Archive for March, 1999

«Թույլ չտանք, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա առեւտրային եւ հովանավորչական շահերի զոհ»

(Աղբյուրը՝ «Ազգ» օրաթերթ

Հեղինակ՝ Գայանե Մուքոյան)

 

Կոչ է անում, պարզաբանում եւ զգուշացնում Րաֆֆի Հովհաննիսյանը

Երկու օր առաջ՝ մարտի 3-ին լրացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 7 տարին։ Այս կառույցն ի սկզբանե ստեղծվել էր համայն հայության ուժերը միավորելու եւ անկախ Հայաստանին սատար կանգնելու նպատակով, սակայն, դժբախտաբար, այն եւս, անցած տարիների ընթացքում զերծ չմնաց քաղաքական շահարկումներից, եւ բոլոր ջանքերը, դարձնելու քաղաքականությունից վեր կանգնած, միմիայն ազգային գաղափարների վրա հիմնված կառույց, կարծես թե ի չիք դարձան։

Նշենք, որ հայտնի իշխանափոխության արդյունքում ՀՀ առաջին ԱԳՆ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն նշանակելու փաստը հույսեր ներշնչեց թե Հայաստանի եւ թե սփյուռքի հասարակական շրջանակներում։ Սակայն հինգ ամիս անց նորընծա տնօրենը հրաժարական տվեց, ինչը եւ դարձավ պատճառ՝ տարբեր կարծիքների ու մեկնաբանությունների, որոնց կիզակետում Ր. Հովհաննիսյանի անձը հայտնվեց։ Սակայն, ըստ էության, խնդիրը ոչ այնքան անձի, որքան հիմնադրամի գործունեության սկզբունքների ու մոտեցումների լուրջ տարբերությունների մեջ էր։ Մշուշը չցրվեց նաեւ Ր. Հովհաննիսյանի հայտնի հայտարարությունից հետո։

«Ազգին» տված հարցազրույցում այն հարցին, թե իսկապե՞ս հիմնադրամը քաղաքականացված կառույց էր եւ, ժամանակի հեռվից ինչպե՞ս կարելի է գնահատել իր անսպասելի հրաժարականը, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Անշուշտ, որոշ քաղաքականացվածության հանգամանք կար։ Նախկին գործադիր տնօրենը՝ տկն Պետրոսյանը, փաստորեն, իր հրաժարականով միս ու արյուն տվեց կասկածողների այն տեսակետին, որ հիմնադրամն իսկապես քաղաքականացված, իշխանահաճո կազմակերպություն էր։ Հենց այդ քաղաքականացվածությունն էլ բացասաբար ազդեց հիմնադրամի նկատմամբ մեր ժողովրդի ընկալման վրա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում եւ թե՛ Սփյուռքում»։ Եվ հետեւաբար՝ «Աշխատանք էր պետք, ազնիվ, մաքուր եւ հաշվետու աշխատանք»։

Ամենեւին չնսեմացնելով այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարել է հիմնադրամը անցած յոթ տարիներին, նախկին տնօրենը, սակայն, խոստովանեց, որ հինգ ամիսների «աշխատանքային մարաթոնի ընթացքում» ինքը հայտնաբերել է «բացթողումների շարք», որոնցից ամենամեծը՝ հիմնադրամի նվիրատուներին անցյալում ըստ արժանվույնս չգնահատելն է եղել։ Մինչդեռ, ըստ պրն Հովհաննիսյանի, կարեւոր էր, որ համազգային կապիտալով սնվող համահայկական հիմնադրամի համար կատարյալ հոգացություն, գուրգուրանք լիներ, որովհետեւ առանց այդ գուրգուրանքի, թափանցիկության ու ժողովրդի առաջ հաշվետվության չենք կարող երբեւէ խոսել արդյունավետ, հույս ներշնչող կազմակերպության մասին։ Այդ առումով, թերեւս ամենադժվարը դժգոհ մնացած հովանավորներին համոզելն էր ու ապացուցելը, որ հիմնադրամը վստահելի կառույց է, որպեսզի նրանք շարունակեին կատարելագործել կառույցը եւ ոչ թե նեղանալով թողնել իրենց ծրագրերը։ Ր. Հովհաննիսյանի խոստովանությամբ, չնայած «Հայաստան» հիմնադրամում կային եւ կան լավ մասնագետներ, առողջ կորիզ, այնուամենայնիվ կար եւ կա նաեւ մի փոքրամասնական խումբ, որը, դժբախտաբար, առաջնորդվում է ոչ թե պետական կամ համազգային շահով, այլ՝ «ցավոք սրտի, մեր միջավայրում չափանիշ դարձած անձնական հարստացման, պետական համազգային միջոցները անձի գրպանին ծառայեցնելու եւ համահայկականը այդ ձեւով նվաստացնելու շահով»։ «Դժբախտաբար այս կատեգորիայի մարդիկ, որոնք նաեւ երեւի տանիք են փնտրում ավելի բարձր մակարդակներում, ամենաաշխույժն են, ակտիվը, երբ հերթը հասնում է այս կամ այն հասցեին անհիմն, ստահոդ եւ իսկապես ցավալի մեղադրանքներին», ասաց Ր. Հովհաննիսյանը։

«Մենք թույլ չէինք կարող տալ, որ հիմնադրամը աշխատեր որպես առեւտրային ինչ¨որ կառույց։ Իսկապես համահայկական կառույց պիտի դառնար։ ՀՀ նախագահն ինքը ավելի մանրամասն պիտի հետաքրքրվի, ավելի հետախուզական հայացքով եւ իր մասնակցությամբ, լայնախոհությամբ ու ուղեցույցով կարողանա այնպես անել, որ հիմնադրամը համակարգային փոփոխության ենթարկվի։ Չպետք է թույլ տալ, որ հիմնադրամը զոհը դառնա մանր հովանավորչական շահերի։ Սա ամենամեծ կորուստը կլինի մեր ժողովրդի համար», եզրափակեց Ր. Հովհաննիսյանը։

Գ. ՄՈՒՔՈՅԱՆ

Հ. Գ. Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ առաջիկա օրերին։

Leave a comment