

Մոտ 5 միլիոնի նվիրատվությունը, սակայն, միայն խոստում է, եվ դժվար է ասել, թե սփյուռքահայերը որքանով կկատարեն այն: Համենայնդեպս, փորձը հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեվոնդյանին ցույց է տվել, որ, օրինակ, Լոս-Անջելեսում բնակվող մեր հայրենակիցների 5 տոկոսը, որպես կանոն, խոստմնազանց է լինում եվ գումարները հավաքելու ժամանակ հրաժարվում է վճարել Ազգային տուրքը: Ավելին, երբ հեռուստամարաթոնի կազմակերպիչները մի շարք խոշոր նվիրատվությունների ժամանակ 5 րոպե անց փորձել են ստուգել զանգի իսկությունը, պարզվել է, որ իրենց պարզապես խաբել են ու եթերի ժամանակ ներկայանալով՝ բոլորովին ուրիշ հասցե ու հեռախոսի համարներ են թողել: Այնպես որ, միայն մեր երկրում չէ, որ «քցել» գիտեն: Ինչեվէ, երեկ այս տարի հրավիրած իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Վահան Տեր-Ղեվոնդյանը հայտարարեց, որ իրենց, թերեվս, հաջողվի հավաքված 5 միլիոն 126 հազար 783 դոլարի խոստումներից միայն 5 միլիոնը ստանալ: Հիմնադրամի տնօրենը 126 հազար 783 դոլարի մեջ հաշվում է նաեվ մարաթոնի համար կատարած ծախսերը: Հիշեցնենք, որ այդ գումարով պետք է կառուցվի Արցախի ողնաշարը, ասել է թե՝ Լեռնային Ղարաբաղի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին: Իսկ թե մնացած 5 միլիոնից էլ որքան գումար կարող է փոշիացվել ավտոճանապարհը կառուցելու ընթացքում, չի իմացվի: Հայտնի է, որ հիմնադրամներն ու ճանապարհաշինությունը փող փոշիացնելու լավագույն տեղն են: Բայց «Հայաստան» համահայկական հիմնադրանի հոգաբարձուների խորհրդի անդամ մեր սփյուռքահայ հայրենակիցները կորած փողերի մասին սովորաբար խոսում են off the record (ձայնագրությունից դուրս), այսինքն, ոչ տպագրության համար: Եվ չնայած այս ամենին, այս տարի Սփյուռքից հիմնադրամի հավաքած գումարները նախորդ տարիների համեմատությամբ ավելի մեծ են: Պատճառն, իհարկե, այն չէ, որ մեզ սկսել են ավելի շատ վստահել կամ մեզ հիմա շատ ավելի են սիրում: Պարզապես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերը թույլ չտվեցին կազմակերպել ավանդական հանգանակությունը: Հիմնադրամը ստիպված էր բավարարվել ԱՄՆ-ի արեվմտյան ափում եվ Եվրոպայում անցկացված հեռախոսամարաթոներով, որոնցից 1 միլիոն դոլար էլ չհավաքվեց: Ազգային տուրքի «Մարաթոն-2002»-ի արդյունքը, հիմնադրամի տվյալներով, գերազանցել է նախորդ երեք տարիների (1997, 1999, 2000 թվականների) արդյունքները: 2000 թվականին կայացած մարաթոնի համեմատությամբ մասնակիցների ընդհանուր թիվն աճել է շուրջ 20-30 տոկոսով, այդ թվում՝ ԱՄՆ-ի Արեվմտյան ափի մասնակցությունը՝ 15-20 տոկոսով: Իսկ Ֆրանսիայի հեռախոսամարաթոնի այս տարվա մասնակիցների թիվը նախորդի համեմատ աճել է 30 տոկոսով: Վահան Տեր-Ղեվոնդյանի կարծիքով, դա նրանից է, որ մարաթոնը լավ է կազմակերպվել: Սակայն, եթե հաշվի առնենք, թե արտագաղթը տարեցտարի ինչ տեմպերով է աճում, պարզ կդառնա՝ ինչի հաշվին է ավելանում հեռուստամարաթոնի մասնակիցների թիվը: Ընդհանուր առմամբ, մարաթոնին մասնակցել են շուրջ 3 տասնյակ երկրներ: Ամենամեծ գումարը հավաքվել է Միացյալ Նահանգների Արեվելյան ափից (1 միլիոն 898 հազար 305 դոլար): Հիմնադրամում հույս ունեն, որ այս տարի հավաքված գումարին կավելանա եվս 150-200 հազար դոլար, քանի որ ԱՄՆ-ի Արեվմտյան ափում կազմակերպվել է նաեվ հեռախոսամարաթոն, որի արդյունքները կամփոփվեն միայն դեկտեմբերի վերջին: Ըստ էության, նյու-յորքյան այդ հեռախոսամարաթոնն արդեն ավարտվել է, պարզապես հիմնադրամի աշխատակիցները փոստով բազմաթիվ դիմում-խնդրանքներ են ուղարկել եվ այժմ պատասխանի են սպասում: Ըստ Վահան Տեր-Ղեվոնդյանի, հավաքված գումարներով հնարավոր կլինի կառուցել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու եվս 30-35 կիլոմետրանոց մի հատված: Իսկ դա նշանակում է, որ Արցախի 169 կիլոմետրանոց ողնաշարից դեռ 95-100 կիլոմետրն անավարտ կմնա: Ավտոմայրուղին ամբողջությամբ ավարտելու համար անհրաժեշտ կլինի եվս 13 միլիոն դոլար: Իսկ դա հավաքելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է եվս 2 այսպիսի հեռուստամարաթոն կազմակերպի:

Համահայկական հանգանակության ծրագիրն ընդլայնելու համար «Հայաստան» հիմնադրամը պատրաստվում է եկող տարի մարաթոններ կազմակերպել նաեվ Ռուսաստանում եվ Մերձավոր Արեվելքում: Ի դեպ, ըստ Վահան Տեր-Ղեվոնդյանի, սփյուռքահայերը մեծ ցնծությամբ են ընդունել Արցախի եվ Հայաստանի մասնակցությունը մարաթոնին: «Նրանք հասկանում էին, որ իրենց նվիրատվությունը իզուր չի գնում»,- ասում էր հիմնադրամի գործադիր տնօրենը:

Advertisements

Leave a comment