Archive for February, 2002

ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ

(Աղբյուր՝ Aravot Daily

Հեղինակ՝ Սաթիկ Սեյրանյան)

ՀՀ ազգային անվտանգության նախարարին դղյակաշինությամբ եւ այլ գործունեություններով չի զիջում փոխնախարար Գրիշա Հարությունյանը։

Վերջինիս դղյակները եւս մի քանիսն են՝ մեկը բավարար չէ եւ, մեզ հասած լուրերով՝ ԱԱ փոխնախարարը սովորաբար իր անունով ոչինչ չի գրանցում։ Հինգհարկանի, գեղարվեստական ճաշակից զուրկ այս դղյակը գտնվում է Բջնիում՝ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի դղյակից քիչ հեռու։ Գ. Հարությունյանը, մեր լուրերի համաձայն, Բջնիում այս դղյակի շինարարությունը ավարտել է 1999թ. դեկտեմբերին։ Հսկայական տարածքը պարսպապատված է, հետեւի սարն էլ ներառյալ։ Դղյակի հետեւամասի տեռասաների բլրի վերեւում տաղավար կա, որը խորովածանոցի դեր է կատարում։ Դղյակը մի քանի շերտով է փակված՝ ճաղերով եւ պարսպով։ Երեկոյան ժամերին արկղ հիշեցնող այս դղյակն ու ողջ տարածքը լուսավորվում է մինչեւ առավոտ։ Ժամանակին, ասում են, պարսպի մուտքի մոտ պահակակետ կար եւ հսկվում էր օր ու գիշեր, որ «հավքն իր թեւով եւ օձն իր պորտով չմտնի»։

Դղյակի տերը՝ ԱԱ փոխնախարար Գրիշա Հարությունյանը սկզբում, երբ ՀՀ պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ապա՝ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ տեղակալն էր եւ զբաղվում էր շինարարության հարցերի համակարգմամբ։ Ոչ ոք չի մոռացել, թե ինչպիսի աղմուկ բարձրացավ Զինվորական բարձրագույն ուսումնարանի կառուցապատման ժամանակ։ Այն ժամանակ ՊՆ նախարարն էր Վազգեն Սարգսյանը, որը սփյուռքահայ բարերարների աջակցությամբ ձեռնամուխ էր եղել այդ ուսումնարանի կառուցման ավարտին։ Վ. Սարգսյանը հայտնաբերելով ուսումնարանի շինարարությունից մեծ չափերի յուրացումները, Գ. Հարությունյանին հեռացնում է տեղակալի պաշտոնից։ Այս դեպքը բավական մեծ աղմուկի առիթ դարձավ։ Իսկ Զինվորական բարձրագույն ուսումնարանի վերջին երկու կորպուսների կառուցապատումն ավարտեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ 1995-ի կեսին հիմնադրամը սկսեց առաջին մասնաշենքի (3-րդ եւ 9-րդ) եւ պոլիկլինիկայի կառուցապատումը, որի գումարը կազմեց 1 մլն 163 հազար 901 դոլար եւ ավարտեց 96-ին։ Իսկ 2-րդ մասնաշենքը (4-րդ եւ 7-րդ) շահագործման հանձնվեց 98-ին եւ շինարարության համար ծախսվեց 926 հազար 798 դոլար։ Ամբողջ շինարարությունը կատարվեց սփյուռքահայ բարեգործների միջոցներով։

1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ ԱԱ եւ ՆԳ նախարար (սուպեր), ՊՆ-ից վտարված Գրիշա Հարությունյանը տեղափոխվում է ՀՀ ԱԱ եւ ՆԳ նախարարություն, իբրեւ փոխնախարար։ 1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ Գ. Հարությունյանը նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր եւ զբաղվում էր ֆինանսատնտեսական հարցերով։ Իսկ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարությունների բաժանվելուց հետո եւ այժմ էլ նույն Գրիշա Հարությունյանը ՀՀ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանի տեղակալն է։

Ասում են, որ Գ. Հարությունյանը Բջնիի տան շինարարությունը սկսել է ՊՆ-ում աշխատելու ընթացքում։ Իսկ արդեն 3-4 տարի Գ. Հարությունյանի եւ իր եղբոր ձեռքում է Հայաստանի երկաթի, գունավոր եւ առհասարակ մետաղի արտահանման բիզնեսի մոնոպոլիան («Մետեքս» ֆիրմա)։ Մեզ հասած լուրերի համաձայն, դեռ մի քանի տարի առաջ բազմաթիվ պայմանագրեր կային արտասահմանյան եւ տեղական ֆիրմաների հետ, որոնք գործի կեսից խզվեցին եւ այդ ոլորտի գրեթե ամբողջ մոնոպոլիան տրվեց Հարությունյան եղբայրներին։

Թերեւս այլեւս զարմանք չի հարուցում, թե ինչպե՞ս կարող էր պետական ծառայողն իր աշխատավարձով, հալալ քրտինքով կառուցել Բջնիի դղյակը, որի գիշերային լուսավորման համար ծախսած էլեկտրաէներգիան մի գյուղի կբավարարեր (եւ հայտնի էլ չէ՝ վճարումները կատարվո՞ւմ են)։ Կամ՝ ինչպե՞ս Թումանյան- Մաշտոցի պողոտայի կենտրոնական շենքերից մեկի վերջին հարկն է գնում եւ առանց նույն շենքի բնակիչներին նշույլ անգամ հաշվի առնելու՝ տանիքում իր համար մանսարդ է կառուցում։

Դեռ անցյալ տարի «Առավոտը» անդրադարձել է Գ. Հարությունյանի «Հազար ու մի մանրուք» խանութին, որն իր բարեկամի անունով էր ձեւակերպված եւ որին վերջինս «քցեց» եւ այդ բարեկամը բողոքել էր խմբագրություն։

Այժմ պետական չինովնիկները հայտարարում են իրենց ինչքը։ Միամիտ չլինենք կարծելու, որ այդ «ինչքը» իրենց՝ չինովնիկների անունով է եւ հայտարարագրման մեջ էլ դրանք տեղ կգտնեն։ Բայց եթե անգամ հավատանք մի քանի պետական չինովնիկների ազնվությանը եւ եթե Գրիշա Հարությունյանն էլ լիներ այդ ազնիվներից մեկը, հետաքրքիր է, ի՞նչ կհայտարարագրեր եւ ի՞նչ կգրեր… Ոչինչ այլեւս չի զարմացնում, նույնիսկ համոզվածություն կա, որ նմանների ամենաթողությունները կխրախուսվեն ու կպարգեւատրվեն։

Հ. Գ. «Դղյակների» շարքը, պարզվեց, հուզում է միայն իշխանամետ լրատվամիջոցներին, որոնք աղաղակում են, թե ինչո՞ւ «Առավոտը» չի տպագրում-լուսանկարում նախկին իշխանությունների յուրացումները եւ նրանց կառուցած դղյակները։ Բացի այն, որ դեմ չենք նրանց դղյակներին էլ անդրադառնալուն, բայց եղածների մասին վաղուց խոսվել է բարձրաձայն եւ, երկրորդ՝ համեմատելի չեն։ Եվ, որ ամենակարեւորն է. կարծում ենք, դեռեւս 50 եւ ավելի տարիներ են անհրաժեշտ, որպեսզի նախկիններ ու ներկաներ տարանջատումը հնարավոր լինի կատարել։ Գրեթե այսօրվա բոլոր ներկաները նույն նախկիններն են, որոնք պարզապես իրենց անցյալն այսօր «պրիզնատ չեն գալիս»։ Իհարկե, հիմա իրենց դա ձեռնտու չէ։ Դա, այսինքն՝ իրենց ապրած ու հավաքած կենսագրությունը։

Advertisements

Leave a comment